ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ոգեշնչենք

«Լույսի» պրակտիկա. աշխատավայրին նախապատրաստող փորձուղի


Հունվար 25, 2016

Ապրում ենք ժամանակներում, երբ տեխնոլոգիաները նորացվում են րոպե առ րոպե, ու զարգացման ռիթմն անկանխատեսելիորեն արագ է. տպավորություն է, թե նորն ստեղծելու անհամբերությունից աշխարհի քունն ուղղակի չի տանում: Մասնագիտական հմտություններ ձեռք բերելու և նորարար իրականության մեջ արժանի տեղ զբաղեցնելու համար երիտասարդներն աշխատանքային գործունեության են անցնում շատ ավելի շուտ՝ ուսմանը զուգահեռ, ու այլևս զարմանք չի առաջացնում նորավարտ մասնագետին տրվող հարցը՝ «Իսկ ի՞նչ աշխատանքային փորձ ունեք»:

Մեծ ու զարգացող կազմակերպություններն անընդհատ նոր մասնագետների կարիք են ունենում, որպեսզի հնարավոր դարձնեն ամենատարբեր գործառույթների իրականացումը, և նրանք հաճախ աշխատանքային պրակտիկայի են հրավիրում երիտասարդների՝ զարգացնելով նրանց մեջ անհրաժեշտ հմտություններ ու ծանոթացնելով ընկերության մշակույթին:

2011-ին «Լույսը» ևս նախաձեռնեց պրակտիկայի ծրագիր, որը կամավորական աշխատանք է հիմնադրամի տեղեկատվական կենտրոնում: Պրակտիկանտների յուրաքանչյուր հերթափոխի համար ծրագրի տևողությունը չորս ամիս է, որի ընթացքում նրանք հնարավորություն են ունենում ծանոթանալու ժամանակակից աշխատանքային միջավայրին, համապատասխան հմտություններ ձեռք բերելու, ինչպես նաև միանալու «Լույսի» աշխարհասփյուռ ցանցին:

Մինչ օրս «Լույսն» ունեցել է շուրջ 100 պրակտիկանտ, ովքեր, միանալով հիմնադրամին, մանրամասն ծանոթացել են նրա գործունեությանը՝ ճշգրիտ տեղեկատվություն փոխանցելու համար, ծանոթացել են էլեկտրոնային նամակագրության հմտություններին, գիտելիք ձեռք բերել գրասենյակային միջավայրում ընդունված վարվեցողության կանոնների, հյուրերին դիմավորելու, ուղեկցելու ընթացակարգի վերաբերյալ և այլն:

2014-ից «Լույսն» սկսեց առաջարկել նաև մասնագիտական պրակտիկայի հնարավորություն. ուսանող թարգմանիչների խմբի համար նախագծվեց աշխատանքի հատուկ ձևաչափ, որի ընթացքում պրակտիկանտները ոչ միայն թարգմանություններ էին կատարում, այլև հերթով ստանձնում խմբագրի, սրբագրի, կազմակերպչի դերերը: Որոշ պրակտիկանտներ էլ հատուկ ընտրվում են կոնկրետ ծրագրերում ներգրավվելու համար և կցվում թիմի համապատասխան անդամի. կայքի ծրագրավորման, դրամահավաքի ծրագրի, մարքեթինգային պլանի և սոցիալական մեդիայի ռազմավարության մշակման աշխատանքներում որպես պրակտիկանտ այսօր էլ ներգրավված են մի քանի երիտասարդներ:

Պրակտիկայի քառամսյա հերթափոխի ավարտին «Լույսում» միջոցառում է կազմակերպվում՝ ամփոփելու կատարված աշխատանքի արդյունքներն ու ողջունելու պրակտիկանտների նոր խմբին: Հունվարի 18-ին արդյունքների ամփոփմամբ հանդես եկան 2015 թ. վերջին հերթափոխի մասնակիցները, ովքեր նաև պրակտիկանտի պարտավորությունները ներկայացրին ծրագրի նոր մասնակիցներին: «Լույսի» թիմը սիրով ողջունեց երիտասարդներին, իսկ պրակտիկանտների համայնքի համակարգող Տաթևիկ Քոչարյանը հավաստագրեր հանձնեց ծրագիրն ավարտողներին:

Սովորել

Պրակտիկանտների համար սովորելու գործընթացը շարունակական բնույթ է կրում. թիմի անդամների հետ ամենօրյա աշխատանքը, տարբեր նախագծերում պարբերական ներգրավվածությունը փորձառության այլ տեսակ են ապահովում՝ զարգացնելով արագ կողմնորոշման, կոնֆլիկտների հաղթահարման և այլ հմտություններ:

Բացի այդ, պրակտիկանտները հնարավորություն են ունենում մասնակցելու «Լույսի» շրջանավարտների կամ թիմի անդամների անցկացրած սեմինարներին ու դասընթացներին, որոնք վերաբերում են անձնական ու մասնագիտական զագրացմանը՝ ինքնակենսագրականի և մոտիվացիոն նամակի կազմություն, հաճախորդների սպասարկման հմտություններ, տեխնոլոգիական գրագիտություն և այլն:

«Այստեղ ստացած գիտելիքն ու հմտությունները կիրառելի են աշխատանքային տարբեր ոլորտներում, թեև ամենակարևոր ձեռքբերումս լույսական մշակույթի հետ շփումն եմ համարում»:
Մարիամ Ներսիսյան, «Լույսի» 2015 թ. պրակտիկանտ

Գործել

Պրակտիկանտները ներգրավվում են հիմնադրամի բոլոր ընթացիկ ծրագրերում ու նախագծերում՝ իրականացնելով տեղեկատվական, կազմակերպչական, վերլուծական, համակարգման ու այլ աշխատանքներ: Անգամ տեխնիկական առաջադրանքների կատարումն ուշադրության կենտրոնացում է պահանջում, հետազոտություն կատարելու հմտություն զարգացնում, տեխնոլոգիական գործիքները կիրառելու մասին անհրաժեշտ գիտելիք տալիս՝ ամենի արդյունքում ձևավորելով աշխատանքային կամք:

Որոշ առաջադրանքներ պրակտիկանտները կատարում են միասին, իսկ որոշ նախագծերի շուրջ աշխատում են մենակ՝ ստանձնելով մշակման ու իրագործման պատասխանատվությունը:

«Պրակտիկայի ընթացքում կատարածս աշխատանքներից կառանձնացնեմ «Լույսի» գրադարանի համակարգումը. հաճույքով ու ոգևորությամբ եմ կատարել աշխատանքի բոլոր փուլերը՝ գրքերի տեսակավորում, ցանկերի կազմում և անգամ առցանց բովանդակության նախնական տարբերակի մշակում: Աշխատանքի ընթացքում զարգացրել եմ համակարգչային գիտելիքներս, ժամանակի կառավարման հմտությունը և պատասխանատվության զգացումը: Լավագույն մոտիվացիան իմ հանդեպ վստահությունն էր և թիմակիցներիս աջակցությունը»:
Տաթևիկ Սահակյան, «Լույսի» 2015 թ. պրակտիկանտ

Համաստեղծել

Մեկ գաղափարի շուրջ հավաքված ու միասին աշխատող մարդիկ հատուկ էներգիա են ստեղծում, և զուր չէ, որ լավագույն մտքերն ու լուծումները գլուխ-գլխի տալու արդյունքում են առաջանում:

«Լույսում» պրակտիկանտները ձեռք են բերում կամ զարգացնում համագործակցելու հմտությունը՝ միասին աշխատելով ու իրար փոխանցելով տարբեր առաջադրանքներ: «Լույսի» թիմի հետ համագործակցությունից բացի, մեծ նշանակություն ունի նաև շփումը հիմնադրամի կրթաթոշակառուների և շրջանավարտների հետ, ինչի արդյունքում հաճախ հետաքրքիր գաղափարներ են ծնվում ու համատեղ իրագործվում:

«Պրակտիկայի ծրագրի շրջանակներում հնարավորություն ունեցա աշխատելու «Լույսի» շրջանավարտ Լևոն Գոլենդուխինի հետ, ով նախաձեռնել է շատ կարևոր աշխատանք՝ ստեղծել իրավաբանական ձեռնարկ Արցախում օտարերկրյա ներդրումների օրենսդրական կարգավորումների մասին։ Լինելով իրավաբան՝ փորձեցի իմ փոքր ներդրումն ունենալ այս կարևոր գործում և աշխատել ձեռնարկի մի փոքր հատվածի վրա։ Այն հետազոտական աշխատանքի շատ լավ փորձ էր»:
Սաթենիկ Քոչարյան, «Լույսի» 2015 թ. պրակտիկանտ


Back to top