ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ոգեշնչենք

Հայերենը` բոլորի համար


Փետրվար 15, 2011 AVC, AGBU, կրթաթոշակառու, ուսանող, դասընթաց
Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) հայկական նմանատիպ առաջին առցանց ծրագիրն է: Այն գործում է 2009 թ-ից` որպես Հայկական բարեգործական ընդհանուր միության ուսումնական հաստատություն: ՀՎՀ-ն առաջարկում է հայկական կրթության մի շարք սերտիֆիկացված ծրագրեր և կրեդիտավորված դասընթացներ` համալսարանի մակարդակով:

Մինչ օրս Հայկական վիրտուալ համալսարանն ունեցել է ուսումնական ութ շրջան, որին մասնակցել են ուսանողներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և Ռուսաստանից, Վենեսուելայից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Ռեյունիոն կղզուց և այլն։ "Ես ապրում եմ մի քաղաքում, որտեղ հայերեն սովորելու հնարավորություն չկա: Այս առումով օնլայն ուսուցումն ինձ իսկապես օգնում է",- ասում է ՀՎՀ ուսանող Ժակ Հակոբյանը: Նա 61 տարեկան է և ապրում է Ֆրանսիայում:

Այժմ ՀՎՀ-ում երեք ֆակուլտետ է գործում` լեզվի, պատմության և մշակույթի, որոնցից յուրաքանչյուրը տարբեր մակարդակների դասընթացների շարք է առաջարկում: Համալսարանում հնարավոր է սովորել վեց լեզուներով` հայերեն (արևելահայերեն և արևմտահայերեն), անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և իսպաներեն:

Ուսանողները կարող են լինել աշխարհի բոլոր ծայրերից` առանց տարիքային սահմանափակման: Հայկական արմատներ ունենալն ամենևին էլ պարտադիր չէ. "Ես ուսանողներ ունեմ, ովքեր հայ չեն, պարզապես հայ ընկերներ կամ ամուսին ունեն և հետաքրքրվում են հայոց լեզվով",-ասում է Վիրտուալ համալսարանի անգլալեզու դասախոս Մարինա Խաչատուրյանը: ՀԲԸՄ-ն ուսանողներին տրամադրում է ֆինանսական աջակցություն: "Մենք միշտ փորձում ենք աջակցել մեր ուսանողներին` նրանց կրթաթոշակ տրամադրելով, որովհետև մեր նպատակը հայապահպանությունն է ու հայկական ուսումը հասանելի դարձնելը",- ասում է ՀՎՀ զարգացման մասնագետ Թալին Ճղլեանը:

Ֆրանսալեզու դասախոս Արփինե Թավաքալյանը, նկարագրելով իր աշխատանքը, պատմեց, որ իրենց նպատակը միայն հայոց լեզու սովորեցնելը չէ. "Աշխատում ենք ամեն ինչ անել, որ մեր ուսանողներն ամբողջովին հայկականությամբ տոգորվեն",- ասում է նա:

Ըստ Արփինե Թավաքալյանի` այս ուսուցումը լուրջ հետք է թողնում ուսանողների հետագա գործունեության վրա. "Ուսանողներից մեկը, ով հենց սկզբից պարտաճանաչ մասնակցում է մեր դասընթացներին, այժմ արդեն ղեկավարում է հայկական մի դպրոցի բացման աշխատանքները Ֆրանսիայում",-ասում է նա:

ՀՎՀ ուսանող դառնալու համար կոնկրետ գիտելիքներ պետք չեն: 2011-ի գարնանային դասընթացին գրանցվելու համար դիմումների ընդունումն սկսված է:

Back to top