ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ոգեշնչենք

"Զարգացնենք Հայաստանը" ծրագիրը`4 համայնքներում


Դեկտեմբեր 20, 2012 ԶՀԾ, Գյումրի, Ջերմուկ, Ծաղկունք, Վանք
2010 թ. հուլիսի 16-ից օգոստոսի 11-ը Հայաստանի չորս տարբեր համայնքներում իրականացվեց "Լույս" հիմնադրամի "Զարգացնենք Հայաստանը" ծրագիրը (ԶՀԾ): 4 շաբաթ տեւողությամբ ծրագրի ընթացքում "Լույս" 2009-2010 եւ 2010-2011 թթ. կրթաթոշակառուների, "Լույսի" թիմի, հրավիրված փորձագետների և հիմնադրամի երիտասարդ փորձագետների ջանքերով ծրագրվեցին ու իրականացվեցին մի շարք նախագծեր:


Ծրագրի կարևորագույն նպատակներն էր "Լույսի" ուսանողներին կապել հայկական իրականությանը, մշակել միասին մտածելու և համընդհանուր խնդիրները համատեղ լուծելու մոտեցումներ և, որամենակարևորն է, աշխատել` օգտագործելով տեղական ռեսուրսներն ու այդ պահին ունեցածը:

Ըստ "Լույսի" կրթաթոշակառու, Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի շրջանավարտ Արթուր Խալաթյանի` ամենակարևոր բանը, որ ԶՀԾ-ն տալիս է ուսանողներին, իր երկրի համար պատասխանատու լինելու զգացողությունն է: "Երբ զգում ես, որ կարող ես մի բան անել, դու պատրաստ ես շատ ավելին անելու երկրիդ համար: Ծրագիրը ուսանողներին կապում է Հայաստանին, հատկապես` մարզերին ու շրջաններին, ավելի հարազատ է դարձնում այն, քանի որ մենք ունենք նաև կրթաթոշակառուներ, ովքեր Հայստանից չեն", -ասաց Արթուրը:

Ծրագրի առաջին շաբաթվա աշխատանքներն անցկացվեցին Ենոքավան գյուղում (Իջեւան, Տավուշի մարզ): Այստեղ "Լույսի" 90 ուսանողները եւ հյուրերը միասին բրեյնսթրմինգներ կազմակերպեցին, որոնց նպատակն էր սովորել համատեղ մտածել եւ գործել` ակադեմիական գիտելիքից անցնելով այնպիսի կոնկրետ նախագծերի, որոնք բխում են Հայաստանի տարբեր համայնքների կարիքներից:


"Լույսի" ուսանող, Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտ Նարեկ Ասլիկյանն առաջարկեց համայնքներում կատարվող աշխատանքներին ավելի շատ ժամանակ հատկացնել` դա համարելով ծրագրի կարեւորագույն հատվածը:

"Լույս" հիմնադրամի տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը նշեց, որ Ենոքավանում անցկացված առաջին շաբաթվա ընթացքում ուսանողներին տրվեցին այն գործիքները, աշխատանքի այն մեթոդները, որոնք անհրաժեշտ էին համայնքների հետ կապեր ստեղծելու համար: "Այդ ընթացքում մեր ուսանողները կտրվեցին այն աշխարհից եւ իրականությունից, որտեղից գալիս են` աստիճանաբար մտնելով հայկական իրականության մեջ", - կարծում է տիկին Կարաասլանյանը: Ըստ նրա` Ենոքավանում անցկացրած շաբաթը նախ եւ առաջ անհրաժեշտ էր ուսանողներին միմյանց ծանոթացնելու համար. ԶՀԾ-ի մասնակիցները մեկ ընտանիք դարձան և սովորեցին թիմային աշխատանքին: Առաջին շաբաթը, ըստ էության, միտված էր ուսանողների մեջ թիմային մտածողություն ձեւավորելուն, իսկ երկրորդ և երրորդ շաբաթների ընթացքում այդ մտածողությունը պետք է դրսևորվեր կատարվող աշխատանքի մեջ:

Երկրորդ եւ երրորդ շաբաթների ընթացքում "Լույսի" ուսանողները և հյուրերը մեկնեցին չորս համայնքներ` Գյումրի, Ջերմուկ և Ծաղկունք գյուղ (Գեղարքունիքի մարզ), Արցախի Վանք գյուղ, որտեղ իրականացվելու էր "Զարգացնենք Հայաստանը" ծրագրի հաջորդ փուլը: Ուսանողները միջոցառումների շարք իրականացրին` կապ հաստատելով համայնքների անդամների հետ: Երկու շաբաթ տեւողությամբ փուլի նպատակն էր ճանաչել համայնքի մարդկանց, սովորել նրանցից եւ հստակեցնել այն խնդիրներն ու մարտահրավերները, որոնց նրանք բախվում են: Այդուհետեւ ուսանողներն անցան կոնկրետ նախագծերի` փորձելով նպաստել բացահայտված խնդիրների լուծմանը:


Մասնակիցներն աշխատում էին հասարակական բոլոր ոլորտների եւ բոլոր տարիքային խմբերի ներկայացուցիչների հետ` գյուղացիներից մինչեւ բիզնեսմեններ եւ պաշտոնատար անձինք, դպրոցականներից մինչեւ ուսուցիչներ ու ծնողներ:

Բոլոր չորս համայնքների մի քանի դպրոցներում ուսանողները գիտական դասընթացներ, ինտելեկտուալ, դերային եւ թիմային խաղեր են անցկացրել, մասնագիտության ընտրության թեմայով խորհրդատվություն իրականացրել:

Արցախի թիմը, ի թիվս բազմաթիվ այլ նախագծերի, պատրաստել եւ դպրոցներին է տրամադրել ուսումնական նյութեր եւ տարբեր առարկաների վերաբերող թարմ տեղեկատվություն: Ինտերնետի անհասանելիության պատճառով նման նյութերի ձեռքբերումը բավականին դժվար է տեղի դպրոցի ուսուցիչների եւ աշխատակիցների համար:

Ջերմուկի թիմը մշակել է "Ջերմուկի տուրիզմի ասոցիացիայի" բիզնես նախագիծ, որը միտված է օգնելու հյուրանոցների սեփականատերերին եւ բիզնեսմեններին խթանել իրենց ծառայությունները եւ բարեկարգել Ջերմուկի տարածքը:


"Լույսի" ճարտարապետ ուսանողները եւ Գյումրու երիտասարդ ճարտարապետները համատեղ մշակում են քաղաքի զարգացման հեռանկարներին վերաբերող քննարկումների եւ հետազոտության ծրագիր: Գյումրու թիմի մյուս լույսականները կազմակերպեցին "Գյումրին բացում է դռները" խորագրով լուսանկարների ցուցահանդես, որը նորովի էր ներկայացնում Գյումրու գեղեցկությունը:

Ծաղկունքի թիմը տեղացի երեխաների հետ միասին մաքրեց չօգտագործվող դաշտը` այն դարձնելով ֆուտբոլային դաշտ եւ անվանակոչելով այն ծաղկունքցի զոհված ազատամարտիկի անունով: Դաշտի բացմանը Ծաղկունքի երեխաները, "Լույս"-ի ուսանողները եւ "Արարատ-73"- լեգենդները միասին ֆուտբոլ խաղացին:

ԶՀԾ-ի վերջին` չորրորդ շաբաթվա ընթացքում արդեն Երեւանում թիմերն իրար ներկայացրին եւ ամփոփեցին իրականացված աշխատանքներն ու մշակված նախագծերը: Բոլորը հնարավորություն ունեին գնահատելու մյուս յուրաքանչյուր թիմի աշխատանքը եւ մտածելու ծրագրի շարունակականության եւ հետագա քայլերի մասին` նախապատրաստվելով 2011 թ-ի "Զարգացնենք Հայաստանը" ծրագրին:

Օվսաննա Գևորգյան

Back to top