ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ոգեշնչենք

SEE. Ձևավորում ենք ձեռներեցության էկոհամակարգ


Փետրվար 10, 2016

Ձեռներեցությունն այսօր համաշխարհային տնտեսության առաջատար ուղղություններից է, և Հայաստանում էլ ձեռներեցության էկոհամակարգի ձևավորումը կենսական նշանակություն ունի: «Լույսի» SEE նախագիծմ առաջարկում է մի հարթակ, որտեղ սկսնակ ձեռներեցները հնարավորություն կունենան իրենց գործարար գաղափարներն իրագործելու՝ ստեղծելով սեփական ձեռնարկությունը: Գաղափարներն իրականացնելու համար անհրաժեշտ է բիզնեսի և շուկայի վերաբերյալ հարուստ գիտելիք ու փորձառու խորհրդատուների աջակցություն:

Հավատարիմ մնալով Հայաստանը զարգացնելու իր նպատակին՝ «Լույս» հիմնադրամը մեծապես նպաստում է նաև երկրում ձեռներեցության էկոհամակարգի զարգացմանը: 2014-ին «Լույսը» նախաձեռնել է «Ստարտ Արմենիա» ձեռներեցության դրամաշնորհի մրցույթը, որին կարող են մասնակցել հիմնադրամի կրթաթոշակառուներն ու շրջանավարտները, ովքեր ցանկանում են ձեռնարկություն հիմնել հայրենիքում: 2015-ի ապրիլին ժյուրիի հատուկ ընտրված կազմը պարգևատրեց առաջին մրցույթի երեք հաղթող բիզնես նախագծերի հեղինակներին՝ շնորհելով 20.000, 10.000, 5.000 ԱՄՆ դոլարի չափով դրամական մրցանակ: Մրցույթը շարունակական բնույթ ունի, և 2015-ի հոկտեմբերին «Լույսն» ազդարարեց արդեն նոր հայտերի ընդունման մեկնարկի մասին:

Այս ոլորտի զարգացմանն հաջորդ նախագիծը SEE-ն էր (SEE-ն անգլերեն հապավում է՝ Seeding The Entrepreneurship Ecosystem) կամ SEE Circle-ը: Սա բազմակողմ համագործակցություն է «Լույսի»՝ արտերկրում գտնվող ուսանողի, Հայաստանում ապրող շրջանավարտի և տեղացի այն երիտասարդների միջև, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց գիտելիքներն ու հմտությունները ձեռներեցության ոլորտում: «Լույսի» կրթաթոշակառուն ներկայացնում է տվյալ պահին իր համալսարանում դասավանդվող դասընթացներն ամենշաբաթյա առցանց սեմինարների միջոցով, որ վարում է իր գործընկերոջ՝ Երևանում գտնվող «Լույսի» շրջանավարտի հետ: Նախագծի շրջանակում պարբերաբար կազմակերպվում են նաև ակումբային հանդիպումներ, որտեղ SEE Circle-ի անդամները ծանոթանում են ձեռներեցության ոլորտի փորձառու գործիչների հետ, մտքեր փոխանակում ու գործնական կապեր հաստատում միմյանց հետ:

«Ձեռներեցության գործընթացի կենտրոնում հիմնադիրն է՝ որոնողն ու ստեղծողը, ում եռանդի շնորհիվ են իրական դառնում ամենահամարձակ գաղափարները: Ձեռներեցի ճանապարհը բավականին դժվար է ու միայնակ, քանի որ նա նոր հորիզոններ և ոլորտներ է բացահայտում: Այդ ճանապարհը հնարավորինս սահուն անցնելու լավագույն միջոցը հաղորդակցումն է նույն ուղին անցնող այլ ձեռներեցների հետ: Ահա թե ինչու է անհրաժեշտ մի այնպիսի միջավայր ձևավորել, որտեղ երիտասարդները կարող են իրար փոխանցել իրենց փորձը, զորակցել միմյանց, հղկել հմտություններն ու դիմակայել ժամանակակից մարտահրավերներին միասնաբար. SEE Circle-ն առաջարկում է հենց այդպիսի միջավայր»:
Գայանե Ղումաշյան, «Լույսի» գործառնությունների ղեկավար, նախագծի ձևաչափի հեղինակ

SEE Circle-ի առաջին՝ պիլոտային դասընթացը մեկնարկեց 2015-ի հոկտեմբերի 29-ին: Ձեռներեցության ռազմավարության վերաբերյալ առցանց 5 սեմինարները մշակել ու վարում էր Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտի Սլոունի կառավարման դպրոցում սովորող «Լույսի» կրթաթոշակառու Տանյա Սարկիսյանը, ով ստացել էր ՄՏԻ-ում իր պրոֆեսորի համաձայնությունը՝ նյութերը տեղացի երիտասարդների հետ կիսելու: Տանյան սեմինարները վարում էր հիմնադրամի շրջանավարտ (Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոց), «Ստարտ Արմենիա» դրամաշնորհի մրցույթի մրցանակակիր Արթուր Խալաթյանի հետ համագործակցությամբ:

«Ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա SEE Circle-ի միջոցով Հայաստանի երիտասարդներին փոխանցելու ՄՏԻ-ի Սլոունի կառավարման դպրոցում դասավանդվող առաջատար գիտելիքը: Դասընթացի մասնակիցների բովանդակալից հարցերն օգնեցին ինձ հասկանալ, թե մտավոր ու գաղափարական ինչ մեծ ներուժ ունեն նրանք, թե ինչ իրավիճակ է տեղի ձեռներեցության ոլորտում. այս ամենն ինձ թույլ տվեց ավելի թիրախավորված պատասխաններ մշակել և ճիշտ ուղղորդում տալ»:
Տանյա Սարկիսյան, «Լույսի» կրթաթոշակառու

Դասընթացին մասնակցության հայտ ներկայացրած երիտասարդներից ընտրվեց շուրջ քսան հոգանոց խումբ: Կրթական ու մասնագիտական տարբեր փորձառություն ունեցող մասնակիցներից ոմանք արդեն իսկ հիմնել էին սեփական ձեռնարկությունը, իսկ մյուսներն իրականացման ենթակա գործարար գաղափարներ ունեին:

Յուրաքանչյուր սեմինարից առաջ մասնակիցներին ուղարկվում էին դասընթացի պրեզենտացիոն նյութը և լրացուցիչ նյութեր, որպեսզի վերջիններս ընդհանուր պատկերացում կազմեն քննարկվելիք թեմայի վերաբերյալ: Բոստոնից առցանց կապով լսարանին միացող Տանյան ներկայացնում էր նյութը՝ պարբերաբար անդրադառնալով մասնակիցների հարցերին: Սեմինարը տեղում վարող Արթուրը թեմային առնչվող օրինակները համապատասխանեցնում էր տեղական դաշտին, պարզաբանում տալիս դրանց, համակարգում քննարկումները և Տանյայի հետ միասին առաջադրանք կազմում մասնակիցների համար:

«Կարծում եմ՝ դասընթացից ամենամեծ արդյունքը քաղեցին այն մասնակիցները, ովքեր եկել էին իրական բիզնես խնդիրներով: Մեր սկսնակ ձեռներեցները սովորեցին ճիշտ հարցեր տալ այս կամ այն որոշումը կայացնելուց առաջ. օրինակ՝ ինչպե՞ս ընտրել ընկերության առաջին հաճախորդների խմբին, այլ ընկերությունների հետ համագործակցության ի՞նչ մոդել ընտրել և այլն: Գլխավորն այս հարցերն ու դրանցից բխող եզրակացություններն են, որոնցով առաջնորդվել են MIT-ի Սլոունի կառավարման դպրոցից դուրս եկած բազմաթիվ հաջողակ և աշխարհահռչակ տեխնոլոգիական ընկերություններ»:
Արթուր Խալաթյան, «Լույսի» շրջանավարտ

Նոյեմբերի 26-ին տեղի ունեցավ SEE Circle-ի առաջին ակումբային հանդիպումը, որի ժամանակ որպես բանախոս ելույթ ունեցան «Մոնիտիս» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի նորարարության և տեխնոլոգիայի ինկուբացիոն կենտրոնի տնօրեն, «Լույսի» շրջանավարտ Արմեն Մկրտչյանը և Արթուր Խալաթյանը: Նրանք իրենց խոսքում անդրադարձան ձեռներեցության ոլորտում արվող նորարարություններին և SEE Circle-ի մասնակից երիտասարդներին խրախուսեցին համարձակորեն իրագործելու գաղափարները: Հանդիպմանը հրավիրված էին նաև «Լույսի» շրջանավարտներ և ընկերներ, որոնց հետ ծանոթությունն ու քննարկումները ևս կողմնորոշիչ դեր կարող են ունենալ ապագա ձեռներեցների գործունեության մեջ:

SEE Circle-ի առաջին սեմինարաշարը հաջողությամբ ավարտվեց, և «Լույսը» ծրագրում է հաջորդ դասընթացի մեկնարկը 2016-ի գարնանը: Մենք պահպանելու ենք նույն անմիջական ձևաչափը, իսկ մասնակիցներից պահանջելու ենք ամեն սեմինարին ներկայանալ՝ ուղարկված նյութերն ընթերցած ու առաջադրանքը կատարած: Այն մասնակիցները, ովքեր ցանկանում են գաղափարակից, ստեղծարար ու հետաքրքիր մարդկանց հանդիպել, այս հարթակից մեծագույն օգուտը կքաղեն: Մենք ողջունում ենք բոլոր կառուցողական առաջարկները, որոնք հավատարիմ են «Լույսի» կարգախոսին՝ Սովորել, Գործել, Համաստեղծել:

«Հայաստանում հաջողություն ունեցած ցանկացած աշխատանք կարող է ներկայացվել միջազգային շուկայում, եթե մենք բավարար ջանք ներդնենք և սովորենք գործի դնել Հայկական աշխարհի գործնական ցանցի լայն հնարավորությունները»:
Ժաքլին Կարաասլանյան, «Լույսի» կրթական ծրագրի գործադիր տնօրեն


Back to top