ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ոգեշնչենք

Տիգրան Շահվերդյանը մասնակցում է Լուսնի հետազոտման ծրագրերին


Դեկտեմբեր 12, 2012 կրթաթոշակառու, լուսնի հետազոտություն, MIPT
Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի (ՄՖՏԻ) ասպիրանտ Տիգրան Շահվերդյանը մասնակցում է Լուսնի` տիեզերական ապարատներով հետազոտման ծրագրերին: Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտը, որտեղ Տիգրանն աշխատում է իր թեկնածուական թեզի վրա, այժմ զբաղվում է լուսնի հետազոտման համար ստեղծվող տիեզերական երկու ապարատների` «Լունա-Ռեսուրս»-ի և «Լունա-Գլոբ»-ի համար գիտական սարքերի ստեղծման աշխատանքներով: Դրանց իջեցումը նպատակ ունի հետազոտելու ռեգոլիտը` լուսնի վրայի «հողը», և նախատեսվում է կատարվել համապատասխանաբար 2013 և 2014 թթ.-ին:

Գիտական խումբը, որի մեջ մտնում է Տիգրանը, զբաղվում է լիցքավորված և չեզոք մասնիկների գրանցման սարքի ստեղծման աշխատանքներով, որը տեղադրվելու է «Լունա-Ռեսուրս» ապարատի վրա: Տիգանը նաև «Լունա-Գլոբ» ապարատի վրա տեղադրվող նմանատիպ սարքի, որի ստեղծման աշխատանքներով զբաղվում է Շվեդական տիեզերական ֆիզիկայի ինստիտուտը, ռուսաստանյան գլխավոր գիտնականն է:

«Բացի զուտ գիտական աշխատանքից, լաբորատորիայում շատ գործ կա անելու: Ղեկավարս բաժանել է այդ գործերը խմբի անդամների միջև՝ ըստ տարբեր աշխատանքների նկատմամբ մեր հակումների»,- նշում է Տիգրան Շահվերդյանը: Այդ ընտրությունը, ըստ էության, կարելի է հիմնավորել նրանով, որ Տիգրանը բավականին փորձ ունի` որպես ղեկավար. մեկ ու կես տարի եղել է Մոսկվայում Հայ երիտասարդության մտավոր փոխազդեցության հանրության (Սիվամ) կրթական ծրագրերի ղեկավար, իսկ արդեն 2010 թ-ից գլխավորում է ՄՖՏԻ-ի Հայկական ուսանողական ասոցիացիան:

«Ասոցիացիայի նպատակն է ստեղծել "ֆիզտեխների" մի գիտական ցանց, որը կծառայի` ի շահ իր անդամների, հասարակության և Հայկական աշխարհի: Այն կմիավորի Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի` հայկական արմատներ ունեցող ուսանողներին, շրջանավարտներին, ապագա դիմորդներին, ինչպես նաև այն մարդկանց, ովքեր հետաքրքրվում են ինստիտուտով, գիտությամբ, նորարարությամբ ու հայկական մշակույթով», - նշում է Տիգրանը: Դեռ անցյալ տարվա փետրվարից իրենք սկսել են մշակել ասոցիացիայի կանոնադրությունը: «Հայկական ուսանողական ասոցիացան ստեղծելու ժամանակ մենք խորհրդակցել ու աշխատել ենք Ֆիզտեխի հայկական արմատներ ունեցող մի շարք կայացած շրջանավարտների հետ»,- մանրամասնեց նա:

Ներկայումս ասոցիացիան աշխատում է գիտական ծրագրերի առաջադրման և մենթորության մշակույթի ձևավորման ուղղությամբ՝ ավելի շատ հայկական արմատներ ունեցող ուսանողներ ներգրավելով որպես սաներ և մենթորներ: Երիտասարդ տիեզերագետն ասում է. «Երբ նոր էի եկել Ֆիզտեխ (ՄՖՏԻ), աջակցության շատ մեծ կարիք ունեի. հայտնվել էի բոլորովին նոր միջավայրում, ու չկար մեկը, ում կարող էի դիմել կամ խորհուրդ հարցնել բազում հարցերի վերաբերյալ: Այսօր Հայաստանից եկած ուսանողների մեջ ես ինձ եմ տեսնում»:


Back to top