ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ոգեշնչենք

Պրակտիկ գիտելիքներ ուսանեղներին


Փետրվար 01, 2011 ԶՀԾ, սեմինար, ուսանող, կրթաթոշակառու
Մեկնարկեց "Լույս"-ի երիտասարդ փորձագետներ Անի Ոսկանյանի և Արսեն Թումանյանի առաջարկած Հմտությունների զարգացման վեցամսյա դասընթացը (ՀԶԴ)` “Ծրագրավորման հմտություններ բիզնես կիրառությունների համար”: Առաջին սեմինարը կայացավ 2011 թ. հունվարի 25-ին "Լույս" հիմնադրամի գրասենյակում:

Դասընթացին մասնակցելու հայտ ներկայացրած 60 երիտասարդները մասնագիտական թեստի և հարցազրույցի փուլեր անցան: Նրանցից 20-ը, ովքեր իմացությունների նույն մակարդակն ունեին, սկսեցին աշխատել Արսենի և Անիի հետ:

Նման սեմինար կազմակերպելու միտքը երիտասարդ ծրագրավորողները հղացել են "Լույսի" "Զարգացնենք Հայաստանը" ծրագրի ընթացքում: "Ծրագրի վրա աշխատել ենք 3-4 ամիս: Նյութերի պատրաստման և թրեյնինգի անցկացման վերաբերյալ խորհրդակցել ենք Հայաստանում նմանատիպ նախագծեր իրականացնող փորձառու մարդկանց հետ", - ասում է Անի Ոսկանյանը: Ըստ նրա՝ ծրագրի նպատակը ուսանողներին պրակտիկ գիտելիքների տրամադրումն է, և վեց ամիս անց իրենք ակնկալում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող նոր երիտասարդների տեսնել:

Դասընթացի մասնակից Վահան Ավագյանը ներկա է եղել բոլոր սեմինարներին և նյութի մատուցումը համարում է բավականին մատչելի: Նրա կարծիքով` նման դասընթացների անցկացումը շատ կարևոր է երիտասարդ ծրագրավորողների համար. "Դա մեծապես կօգնի ինձ, նաև` մյուս մասնակիցներին հետագայում բարձր վարձատրվող աշխատանք գտնելու հարցում":

"Լույս"-ի ծրագրերի ղեկավար Գայանե Ղումաշյանը դասընթացի առաջնային նպատակ է համարում տեսական գիտելիքների կիրառումն իրական կյանքում, ինչը “Լույսի” բոլոր նախագծերի առանցքային գաղափարն է: "Պետք է ընդգծել, որ դասերը երկու փուլով են իրականացվում. առաջինը մասնակիցներին հիմնական մասնագիտական գիտելիքներով ապահովելն է, իսկ հետո արդեն` դրանք կոնկրետ ծրագրերում կիրառելը: Այս վերջին փուլում, երբ Արսենի ու Անիի փոխանցած գիտելիքները լիովին բավարար լինեն կոնկրետ կայքեր մշակելու համար, ուսանողները կկիրառեն դրանք` իրենց իմացություններն առաջարկելով սկսնակ կամ օգնության կարիք ունեցող կազմակերպություններին: Այդ աջակցության արդյունքում էլ մասնակիցները ձեռք կբերեն փորձառություն և պրակտիկ գիտելիքներ",- նշեց Գայանեն:

Ծրագիրը շարունակություն է ունենալու. դասընթացի յուրաքանչյուր մասնակից իր սովորածը կփոխանցի այն երիտասարդներին, ովքեր դիմել են` ծրագրին մասնակցելու համար, սակայն չեն ընդգրկվել վեցամսյա դասընթացներում: "Մենք ուզում ենք, որ բոլոր ուսանողները ներշնչվեն նմանատիպ նախաձեռնություններից և, կիրառելով գոյություն ունեցող ամենաբազմազան հնարավորությունները, փոխանցեն իրենց գիտելիքների հարստությունը, փորձը և հմտությունները",- ասաց ծրագրերի ղեկավարը:

Դասընթացի մասնակից երիտասարդները պատրաստակամություն հայտնեցին մասնակցելու ծրագրի նման շարունակությանը և իրենց գիտելիքները փոխանցելու մյուս երիտասարդներին:

Արսենն ու Անին վստահ են. "Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը նոր հնարավորություններ կստեղծի այդ ոլորտի մասնագետների համար: Ու դրա կարևորագույն նախապայմաններից մեկը երիտասարդների ներուժի ճիշտ օգտագործումն է: Մենք հավատում ենք, որ ուսանողների եռանդը նոր շունչ կհաղորդի այս ոլորտին":

Back to top