ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ոգեշնչենք

«Լույս» հիմնադրամը ձևավորում է ձեռներեցության էկոհամակարգ Հայաստանում


Ապրիլ 30, 2015

Ձեռներեցության առողջ ու զարգացող էկոհամակարգ ապահովելու համար անհրաժեշտ է բացահայտել համայնքի կարիքները, դրանց համապատասխան ձևավորել էկոհամակարգը, ակտիվորեն ներգրավել նոր մարդկանց` մասնակցելու գործընթացին և աջակցելու ծրագրվածի իրականացմանը:

«Լույս» հիմնադրամը մեծապես նպաստում է Հայաստանի ձեռներեցության էկոհամակարգի զարգացմանը: Իր կրթաթոշակառուներին հնարավորություն տալով աշխարհի առաջատար համալսարաններում սովորելու և նրանց սկսնակ ձեռնարկությունները խթանելով` «Լույսը» և նրա գործընկեր կազմակերպությունները, փաստորեն, ապահովում են երկրի տնտեսական առաջխաղացումը:

Ապրիլի 18-ին հիմնադրամը կազմակերպեց «Լույսի» «Ստարտ Արմենիա» ձեռներեցության դրամաշնորհի մրցույթի եզրափակիչ փուլը, որը տեղի ունեցավ Հայկական բարեգործական ընդհանուր միության նորակառույց շենքում: Մրցույթին նախագծեր ներկայացրած շրջանավարտներն այդ օրն իրենց բիզնես գաղափարները ներկայացրին երկրի գործարար դաշտում կարևոր դերակատարում ունեցող անձանցից բաղկացած ժյուրիին:

Ժյուրիի անդամներն էին ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, ՀԲԸՄ կենտրոնական վարչական խորհրդի անդամ Վազգեն Յակուբյանը, «Վիասֆեր Ինթերնեշնլ»-ի գլխավոր տնօրեն և նախագահ Թոնի Մորոյանը, «Ձեռներեցության զարգացման և ղեկավարների վերապատրաստման կենտրոն» հիմնադրամի ղեկավար Ջեմմա Իսրայելյանը և Հայաստանի ամերիկյան համալսարանի` կանանց ձեռներեցությունը խթանող ծրագրի ղեկավար Անահիտ Ղազարյանը: «Լույսի» կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը և գործառնությունների ղեկավար Գայանե Ղումաշյանը հանդես եկան որպես միջոցառման մոդերատորներ:

Հիմնադրամի շրջանավարտներ Էլինա Մարկարյանը, Էմմա Սարգսյանը, Գոռ Հովակիմյանը, Արթուր Ասլանյանը և Արթուր Խալաթյանը մանրամասն ներկայացրին իրենց բիզնես նախագծերը` նշելով շուկայի բացերը, նախագծի մրցակցային առավելությունները, տարածակությունը, արտադրանքի տեխնոլոգիական կարիքները և այն, թե ինչպես են պատրաստվում շահեկան հավասարակշռում ստեղծել ներդվող գումարի և եկամտաբերության միջև:

«Լույսի» շրջանավարտ, «ԱյԷյԲի» բիզնեսի միջազգային ակադեմիայի տնօրեն Էլինա Մարկարյանը և գործընկերը ներկայացրին իրենց բիզնես նախագիծը` «ՖԱԷՄ. կենդանի զարդեր», նախագիծ, որը զարդերին բառացիորեն կենդանություն է հաղորդում: Կենդանի զարդերը, որ կենդանի արվեստի` լիվինգ արտի տարատեսակ են, դեկորատիվ կիրառական արվեստի մի ճյուղ են հանդիսանում, որ ներդրված ալգորիթմերի շնորհիվ իրերին թույլ են տալիս ճանաչել և փոխազդել շրջապատող միջավայրի հետ: Այլ կերպ ասած՝ լիվինգ արտի յուրաքանչյուր ստեղծագործություն ունակ է փոխելու հասարակությանն ուղղված հաղորդագրությունը՝ կախված դիտողի շարժումից, դիմախաղից, դիտման կետից և այլն: Նախագծի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք այցելել հետևյալ կայք` livingjewelrymasterclass.wordpress.com:

Հիմնադրամի շրջանավարտ և «Սեյջ խորհրդատուներ» ընկերության տնօրեն Էմմա Սարգսյանը ներկայացրեց «Սեյջ»-ի բիզնես նախագիծը, որի նպատակն է մարքեթինգի, հասարակայնության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման որակի բարձրացումը: Փորձառության լայն շրջանակի շնորհիվ «Սեյջ խորհրդատուներ» ընկերությունն առաջատար դիրք է զբաղեցնում հասարակայնության հետ կապերի, կորպորատիվ կառավարման, մեդիայի հետ կապերի, ճգնաժամային հաղորդակցության, բիզնես և մարքեթինգային խորհրդատվության ոլորտներում, ինչպես նաև կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բնագավառում: Նրանց գործունեությանն ավելի լավ ծանոթանալու համար կարող եք այցելել հետևյալ հղումով` saegeconsultants.com:

«Լույսի» շրջանավարտ, «Դենտալ թրեվլ Արմենիա» նախագծի ղեկավար Գոռ Հովակիմյանը և նրա գործընկերները ներկայացրին առողջապահական տուրիզմին վերաբերող իրենց նախագիծը, որն առաջարկում է ատամնաբուժական բարձրորակ ծառայությունների մատուցման և Հայաստանում շրջագայելու համակցված փաթեթ: Թիմն արդեն համագործակցում է տասնհինգ մասնագետների, զբոսաշրջային յոթ ընկերությունների, երկու հյուրանոցի հետ: Նախագիծը հասարակության որոշակի հատվածին հայտնի է դարձել սոցիալական մեդիայի և հայաստանյան լրատվամիջոցների շնորհիվ: Հետաքրքիր այս նախաձեռնության մասին ավելին իմանալու համար կարող եք այցելել հետևյալ հղումով` www.dtarmenia.com:

«Լույսի» շրջանավարտ և «Այբ» ավագ դպրոցի փոխտնօրեն Արթուր Խալաթյանը ներկայացրեց իր թիմի բիզնես նախագիծը` «iNeed» անվանումով. սոցիալական մեդիայի հիմքով գործող այս տաքսի ծառայության նպատակն է լուծել այն խնդիրները, որ կապված են ծառայությունների մատուցման ցածր որակի, ռեսուրսների ոչ արդյունավետ օգտագործման և հատուկ կարիք ունեցող մարդկանց համար հարմարությունների պակասի հետ: Այս ծառայության ներդրման արդյունքում Հայաստանի տարածքում ուղևորություններն ավելի մատչելի, ապահով ու հաճելի կդառնան:

Հիմնադրամի կրթաթոշակառու Արթուր Ասլանյանը ներկայացրեց իր բիզնես գաղափարը` «InstuGuide»-ը: Այն ուսումնական առցանց հարթակ է` նախատեսված աշակերտների, ուսուցիչների, ծնողների և դպրոցի աշխատակիցների համար, որն անհատականացված մոտեցում է ցուցաբերում նրանց կարիքներին ե ավելի դյուրին դարձնում ուսումնական գործընթացը: Այս հարթակի միջոցով աշակերտները հնարավորություն կունենան տեսնելու ուսումնական պլանները, ուսուցիչներին հարցեր ուղղելու, ինչպես նաև պատկերացում կազմելու սեփական նախասիրությունների մասին: Բացի այդ, ուսուցիչները, ծնողներն ու դպրոցի աշխատակիցները մուտք կունենան կայքում առկա ինտերակտիվ նյութերին` դասասենյակում ու դրանից դուրս դրանք օգտագործելու համար: Նախագծի մասին ավելին իմանալու համար կարող եք այցելել այս հղումով` instuguide.com:

Թիմերի ներկայացրած նախագծերին ծանոթանալուց հետո ժյուրիի անդամները խորհրդակցեցին ու որոշեցին 20.000, 10.000 և 5.000 ԱՄՆ դոլարի չափով դրամական պարգևները հանձնել համապատասխանաբար Արթուր Ասլանյանին, Էլինա Մարկարյանին և Արթուր Խալաթյանին: Այս մրցանակի շնորհիվ հիմնադրամի երեք կրթաթոշակառուներն ու նրանց գործընկերները հնարավորություն կունենան զարգացնելու իրենց սկսնակ ձեռնարկությունները: Միջոցառման վերաբերյալ ծավալուն տեսանյութ դիտելու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով:

«Ստարտ Արմենիա» ձեռներեցության դրամաշնորհի մրցույթն այն ծրագրերից մեկն է, որ «Լույս» հիմնադրամը նախաձեռնել է` զարգացնելու ձեռներեցությունը Հայաստանում: Վերջերս «Լույսը», համագործակցելով «Այբ» կրթական հիմնադրամի հետ, կազմակերպել էր ձեռներեցությանը վերաբերող եռօրյա թրեյնինգ, որի ընթացքում Ռուսական վենչուրային ընկերության առաջատար մասնագետներն իրենց գիտելիքը և հմտությունները փոխանցեցին մասնակիցներին ստարտ-ափներ ստեղծելու և ներդրումներ գրավելու վերաբերյալ:

«Լույսը» վերջերս ազդարարեց նաև մեկ այլ նախագծի մեկնարկը` «Հայաստանի ստարտ-ափների առաջնության», որը բիզնես մոդելների մրցույթ է և իր շրջանակներում միավորելու է ձեռներեցային ծառայություն մատուցողների, փորձառու ձեռներեցների, քաղաքական առաջնորդների, բարձրագույն կրթության ներկայացուցիչների ու ստարտ-ափների ջանքերը և ուղղելու դրանք կենսունակ նոր բիզնեսների ու տեղական/տարածա¬շրջանային ձեռներեցային էկոհամակարգերի աճի խթանմանը:

«Լույսի» «Ստարտ Արմենիա» ձեռներեցության դրամաշնորհի մրցույթը, ինչպես նաև հիմնադրամի մյուս նախաձեռնությունները խրախուսում են հնարամտությունը և հայրենիքում սերմանում ձեռներեցության մշակույթ: «Լույս» հիմնադրամը գերազանցության է ձգտում բոլոր ոլորտներում` ներդրում կատարելով բարձրագույն կրթության և նորարարության բնագավառում, ինչպես նաև աջակցելով այսօրվա ու վաղվա բիզնես առաջնորդներին: Հիմնադրամի մի շարք նորարարական ծրագրերը կօգնեն ստեղծել ստարտ-ափ ընկերությունների ամուր, կենսունակ մի ցանց, որը կարևոր նշանակություն ունի մեր երկրի տնտեսական կայունության ապահովման գործում:


Back to top