ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ոգեշնչենք

Խթանենք գերազանցությունը կրթության ոլորտում


Սեպտեմբեր 27, 2016

Շվեյցարիայի կառավարության «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագիր
Գործարկվում է «Լույս» հիմնադրամի հետ համագործակցությամբ

Շվեյցարիայի կառավարության «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագիրը նախատեսված է արտերկրի երիտասարդ գիտնական-հետազոտողների համար, ովքեր ցանկանում են հետբուհական կրթություն ստանալ Շվեյցարիայի առաջատար գիտական կենտրոններում: Ամեն տարի Շվեյցարիայի Համադաշնությունը կրթաթոշակներ է տրամադրում՝ խրախուսելով գիտական փոխանակումը Շվեյցարիայի և շուրջ 180 երկրների միջև: Հայաստանում կրթաթոշակի տրամադրման ծրագիրը համագործակցությամբ իրականացնում են Շվեյցարիայի դեսպանատունը և «Լույս» հիմնադրամը:

2012-2016 թթ. Շվեյցարիայի կառավարության «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագրի շահառու են դարձել 8 հայ երիտասարդ գիտնականներ՝ հնարավորություն ստանալով իրենց հետբուհական կրթությունը շարունակելու Շվեյցարիայում և ձեռք բերելով տարբեր ոլորտների առաջատար գիտելիքն ու նորարարական հմտությունները:

Շվեյցարիայի կառավարության «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագրի շահառուների հաշվետվությունները




Բժշկություն / Կլինիկական հոգեբանություն

Բեռնի համալսարան
Ասպիրանտուրա
Լիլիթ Ղահրամանյան
«Մեր հետազոտության արդյունքները կարևոր նշանակություն կունենան քրոնիկ անքնության բուժման համար նոր ուղեցույցեր կամ տեխնիկաներ մշակելու գործում»։
Անվանում - Անհեդոնիայի ազդեցությունը կոգնիտիվ-վարքային թերապիայի արդյունքների վրա ինսոմնիա ունեցող պացիենտների շրջանում
Քրոնիկ անքնությունն ամենատարածվածն է քնի խանգարումներից, որը հաճախ ուղեկցվում է դեպրեսիայով։ Անքնության և դեպրեսիայի կապը երկկողմանի է, որն էլ հաճախ վերածվում է արատավոր շրջանի և դժվարություն է առաջացնում տարբերակելու պատճառն ու հետևանքը։ Դժվար է մինչև վերջ հասկանալ, թե որն է անքնություն-դեպրեսիա կապի իրական պատճառը և վերջնական պատասխանել, թե ինչու են այս երկու խանգարումները սովորաբար միասին հանդես գալիս։ Սակայն կան որոշակի ենթադրություններ և դրանցից մեկի համաձայն այս կապը բացատրվում է նեյրոկենսաբանական մեխանիզմներով, որոնցից շատերը կարևոր դեր ունեն և՛ անքնության, և՛ դեպրեսիայի պատկերում։

Անքնությունը սովորաբար բուժման է ենթարկվում դեպրեսիայի հետ միասին, իսկ ոչ դեղորայքային բուժման մեթոդներն էլ համարվում են արդյունավետ այս խնդիրը շտկելու համար։ Ոչ դեղորայքային բուժման մեթոդներից առավել արդյունավետը անքնության կոգնիտիվ-վարքային թերապիան է (Ա-ԿՎԹ)։ Ա-ԿՎԹ-ն օգնում է ոչ միայն ուղղակի ազդեցություն ունենալ անքնության նկատմամբ, այլև հնարավորություն է տալիս կանխարգելել հետագա դեպրեսիվ էպիզոդների առաջացումը մարդու մոտ։

Անհեդոնիան սահմանվում է որպես հաճույք ստանալու ունակության բացակայություն այն ակտիվություններից, որոնք նախկինում մարդուն հաճույք են պատճառել։ Այդ ակտիվությունները կարող են լինել ինչպես ուտելը, սեռական ակտիվությունը, հպումները, այնպես էլ սոցիալական շփումները և այլն։ Անհեդոնիան համարվում է դեպրեսիայի առանցքային ախտանիշներից մեկը։ Դեպրեսիայի շրջանակում անհեդոնիան այն ախտանիշներից է, որն ամենավերջինն է կարգավորվում ի պատասխան դեղորայքային բուժմանը։ Սակայն, անհեդոնիան, միշտ չէ, որ ուղեկցվում է դեպրեսիայով, և կարող է նաև միայնակ հանդես գալ։

Մեր հետազոտություն նպատակն է բացահայտել անհեդոնիայի դերը անքնություն-դեպրեսիա շղթայում, և տեսնել, թե անհեդոնիան ինչ ազդեցություն է ունենում կոգնիտիվ-վարքային թերապիայի արդյունքի վրա։

Համաձայն մեր վարկածի՝ անհեդոնիայի առկայությունը կարող է նվազեցնել կոգնիտիվ-վարքային թերապիայի արդյունքը՝ դարձնելով անքնությունը դժվար վերահսկելի և առավել կայուն բուժման նկատմամբ։ Այս հետազոտության արդյունքները հետագայում հնարավորություն կտան անհեդիոնիան օգտագործել որպես թերապիայի արդյունքները կանխատեսող գործոն։ Իսկ մյուս կողմից, անքնության կոգնիտիվ-վարքային թերապիայում անհեդոնիան ներառել որպես աշխատանքի թիրախ, որն էլ կնպաստի թերապևտիկ առավել լավ արդյունքների անքնություն-դեպրեսիա շղթայում։






Երկրաբանություն

Ժնևի համալսարան
Դոկտորանտուրա
Սամվել Հովակիմյան
«Ես հավատում եմ, որ ձեռք բերածս գիտելիքները, փորձն ու միջազգային գիտական կապերը կարող են արժեքավոր ներդրում ունենալ Հայաստանում մետաղային օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանության և հանքային արդյունաբերության զարգացման գործում»։
Ժնևի համալսարանում իրականացվող իմ հետազոտությունները վերաբերում են Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող մետաղային օգտակար հանածոների հանքավայրերի ուսումնասիրություններին, որոնք ունեն կարևոր նշանակություն Հայաստանի տնտեսության համար։ Հետազոտությունների արդյունքները հնարավորություն են տալիս պարզել մետաղային հանքավայրերի՝ պղնձի, մոլիբդենի, ոսկու առաջացման պայմանները և տեղաբաշխման օրինաչափությունները։ Այդ արդյունքները կարող են կիրառվել հանքային ռեսուրսների նոր հեռանկարային տեղամասերի հայտնաբերման նպատակով։

Հետազոտությունների ընթացքում ստացված արդյունքները ներկայացվել են մի շարք միջազգային կոնֆերանսներում՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ավստրիայում և Շվեյցարիայում։ Աշխատանքների արդյունքները ամփոփված են երկու մենագրություններում, որոնք պատրաստում ենք տպագրման միջազգային գրախոսվող պարբերականներում։

Շվեյցարիայի Կառավարության Գերազանցության Կրթաթոշակի շնորհիվ իրականացված հետդոկտորական հետազոտությունների դրական արդյունքները հիմք հանդիսացան շարունակելու մեր աշխատանքները Հայաստանի օգտակար հանածոների հանքավայրերի ուսումնասիրության ուղղությամբ։

Ներկայումս ես շարունակում եմ հետազոտություններ իրականացնել Ժնևի համալսարանի Երկրի մասին գիտությունների դեպարտամենտում՝ որպես հրավիրված հետազոտող։ Մենք շարունակում ենք ստանալ նոր արժեքավոր տվյալներ ժամանակակից լաբորատոր սարքավորումների կիրառությամբ, որոնք ներկայումս հասանելի չեն Հայաստանում։

Ես հավատում եմ, որ այս հետազոտությունների արդյունքները, ինչպես նաև ձեռք բերված գիտելիքները, փորձն ու միջազգային գիտական կապերը կարող են արժեքավոր ներդրում ունենալ Հայաստանում մետաղային օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանության և հանքային արդյունաբերության զարգացման գործում։





Բժշկագիտություն

Բեռնի համալսարան
Ասպիրանտուրա
Բաբկեն Ասատրյան
«Բեռնի համալսարանում իմ կրթությունն արդեն իսկ դրական ազդեցություն է թողել գիտելիքներիս և փորձառությանս վրա, և ես հավատացած եմ, որ կկարողանամ օգտագործել դրանք Հայաստանում առողջապահական համակարգը բարելավելու նպատակով»։
Ես կատարում եմ թեկնածուական հետազոտություններ Բեռնի համալսարանում` սրտաբանության ֆակուլտետում։ Իմ դոկտորական հետազոտությունները կենտրոնացած են են սրտի կաթվածի և հանկարծամահության ուսումնասիրության վրա, հատկապես երիտասարդ բնակչության շրջանում։ Նախորդ ակադեմիական տարվա ընթացքում ես բարելավել եմ գիտելիքներս կյանքին սպառնացող սրտային առիթմիայի բնագավառում։ Նաև ուսումնասիրել եմ Շվեյցարիայում սրտային հանկարծամահության պատճառներն ու հանգամանքները և դրա մասին բանավոր զեկույց ներկայացրել 2016 թ․ Լոզանում կայացած շվեյցարացի սրտաբանների միության ամենամյա համագումարին։ Մեր թիմի գլխավոր նպատակն է ուսումնասիրել սրտային հանկարծամահության գենետիկ պատճառներն ու առավել լավ պաշտպանվածությամբ ապահովել վերապրածներին և նրանց ընտանիքի անդամներին, ովքեր դեռևս ախտանշաններ չունեն։

Թեև դեռ ընդամենը մեկ տարի է, ինչ այստեղ եմ սովորում, սակայն արդեն խորացրել եմ գիտելիքներս նեղ մասնագիտական ոլորտում։ Փորձառու բժիշկ-գիտնականների հետ շփումը, համալսարանի կրթական դասընթացներին հետևելը և հետազոտական խմբի բազում քննարկումները հավանաբար լավագույն խթանն էին բարձր հետաքրքրվածության և ուղղորդված ընթերցանության համար։ Ընդհանուր առմամբ, Բեռնի համալսարանում իմ կրթությունն արդեն իսկ շատ մեծ դրական ազդեցություն է թողել իմ գիտելիքների և փորձառության վրա, և ես հավատացած եմ, որ կկարողանամ օգտագործել դրանք Հայաստանում առողջապահական համակարգը բարելավելու նպատակով։





Միջառարկայական հետազոտություն / Հոգեբանության և իրավագիտություն

Բազելի համալսարան
Դոկտորանտուրա
Մերի Ավետիսյան
«Թեև հետազոտությանս թեման ուղիղ կապ չունի Հայաստանի հետ, ես հավատացած եմ, որ այս կրթաթոշակի շնորհիվ ստացածս բոլոր հմտություններն ու գիտելիքներն ապագայում կիրառում կստանան նաև Հայաստանում»։
Հետազոտական հետաքրքրությունս երկու ուղղություն ունի, և երկուսն էլ ուղղակի կամ անուղղակի կերպով առնչվում են Շվեցարիայի կառավարության «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագրի հետ:

2014 թ. Գերազանցության կրթաթոշակի շահառու դարձա՝ հնարավորություն ստանալով որպես Բազելի համալսարանի իրավագիտության ֆակուլտետի գիտաշխատող Շվեյցարիայի դատական համակարգի վերաբերյալ հետազոտություն իրականացնելու՝ «Switzerland’s Hidden Sentencing System: Prosecutorial Decision Making in Summary Penalty Orders» թեմայով:

Հետազոտությունը ներկայացվել է Հոգեբանների և իրավաբանների եվրոպական ասոցիացիայի ամենամյա կոնֆերանսին, որը տեղի է ունեցել 2015 թ. Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում: Համալսարանում սովորելուն զուգահեռ սերտորեն համագործակցել եմ ոչ միայն իմ գիտական ղեկավարի թիմի անդամների, այլև հոգեբանության ֆակուլտետի հետազոտողների հետ: Ներկայումս աշխատում եմ գիտական հոդվածի վրա, որը մինչև այս տարվա վերջ կտպագրվի միջազգային հայտնի ամսագրերից մեկում:

Թեև հետազոտությանս թեման ուղիղ կապ չունի Հայաստանի հետ, ես հավատացած եմ, որ այս կրթաթոշակի շնորհիվ ստացածս բոլոր հմտություններն ու գիտելիքներն ապագայում կիրառում կստանան նաև Հայաստանում:





Կրթության կառավարում

Սուրբ Գալենի համալսարան
Ասպիրանտուրա
Անի Հովհաննիսյան
«Ցանկանում եմ, որ հետազոտությունս իր ուրույն ներդրումն ունենա հայկական բարձագույն կրթության ոլորտում կատարվող բարեկարգումների գործընթացում»։
2015 թվականից ասպիրանտական կրթություն եմ ստանում Շվեյցարիայի Սուրբ Գալեն (St. Gallen) քաղաքի համանուն համալսարանում։ Դիսերտացիոն հետազոտությանս շրջանակներում հետաքրքրված եմ ՀՀ բարձրագույն կրթության ոլորտում առկա բարեխղճության խաթարումների դրսևորումներով։ Փորձում եմ բացահայտել, թե ինչպես եմ վերոնշյալ խաթարումները ազդում ինչպես ուսանողների, այնպես էլ դասախոսների ուսումնական մոտիվացիայի վրա։ Հետազոտությունս դեռևս սկզբնական փուլում է։ Իմ հեռահար նպատակն է, որ այս հետազոտությունը իր ուրույն ներդրումն ունենա հայկական բարձագույն կրթության ոլորտում կատարվող բարեկարգումների գործընթացում։

Շվեյցարիայի կառավարության գերազանցության կրթաթոշակն ինձ հանրավորություն տվեց իրագործելու երազանքս, այն է՝ սովորել արտերկրում, ձեռք բերել արժեքավոր գիտելիքներ, զարգացնել հետազոտական հմտություններ ու որակներ, ինչը թույլ կտա իրականացնել գիտականորեն վալիդ և համապարփակ հետազոտություններ։ Մեծ երջանկությամբ ու պատրաստակամությամբ կկիսեմ իմ գիտելիքներն ու փորձառությունը հայսատանյան իմ գործընկերների հետ՝ ի նպաստ ՀՀ կրթական համակարգի զարգացման։





Քիմիա, կենսաբժշկական հետազոտություն

Ժնևի համալսարան
Դոկտորանտուրա
Մարիամ Մնացականյան
«Իմ նպատակն է Հայաստանում զարգացնել բնական միջոցներից ստացվող դեղագործությունը, քանի որ մեր երկիրը հարուստ է դեղաբույսերով ու ավանդական բժշկությամբ»։
Իմ ներկայիս հետազոտական հետաքրքրությունը արական սեռի հակաբեղմնավորման միջոցներն են։ Իմ վերջին աշխատություններից մեկը` ‘Justicia gendarussa Burm. F-ի քիմիական պրոֆիլը. Պապուական բույս, որն օգտագործվում է առական սեռի հակաբեղմնավորման համար:*’, ներկայացվել է Կոպենհագենում՝ Բնական արտադրանքի միացյալ գիտաժողովին, 2016 թ․ հուլիսին։ Հետազոտությունը կատարվել է Ժնևի համալսարանի դեղագործության ֆակուլտետում։ Մենք այժմ դրամաշնորհի ենք սպասում հետագա ֆինանսավորման համար և հույս ունենք դեղագործական հավելումների սկսնակ ձեռներեցություն հիմնել Հայաստանում:

Ներկայումս որպես որակի վերահսկման պատասխանատու եմ աշխատում ավստրալական դեղագործական մի ընկերությունում և դասախոսուում Սիդնեյի համալսարանի դեղագործական ֆակուլտետում:

Իմ երկարաժամկետ նպատակը հայկական դեղագործությանն աջակցելն է,քանի որ մեր երկիրը հարուստ է բնական արտադրանքով և ավանդական դեղաբուժությամբ:

Իմ հեռահար նպատակն է Հայաստանում զարգացնել բնական միջոցներից ստացվող դեղագործությունը, քանի որ մեր երկիրը հարուստ է դեղաբույսերով ու ավանդական բժշկությամբ։





Արվեստի պատմություն

Ֆրիբուրգի համալսարան
Ասպիրանտուրա
Գոհար Գրիգորյան
«Կրթաթոշակն ինձ հնարավորություն տվեց միջազգային լսարանին ներկայացնելու հայկական արվեստի պատմությունը և վերջինիս դերը համաշխարհային պատմության համատեքստում»։
2013 թվականի աշնանը Շվեյցարիայի կառավարության տրամադրած եռամյա Գերազանցության Կրթաթոշակի շնորհիվ հնարավորություն ստացա սկսելու և իրականացնելու PhD ուսումնասիրությունս Ֆրիբուրգի երկլեզու համալսարանի Միջնադարյան արվեստի պատմության ամբիոնում։ Գիտական թեման, որ վերնագրված է «Կիլիկիայի հայկական թագավորության արքայական դիմանկարները (1198-1375) միջերկրածովյան միջմշակութային փոխանակության համատեքստում» ուսումնասիրվել է Շվեյցարիայի և Եվրոպայի մի շարք հարուստ գրադարաններում, Երևանի Մատենադարանում և ձեռագրական այլ հավաքածուներում։

Շվեյցարական կառավարության կրթաթոշակը, վերոնշյալ գիտական թեմայի ուսումնասիրությունն իրականացնելուց բացի, նպաստել է նաև երկու այլ հետաքրքրություններիս։ Դրանցից մեկը վերաբերում է հայ միջնադարյան արվեստի վերաբերյալ բաց դասախոսություններին՝ կարդացած Ֆրիբուրգի համալսարանի բակալավրիատի և մագիստրատուրայի ծրագրերով կրթություն ստացող ուսանողների, ինչպես նաև հայ արվեստով հետաքրքրվող հետազոտողների համար։ Երկրորդ գիտական ուղղությունը, որն ինձ մեծապես հետաքրքրում է և ի սկզբանե նախատեսված չէր իրականացնել, վերաբերում է ձեռագրագիտությանը, մասնավորապես Շվեյցարիայի գրադարաններում, թանգարաններում և մասնավոր հավաքածուներում պահվող հայերեն ձեռագրերի փնտրման, նկարագրման և թվայնացման աշխատանքներին, որն իրականանում է Շվեյցարիայի Ձեռագրային Վիրտուալ Գրադարանի (e-codices) և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ակտիվ ներգրավվածության շնորհիվ։ Այս աշխատանքի շրջանակներում նկարագրվել և թվայնացվել են մի շարք ձեռագրեր, որոնցից մեկը՝ Ժնևի Մարտին Բոդմեր հիմնադրամում պահվող հայերեն նկարազարդ մի ավետարան, արդեն ամբողջությամբ հասանելի է առցանց՝ http://www.e-codices.unifr.ch/en/description/fmb/cb-0034/Grigoryan





Համակարգչային գիտություն /Ինֆորմատիկա

Ժնևի համալսարան
Ասպիրանտուրա
Հասմիկ Օսիպյան
«Հավատացած եմ, որ ակադեմիական հետազոտությունը թույլ է տալիս ավելի խոր պատկերացում կազմել համակարգչային գիտության վերաբերյալ, և իմ նպատակն է ապահովել հայաստանյան համալսարանների համաքայլ ընթացքն այդ ոլորտի առաջընթացի հետ»։
Այժմ ես աշխատում եմ որպես ավագ ծրագրավորող «Էներջայզ գլոբալ սերվիսիզ» ծրագրավորման ընկերությունում, որը հանդիսանում է «Աթոս» ընկերության բիզնես գործընկերը: 2015 թ. հոկտեմբերին ես ավարտել եմ ասպիրանտուրան: Իմ հետազոտական աշխատանքների հիմնական ուղղությունը հանդիսանում է զուգահեռ ծրագրավորումը գրաֆիկական պրոցեսորների վրա, որը տարբեր բնագավառներում ապահովում է արագ տվյալների մշակում: 2013 թ. ես արժանացա Շվեցարիայի կառավարության գերազանցության կրթաթոշակին, որը հնարավորություն տվեց շարունակելու իմ հետազոտությունները Ժնևի համալսարանում: Դրանից հետո իմ հետազոտությունները կենտրոնացան տվյալների որոնման ալգորիթմների վրա, որոնք իրականացվում էին գրաֆիկական պրոցեսորների վրա (օգտագործելով CUDA տեխնոլոգիան):

Ժնևում իմ հետազոտությունների ժամանակ մասնակցեցի մի շարք միջազգային գիտաժողովների, որտեղ ներկայացնում էի Viper խմբի հետ մեր համատեղ աշխատանքները: 2014 թ. տեղի ունեցած CBMI 2014 գիտաժողովի ընթացքում ծանոթացա Պրահայում Չարլզ համալսարանի պրոֆեսորների հետ, որից հետո Viper խումբը սկսեց համագործակցել նրանց հետ: Այդ համատեղ աշխատանքի հիման վրա մենք տպագրեցինք մի շարք հոդվածներ և մինչ այժմ շարունակում ենք մեր համագործակցությունը: Այժմ մենք ունենք մեկ ընդհանուր հոդված SISAP 2016 գիտաժողովում, որը կայանալու է հոկտեմբեր ամսին Տոկիոյում: Մենք պատրաստվում ենք այնտեղ ներկայացնել մեր համատեղ աշխատանքը և քննարկել մեր հետագա համագործակցությունը:

Իմ ասպիրանտական տարիներին ես նաև աշխատել եմ տարբեր ընկերություններում որպես ծրագրավորող․ սա ինձ տվել է անբացատրելի փորձ երկու ուղղություններում էլ: Սակայն գիտությունն ինձ տվել է ավելի հետաքրքիր ու մնայուն փորձ: Ես հավատում եմ, որ գիտությունը տրամադրում է իդեալական հարթակ, որտեղ մասնագետները կարող են կատարել հետազոտություններ ու կիսվել իրենց գաղափարներով այլ ուսանողների և մասնագետների հետ: Հետևաբար ես ցանկանում եմ շարունակել իմ ուղին գիտության մեջ, ինչը հնարավորություն կտա օգտագործելով կրթաթոշակի ընթացքում ստացված գիտելիքները՝ զարգացնել հայկական համալսարանները:

Back to top