ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ոգեշնչենք

Ստարտ Արմենիա դրամաշնորհ. 2016-2017 ձեռներեցության մրցույթի պարգևատրման արարողություն


Մարտ 20, 2017

2017 թ․ մարտի 17-ին ՀՀ նախագահ, «Լույս» հիմնադրամի համահիմնադիր Սերժ Սարգսյանը հանդիպում ունեցավ «Լույս» հիմնադրամի համայնքի՝ աշխարհի լավագույն համալսարաններում կրթություն ստացած և ստացող հայ երիտասարդների հետ։

Հանդիպման սկզբում «Լույսի» կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը հակիրճ ներկայացրեց Հիմնադրամի վերջին շրջանի ձեռքբերումներն ու առաջիկա ծրագրերը՝ ընդգծելով առաջնակարգ կրթության կարևորությունը երկրի զարգացման գործում։ «Մենք մշակութային ու կրթական վիթխարի ժառանգություն ունենք, որից պիտի սնվենք՝ նորը կառուցելու և աշխարհի առաջատար երկրներին համաքայլ ընթանալու համար»,-նշեց տիկին Կարաասլանյանը։

Նա խոսեց նաև «Ստարտ Արմենիա» մրցույթի մասին, որի նպատակն է ուղղակիորեն նպաստել Հայաստանում գիտելիքահենք ձեռներեցության զարգացմանը։ Այնուհետ մրցույթի ժյուրիի անդամներ Արամ Փախչանյանը («Այբ» դպրոցի տնօրեն, ABBYY ընկերության փոխնախագահ) և Սերգեյ Ավետիսյանը («Իդրամ» ընկերության տնօրեն) պատմեցին մրցույթին ներկայացված նախագծերից ստացած տպավորության մասին և ներկայացրին այս տարվա հաղթողներին։

20.000 ԱՄՆ դոլար մրցանակին արժանացած սկսնակ ձեռնարկությունը ներկայացնում էր «Լույսի» շրջանավարտ Նարեկ Ասլիկյանը։ Armenian Code Academy (Ծրագրավորման հայկական ակադեմիա) ընկերությունը ՏՏ և ծրագրավորման գործնական ուսուցման կենտրոն է երիտասարդ մասնագետների համար․ այստեղ ծրագրավորման հմտություններ են ստանում սկսնակ մասնագետները, իսկ փորձառուները զարգացնում են ունեցած գիտելիքն ու հայկական ՏՏ շուկայում պահանջված մասնագետ դառնում։

10.000 ԱՄՆ դոլար մրցանակը հանձնվեց Alaverdi Hub (Ալավերդի Հաբ) նախագծին, որի հեղինակներն են «Լույսի» կրթաթոշակառուներ Գրիգորի Ենիկոլոպովը, Ռոբերտ Փանոսյանը, Րաֆֆի Մարտիրոսյանը, Պոլ Մաթևոսյանը և Տանյա Սարկիսյանը։ Երիտասարդների թիմը ծրագրում է գիտության ժամանակակից թանգարան հիմնել Լոռիում՝ Ալավերդի քաղաքում, որը կխթանի մարզի զարգացումը՝ ստեղծելով զբոսաշրջային, կրթական ու ժամանցային նոր և նորարարական ենթակառուցվածքներ։

Ձեռներեցության մրցույթի հաղթողները ներկայացրին իրենց նախագծերը և պատասխանեցին ներկաների հարցերին։ Հանրապետության նախագահը նրանց հանձնեց մրցանակները՝ մաղթելով նոր հաջողություններ ու ձեռքբերումներ: ««Լույսը» հավերժ շարունակելու է իր գործունեությունը և մշտապես իր նպաստն է բերելու Հայաստանի զարգացմանը: Մենք միշտ աջակցելու ենք այն երիտասարդներին, ովքեր ունակ են սովորելու աշխարհի լավագույն բուհերում, բայց հնարավորություն չունեն: Ունակությունը ձեզնից, հնարավորությունները՝ մեզնից»»,- ընդգծեց նախագահ Սարգսյանը և նշեց, որ ուսյալ մարդկանց, երիտասարդների շնորհիվ է գալու մեր երկրի վերածնունդը:


Back to top