ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ոգեշնչենք

Նոր ծրագրեր Ծաղկունքում


Մարտ 20, 2011 Ծաղկունք, scratch, Հայ-թեք, ուսանող, կրթաթոշակառու
Ի շարունակություն Ծաղկունքում մեկնարկած աշխատանքների` 2011 թ. մարտի 13-ին «Լույսը» կրկին այցելեց Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղ:

Ծաղկունքցի երեխաները թիմեր էին կազմել` «Հույս», «Զարթոնք» և «Ծաղկունք 3», և ներկայացնում էին, թե ինչպես են տեսնում Ծաղկունքը 5 տարի անց: Սեփական գյուղի ապագան բազմաբովանդակ էր` ժամանցի վայրերից` թատրոն, այգիներ, մինչև համալրված ու նորացված գրադարան, խանութներ, մանկապարտեզ:

Այնուհետև թիմերը միացան` քննարկելու և որոշելու առաջիկա անելիքները, դրանց կատարման ժամկետները, պատասխանատուներ նշանակելու և պարզելու, թե ինչ ռեսուրսներ են անհրաժեշտ այդ աշխատանքների կատարման համար:

Որոշվեց ապրիլին գյուղի մաքրման միամսյակ հայտարարել, որի ընթացքում համատեղ ուժերով մաքրվելու է գյուղը, աղբարկղեր են տեղադրվելու, ինչպես նաև ծառատունկ է կազմակերպվելու: Աշխատանքներին ավելի շատ մարդկանց ներգրավելու համար երեխաները որոշեցին նույնիսկ հայտարարություններ փակցնել գյուղում: Անելիքները շատ են` սեփական տարազ նախագծել, մանուկների համար խաղեր մշակել, դասակարգել և նկարագրել գյուղում հանդիպող բույսերը և դրանց հատկությունները և այլն:

Երեխաները առաջարկեցին Գյուղի օր սահմանել` ամենամյա մեծ տոնակատարություն, որին հրավիրվում են մասնակցելու գյուղի բոլոր բարեկամները:

Մինչ թիմերը ներկայացնում էին իրենց տեսլականը և նախագծում անելիքները, դպրոցականների մի մասն էլ ծանոթանում էր ծրագրավորման մի շարք նոր տեխնոլոգիաների: «Լույսի» "ՀԱՅԹեք" թիմը ծաղկունքցի երեխաներին ուսուցանում էր Scratch ծրագիրը, որը թույլ է տալիս պատկերացում կազմել ծրագրավորման մասին և անիմացիաներ մշակել: "Լույս" հիմնադրամի կրթական ծրագրի տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը վստահ է, որ Scratch-ը հնարավորություն կտա երեխաներին ավելի լավ ճանաչելու համակարգիչը, ժամանակին համընթաց քայլելու և իրենց գործունեության ընթացքում տեխնոլոգիաների հմտությունների պակաս չզգալու:

"ՀԱՅԹեք"-ի անդամ Հայկազ Ղարիբյանը մասնակցել է Երևանում անցկացված փորձնական ուսուցմանը և կարծում է, որ Ծաղկունքի երեխաները բավականին շուտ ընկալեցին ծրագիրը և արդեն իսկ որոշակի գաղափար ունեն ծրագրավորման մասին:

Դպրոցական Սարգիս Մկրտչյանը պարբերաբար օգտվում է համակարգչից: Իր խոսքով` մինչ այս նրա «շփումը» համակարգչի հետ սահմանափակվում էր միայն ինտերնետային սոցիալական ցանցերում ներգրավվածությամբ. «Իսկ այժմ այլ հետաքրքիր բաներ սովորեցի և ուզում եմ տիրապետել Scratch ծրագիրին»:

Այժմ ծաղկունքցիներն անհամբեր սպասում են անանձրև եղանակներին, որ սկսեն իրագործել իրենց մշակած ծրագրերը` սեփական ձեռքերով կառուցելով իրենց երազած Ծաղկունքը:

Back to top