ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ոգեշնչենք

Irava-Tech. առաջին իրավատեխնոլոգիական համաժողովը Հայաստանում


Ապրիլ 21, 2017
ՆՊԱՏԱԿ

Դինամիկ զարգացող ստարտ-ափները՝ սկսնակ ձեռնարկությունները, տնտեսական աճի շարժիչ ուժն են։ Սկսնակ ընկերությունների գործունեությունից առավելագույն արդյունքը քաղելու համար պետք է հասկանալ նրանց զարգացման դինամիկան ու խթանները։ Տեխնոլոգիական ընկերությունների զարգացումը, օրինակ, ուղղակիորեն պայմանավորված է նրանց՝ մտավոր սեփականությունը (IP) պաշտպանելու կարողությամբ։ Այս հարցում մեծ դեր է խաղում մտավոր սեփականություն ստեղծելու, այն կառավարելու և պաշտպանելու մասին ունեցած հիմնարար գիտելիքը, որը թույլ է տալիս առավել մեծ թվով ներդրումներ գրավել, պաշտպանվել մրցակցությունից և ավելացնել ընկերության հանդեպ վստահությունը։

Այդուամենայնիվ, շատ ձեռներեցներ բավականաչափ պատրաստված չեն՝ զբաղվելու իրավական և ֆինանսական խնդիրների լուծմամբ։ Հայաստանում ՏՏ ոլորտի ձեռնարկությունների ստեղծումն ու զարգացումը խթանելու, ինչպես նաև նրանց կողմից վենչուրային կապիտալի ներգրավում ապահովելու նպատակով «Լույսի» իրավաբան կրթաթոշակառուների մի թիմ՝ Բերկլիի համալսարանի ուսանողներ Նարե Գ․ Ալեքսանյանը և Կառլա Ղարիբյանը նախաձեռնեցին ու մշակեցին Հայաստանում առաջին իրավատեխնոլոգիական համաժողովի հայեցակարգը, որի նպատակն է լրացնել Հայաստանի ՏՏ ոլորտի համար իրավական դաշտում գոյություն ունեցող բացերը։

ԾՐԱԳԻՐ

Այս մտահղացմանը շուտով միացան նաև Հարվարդում սովորող «Լույսի» երկու իրավաբան կրթաթոշակառուներ Էդուարդ Գրիգորյանն ու Կոլետ Ղազարյանը, և համաժողովի կազմակերպիչ քառյակը վերջնականորեն ձևավորվեց։ Irava-Tech-ն իրավատեխնոլոգիական համաժողով է, որն իրականացվեց «Լույս» հիմնադրամի «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրի շրջանակներում, և որի ընթացքում կազմակերպվեցին դասախոսություններ և ինտերակտիվ քննարկումներ, որոնց նպատակն էր խրախուսել ձեռներեցներին՝ առավելագույնի հասցնելու իրենց գաղափարների արժեքն ու խթանելու Հայաստանի տնտեսական զարգացումը։ Ծրագիրն իր շուրջ միավորեց աշխարհի լավագույն համալսարաններում սովորող կամ կրթություն ստացած իրավաբանների և տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիրչների, ովքեր փորձեցին սահմանել մարտահրավերները և դրանց լուծման ուղղությամբ անելիքների փաթեթ մշակել։



ԻՐԱԳՈՐԾՈՒՄ

Համաժողովի առաջին օրվա թեման մտավոր սեփականության և տվյալների գաղտնիության ապահովման վերաբերյալ էր: Թեման ներկայացնում էին բանախոսներ Սան Ֆրանցիսկոյից, Ժնևից և Երևանից։ Մասնակիցները հնարավորություն ունեցան քննարկելու իրավական այն ամենամեծ խոչընդոտները, որոնց կարելի է հանդիպել ստարտ-ափը զարգացնելու ընթացքում։ Նրանք նաև ծանոթացան իրավական գործիքների, որոնք թույլ կտան խուսափել մտավոր սեփականության իրավունքի խախտումներից։

Երկրորդ օրվա թեման վերաբերում էր հարկային արտոնություններին, վենչուրային կապիտալի ներգրավմանն ու բանակցություններին։ Բարձրակարգ որակավորում ունեցող փաստաբաններն ու հարկային մասնագետները ներկայացրին մասնակիցներին՝ ինչպես արդյունավետ բանակցել VC ընկերությունների հետ, ինչպես օգտվել տեխնոլոգիական ընկերությունների համար նախատեսված հարկային և այլ արտոնություններից։ Համաժողովի բոլոր մասնակիցները երկրորդ օրվա վերջում հրավիրվեցին մասնակցելու ամփոփիչ հանդիպմանն ու ընդունելությանը՝ քննարկելու ձեռք բերած նոր գիտելիքը։

ԱՐԴՅՈՒՆՔԵՐ

Համաժողովի ավելի քան 100 մասնակցիները մեծ հետաքրքրությամբ ներգրավվեցին ինտերակտիվ քննարկումներում՝ ներկայացնելով փոքր բիզնեսի և ստարտ-ափների համար Հայաստանում առկա իրավական ու հարկային ամենատարբեր խոչընդոտներ։ Բանախոսների պատասխաններն ու խորհուրդները, կարծում ենք, բազմակողմանի էին ու հասցեական և կարող են հեշտորեն ներդրվել ընկերությունների գործունեության մեջ՝ առավել արդյունավետ ու պակաս ռիսկային դարձնելով այն։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Համաժողովը հաստատեց Հայաստանում իրավունքն ու տեխնոլոգիաները համատեղող հարթակի անհրաժեշտությունը, որը կմիավորի գործարարներին և իրավաբաններին՝ ապահովելով առաջիններին իրենց ընկերությունները տեղի և արտերկրի շուկաներում զարգացնելու համար անհրաժեշտ իրավական գործիքներով ու ռեսուրսներով։ Սա ընդամենը երկխոսության, այդքան անհրաժեշտ համագործակցության սկիզբն էր, իսկ ապագայում ծրագրվում է համաժողովի մասշտաբների ընդլայնում և այլ բարձրակարգ մասնագետների ներգրավում ամբողջ աշխարհից։

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ևս հաստատեց երկրում իրավական ու տեխնոլոգիական ոլորտների երկխոսության զարգացման անհրաժեշտությունը՝ նշելով, որ համաժողովն այն եզակի միջոցառումներից էր, որի մասին տեղեկանալուց հետո մասնակցելու հայտ և աջակցելու պատրաստակամություն էր հայտնել հենց նախարարությունը։



ՀԱՋՈՐԴՈՂ ՔԱՅԼԵՐ

Irava-Tech-ի կազմակերպիչ թիմն արդեն իսկ կազմել է համաժողովին հաջորդող քայլերի ցանկը․

  • հանդիպել Բերկլիի իրավատեխնոլոգիական կենտրոնի (BCLT) գործադիր տնօրենի հետ` խթանելու BCLT-ի և Irava-Tech-ի միջև համագործակցությունը։
  • Համագործակցել Ամերիկյան իրավաբանների ընկերակցության Իրավունքի գերակայություն նախաձեռնության գրասենյակի և Հայաստանի Ամերիկյան Համալսարանի հետ` բարելավելու իրավաբանական կլինիկաների ինստիտուտը և Հայաստանում գործող բոլոր այդ կլինիկաների միջոցով անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրել գործարար ոլորտի զարգացման համար։
  • Համագործակցել ՀՀ արդարադատության նախարարության հետ` աջակցելով վերջինիս նախաձեռնությունը՝ էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու առաջարկվող իրավաբանական բարեփոխումները և դրանք քննարկելու, վերջնակազմելու հանրության հետ։
  • Թեմաներ ընտրել Irava-Tech-ի՝ 2018-ի գարնանը կայանալիք երկրորդ ամենամյա համաժողովի համար՝ հիմնվելով մասնակիցների կարծիքների, արտահայտած հետաքրքրության և անցկացված հարցումների վրա։
  • Առաջադրել Irava-Tech-ը որպես «Լույսի» «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրի հատուկ նախագծերից մեկը, որը հնարավորություն կընձեռի աշխարհի լավագույն համալսարաններում սովորող «Լույսի» իրավաբան այլ կրթաթոշակառուներին մասնակցելու ԶՀՄ ծրագրին և այդպիսով համակարգելու Irava-Tech-ի հաջորդ միջոցառումները (սա նաև թույլ կտա համաժողովի համահիմնադիրներին և «Լույսի» իրավաբան այլ շրջանավարտների մասնակցել որպես փորձագետներ, երբ վերջիններս որակավորված իրավաբանի հավաստագիր ստանան)։
  • Զարգացնել Irava-Tech-ի գաղափարը որպես բիզնես նախագիծ և այն ներկայացնել «Լույսի» Ստարտ Արմենիա ձեռներեցության դրամաշնորհի մրցույթին:


Երախտագիտության խոսք Նարե Գ․ Ալեքսանյանի և Կառլա Ղարիբյանի կողմից

Մենք կցանկանայինք մեր խորին շնորհակալությունը հայտնել «Լույս» հիմնադրամին, «Լույսի» ամբողջ թիմին, մենթիներին և պրակտիկանտներին Irava-Tech-ի հաջողության գործում ունեցած կարևոր նշանակության, տրամադրած ժամանակի և ներդրած ջանքերի համար։ Շնորհակալություն ենք հայտնում համաժողովի կազմակերպմանը մեծապես աջակցած մյուս հաստատություններին՝ Ամերիկյան իրավաբանների ընկերակցության Իրավունքի գերակայություն նախաձեռնության գրասենյակին, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի իրավագիտության մագիստրոսական ծրագրին, Pepsi Armenia ընկերությանը։ Հատուկ շնորհակալություն ենք ուզում հայտնել նաև «Լույսի» շրջանավարտ, ADR Partners-ի հիմնադիր, Three Crowns LLP-ի անդամ Մուշեղ Մանուկյանին և «Լույսի» շրջանավարտ, LegalLab իրավաբանության բուտիկի հիմնադիր գործընկեր Ստեփան Խզրթյանին, ինչպես նաև բոլորին, ովքեր աջակցել են այս նախաձեռնությանը՝ համաժողովի համակազմակերպիչներ Կոլետ Ղազարյանին և Էդուարդ Գրիգորյանին, ովքեր միացան Irava-Tech-ի առաքելությանը և մեծ ներդրում կատարեցին։ Եվ, վերջապես, շնորհակալություն ենք հայտնում համաժողովի բոլոր բանախոսներին տրամադրած ժամանակի և Հայաստանում ձեռներեցության էկոհամակարգի զարգացմանն աջակցող այս նախաձեռնությանը մեծ նվիրվածությամբ մասնակցելու համար։

Բանախոսներ

Աշոտ Արզումանյան
smartgate.vc, համահիմնադիր

Ադելաիդա Բաղդասարյան
ՀԱՀ իրավագիտության մագիստրոսական ծրագրի ղեկավարի պաշտոնակատար; PicsArt LLC, իրավախորհրդատու

Նարինե Բեգլարյան
Concern-Dialog իրավաբանական կազմակերպություն, գործընկեր

Հասմիկ Հակոբյան
Ամերիկյան իրավաբանների ընկերակցություն, Օրենքի գերակայության նախաձեռնություն-Հայաստան, փոխտնօրեն

Սարկիս Կնյազյան
Knyazyan & Partners, կառավարիչ գործընկեր

Նշան Հ․ Մաթևոսյան
ՀԱՀ, դասախոսի օգնական; Arlex International ՓԲԸ, գործընկեր

Գևորգ Ներսիսյան
Grant Thornton, հարկային գծով ավագ խորհրդական

Խաչատուր (Խաչիկ) Պապանյան
Hickman Palermo Becker Bingham LLP, արտոնագրերի տրամադրման մասնագետ

Մանե Սարգսյան
Nestlé S.A. (Շվեյցարիա), իրավախորհրդատու

Մարինե Սարգսյան
Edgeworth Economics ՍՊԸ, կառավարիչ-խորհրդատու


Խնդրում ենք մեզ ուղարկել Irava-Tech-ի հայեցակարգը զարգացնելու հետ կապված ձեր դիտարկումներն ու առաջարկները՝ գրելով info@luys.am էլ․ հասցեին։


Back to top