ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ոգեշնչենք

«Լույսի» շրջանավարտն իր տեսակետն է հայտնում արդյունաբերության զարգացման և Հայաստանում երիտասարդների դերի մասին


Ապրիլ 30, 2015

Հարցազրույց «Լույսի» շրջանավարտ Հովհաննես Ավետիսյանի հետ

Կարինե_Հովհաննես, պատմեք, խնդրում եմ, մանուկ տարիքում ունեցած Ձեր առաջին երազանքի մասին` կապված ապագա մասնագիտության հետ:

Հ. Ա. _ Կարծում եմ՝ անհնար է մանկության առաջին երազանքները հիշել՝ հատկապես ապագա մասնագիտության հետ կապված. շատ դժվար է հիշել՝ ինչ էիր ցանկանում անել և ինչ մասնագիտություն ձեռք բերել: Ավելի հասուն տարիքում ՝ ուսանողական շրջանում, իմ մեջ ձևավորվեց հստակ ցանկություն՝ պետական համակարգում աշխատանքի անցնելու: Ինձ հետաքրքրում էր ոչ թե պետական ծառայողի կարիերան, այլ տնտեսական քաղաքականության ոլորտում առկա մարտահրավերների լուծմանն իմ մասնակցությունը: Համոզված էի, որ կատարածս աշխատանքի շնորհիվ կնպաստեի Հայաստանի զարգացմանը: Սակայն, ինչպես փորձս ցույց տվեց, Հայաստանի Հանրապետությունում անհնար է հասնել առարկայական փոփոխությունների` լինելով ուղղակի պետական ծառայող, քանի որ փոփոխությունների բանալին բացարձակապես քաղաքական հարթակում է գտնվում, այսինքն` քաղաքական որոշումների կայացման մակարդակում:

Իսկ որտե՞ղ սկսվեց Ձեր մասնագիտական ուղին:

Զինված ուժերից զորացրվելուց հետո աշխատանքի անցա ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում: Աշխատեցի նախարարության տարբեր ենթակառուցվածքներում` գանձապետական համակարգ, պետական բյուջետային ծրագրավորում, ներքին աուդիտի համակարգ և այլն: Մասնագիտական առաջընթաց ունենալու համար անհրաժեշտ է շարունակ նոր գիտելիք ու հմտություններ ձեռք բերել, ուստի աշխատանքային գործունեությանը զուգահեռ (իսկ ինչ-որ պահի նաև դադար տալով) ուսումս շարունակեցի արտերկրի տարբեր հեղինակավոր կրթական կենտրոններում, որոնցից վերջինը Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցն էր: Այստեղ սովորեցի «Լույս» հիմնադրամի համաֆինանսավորմամբ և ստացա հանրային կառվարման մագիստրոսի աստիճան:

Արտերկրում ուսանելու տարիներին երբևէ հարց առաջացե՞լ է` կապված այնտեղ մնալու կամ Հայաստան վերադառնալու հետ:

Ինձ միշտ զարմացնում է այդ հարցը և այն, որ մարդիկ դրան պատասխանում են, թե վերադարձել են, քանի որ սիրում են իրենց երկիրը, ցանկանում են ներդրում ունենալ հայրենիքի զարգացման գործում և այլն: Իրականում սովորելու մեկնելիս գրեթե ոչ ոք չի ասում, որ անվերադարձ է գնում: Մեկնում են կրթություն ստանալու, ոչ թե մշտական բնակության, ուստի վերադարձը չպետք է ներկայացվի որպես «արարք»: Ես էլ գնացել էի սովորելու, նոր գիտելիքներ ձեռք բերելու և վերադառնալու: Թեև կարծում եմ, որ երկրում գտնվելու փաստով չէ միայն պայմանավորված հայրենիքի զարգացմանը նպաստելու գործոնը. կարելի է օգտակար լինել և ներդրում ունենալ` նաև սահմաններից այն կողմ գտնվելով:

Հետաքրքիր մեկնաբանություն էր, շնորհակալություն: Իսկ ի՞նչ նախագծերի վրա եք աշխատում ներկա փուլում:

Այժմ զբաղվում եմ ֆինանսական խորհրդատվությամբ ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության ծրագրերից մեկում: Այս աշխատանքում ինձ հետաքրքրում է այն, որ ծրագիրն ուղղված է Հայաստանում թեթև արդյունաբերության ճյուղերից մեկի` տեքստիլի զարգացմանը: Երկրի արդյունաբերության զարգացումը չափազանց շատ եմ կարևորում, քանի որ անկախ տնտեսական քաղաքականությամբ զբաղվող գործիչների գիտելիքներից, ունակություններից և ցանկություններից` սա տնտեսական առաջընթացի միակ լուծումն է: Իսկ թե արդյունաբերության որ ճյուղերն է պետք խթանել, դա կախված է երկրի տարածաշրջանային դիրքից, ռեսուրսային հնարավորություններից և այլն:

«Անկախ տնտեսական քաղաքականությամբ զբաղվող գործիչների գիտելիքներից, ունակություններից և ցանկություններից` տնտեսական առաջընթացի միակ լուծումն արդյունաբերության զարգացումն է»:

Խորհրդատվական գործունեությամբ եմ փորձում զբաղվել նաև «Լույսի» շրջանավարտ ընկերներիս հետ հիմնած ընկերությունում («Սպեկտո» ՍՊԸ): Ձեռնարկություններին ֆինանսական և իրավական խորհրդատվություն ենք տրամադրում` վերջիններիս գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով:

Հովհաննես, իսկ ի՞նչ տեղ է զբաղեցնում հասարակական գործունեությունը Ձեր կյանքում. իրականացնո՞ւմ եք արդյոք նախագծեր այդ ոլորտում:

Այո՛, իհարկե: Հանրօգուտ գործունեությանը բարձր կարևորություն եմ տալիս, քանի որ արված աշխատանքը շահույթ չի հետապնդում, միտված է հասարակության զարգացմանը և դրական փոփոխությունների առաջացմանը: Ասեմ, որ համախոհ ընկերներիս հետ զբաղվում եմ նաև ակումբային գործունեությամբ 2014-ին ստեղծված «Վերիտաս» ակումբի շրջանակներում: Սա երիտասարդական միավորում է, որի նպատակն է երիտասարդական ուժերի համատեղումը կրթության, մասնագիտական զարգացման, գործարար ու անձնային կապեր ստեղծելու, ինչպես նաև հասարակական ու պետական նշանակության խնդիրների շուրջ լուծումներ առաջադրելու և իրականացնելու համար:

Երիտասարդներին տրամադրվող աջակցությունը, ինչ խոսք, ուղղակի ներդրում է մեր ապագայի մեջ, իսկ տնտեսության ո՞ր ճյուղերի զարգացումն եք հեռանկարային համարում Հայաստանի զարգացման համար:

Անշուշտ, դժվար է երկրի զարգացման ուղղությունների հարցում միանշանակ կանխատեսումներ անել, քանի որ դրան նպաստող կամ խանգարող բազմաթիվ գործոններ կարող են անհայտ լինել կամ հայտնվել աշխատանքների և զարգացման ծրագրերի իրականացման տարբեր փուլերում: Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ ցանկացած պետության տնտեսական և քաղաքական զարգացման համար անհրաժեշտ են օրենքի գերակայություն և ազատ մրցակցային պայմաններ, առավել ևս երբ խոսքը վերաբերում է Հայաստանին: Միայն նման պայմանների ապահովման դեպքում է հնարավոր մարդկանց խրախուսել ներգրավված լինելու և ներդրում կատարելու իրենց ներկայի և ավելի լավ ապագայի համար: Ինչ վերաբերում է տնտեսության զարգացումն ապահովող ճյուղերին, կարող եմ նշել մի քանիսը, որոնք հնարավոր է զարգացնել Հայաստանում (իհարկե, իմ կողմից նշված երկու պայմանների առկայության դեպքում). դրանցից են մեքենաշինությունը, դեղագործությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, ճյուղեր, որոնց զարգացումն ինչ-որ չափով պետության կանխորոշած առաջնահերթությունների շարքում է ներկայում: Կարծում եմ նաև, որ պետության դերը տնտեսական զարգացման հարցում պետք է հասցվի նվազագույնի. պետությունը պետք է սահմանի «խաղի կանոններ» և հետևի դրանց կատարմանը` լինելով մարդկանց բարեկեցության բարձրացման և սոցիալական համերաշխության հաստատման երաշխավորը:

Հովհաննես, պատմեք, խնդրում եմ, նաև այն մասին, թե ինչ դեր է ունեցել «Լույսը» Ձեր կյանքում:

Կցանկանայի նշել, որ առանց «Լույսի» տրամադրած ֆինանսական աջակցության դժվար թե կարողանայի մագիստրոսական կրթությունս շարունակել Հարվարդում: Բացի լավագույն կրթությունն ստանալու հնարավորությունից, Հարվարդում ես առիթ ունեցա շփվելու նմանատիպ հետաքրքրություններ ունեցող բազմաթիվ հավակնոտ երիտասարդների հետ, որոնցից ոմանք ինձ ընկեր ու գործընկեր դարձան: Համախոհ մարդկանց հետ համագործակցությունը մեծացնում է ունեցած պլանների և ծրագրերի իրականացման և հաջողության հասնելու հավանականությունը: Հավակնոտ ծրագրեր հնարավոր է իրականացնել միայն խմբային ջանքերի ներդրման շնորհիվ: «Լույսն» ինձ տվեց նաև գաղափարակից ընկեր-գործընկերների շրջանակն ընդլայնելու բացառիկ հնարավորություն:

««Լույսն» ինձ տվեց գաղափարակից ընկեր-գործընկերների շրջանակն ընդլայնելու բացառիկ հնարավորություն»:

Զրույցը եզրափակելով` կցանկանայի հարցնել` կա՞ արդյոք որևէ երազանք-գաղափար, որը դեռ միայն Ձեր մտքում է:

Շատ երազանքներ չունեմ, սակայն ունեմ մեծ մի ցանկություն, որը կարելի է, ինչու չէ, երազանք էլ համարել. շատ եմ ուզում, որ Հայաստանում աղքատ մարդիկ ու որբ երեխաներ չլինեն: Կարծում եմ` մեր հասարակարգում, որտեղ ընտանիքի գաղափարը կարևորվում է, ամոթալի է որբեր ու աղքատներ ունենալը: Վստահ եմ, որ պետությունը կարող է ավելին անել այս ուղղությամբ. անհրաժեշտ է նման մարդկանց ոչ թե ուղղակի ֆինանսավորել տարբեր ծրագրերի միջոցով, այլ պայմաններ ստեղծել, որպեսզի նրանք ինտեգրվեն, իրենց տեղը գտնեն հասարակության մեջ:

«...Շատ եմ ուզում, որ Հայաստանում աղքատ մարդիկ չլինեն ու որբ երեխաներ: Կարծում եմ` մեր հասարակարգում, որտեղ ընտանիքի գաղափարը կարևորվում է, ամոթալի է որբեր ու աղքատներ ունենալը»:

Back to top