ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ոգեշնչենք

Փոքրիկների մեծ տեսլականն իրենց Ծաղկունքի մասին


Դեկտեմբեր 12, 2012 Ծաղկունք, տեսլական, երեխաներ, Luys cafe
2011-ի փետրվարի 13-ին "Լույսը" դարձյալ Սեւանի մոտակայքում գտնվող Ծաղկունք գյուղում էր: Ամռանն այստեղ անցկացված "Զարգացնենք Հայաստանը" ծրագրի շրջանակներում ստացած տպավորություններով` գյուղի երեխաներն սպասում են մեզ նաև այս ամառ:

Անցյալ տարվա ծրագրում ներառված էին ֆիզիկայի, աստղագիտության, հայոց լեզվի, էթիկայի դասեր, երեխաները համախմբվեցին տարբեր աշխատանքների շուրջ` մաքրելով եւ նորոգելով գյուղի ֆուտբոլի դաշտը, օգնելով ծաղկունքցի զոհված ազատամարտիկի տարեց ծնողներին: Իսկ թե ինչի վրա են աշխատելու իրենք, ու ինչպես են "Լույսի" ուսանողներն աջակցելու իրենց այս տարի, որոշեցին հենց իրենք` երեխաները:

Ծաղկունքի դպրոցում "Luys café" մեթոդով անցկացված քննարկումը երկու հիմնական հարցեր էր շոշափում. նախ` իˆնչն է առավելապես տպավորվել ծաղկունքցիների մեջ "Լույսի" ամառային "Զարգացնենք Հայաստանը" ծրագրից, և երկրորդ` ինչպեˆս են իրենք պատկերացնում "Լույսի" հետ համատեղ աշխատանքի շարունակությունը:

"Սրանք այն հարցերն են, որոնք ստիպում են ամեն անհատի մտածել իր բնակավայրի վաղվա օրվա մասին: Այս ընթացքում բոլորիս երազանքները միավորվում ու դառնում են գործ",- ասում է "Լույսի" վեբ մենեջեր Հարութ Աբրահամյանը, ով ԶՀԾ-ի շրջանակներում մեկնել էր Ծաղկունք:

Պարզվեց, որ անելիքները շատ են` զբոսայգի, մանկապարտեզ, ջրագիծ, ընթերցասրահ, գյուղի քարտեզ և, վերջապես, գործարան ու բանկ: Փոքրիկների մտքի թռիչքը գրի առնելուց հետո "Լույսի" թիմը նրանց առաջարկեց մինչև ամառ սկսել փոքր գործեր իրականացնել: Երեխաները խոստացան կազմել գյուղի ամբողջական քարտեզը, որը կօգնի "լույսիկների" հետ ամռանն իրականացվող աշխատանքներում:

Ըստ "Լույսի" կրթական ծրագրի տնօրեն Ժաքլին Կարաասլանյանի` ամենակարևորն այս հարցադրումներում երեխաների պատրաստակամությունն է ու սեփական ուժի գիտակցումը:

Փոքրիկ ծաղկունքցիները նաև "Լույսի" մասին պաստառ էին պատրաստել` գրելով իրենց տպավորությունների մասին: "Լույսի" մեր շապիկների ձախ անկյունում` ծառի վրա խորհրդանշվող երեխաներից մեկն էլ ես եմ,- նշված է դպրացական Ռիմա Կարապետյանի պատրաստած պաստառի վրա:

"Լույսի" թիմը Ծաղկունքից վերադարձավ նոր մտքերով ու ծրագրերով լի` պատրաստվելու 2011 թ-ի "Զարգացնենք Հայաստանը" ծրագրին: Իսկ հաջորդ հանդիպումը կկայանա արդեն սույն թվականի մարտի 12-ին:

Back to top