ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ոգեշնչենք

Նորագույն տեխնոլոգիաների միջոցով ապագայի վերափոխում


Ապրիլ 13, 2015
Հարցազրույց «Լույսի» կրթաթոշակառու Ամալյա Կոստանյանի հետ:

Անի - Ամալյա, պատմեք, խնդրում եմ, Ձեր անցած ուղու մասին:

Ամալյա – Ասեմ, որ հիմնական մասնագիտական ոլորտս նանոտեխնոլոգիաներն են և նանոճարտարագիտությունը: Ավարտել եմ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (ՀՊՃՀ)` որպես ինժեներ մասնագիտանալով կիսահաղորդչային և միկրոէլեկտրոնային սարքավորումների ոլորտում: Ավարտելուց հետո աշխատել եմ որպես թվային միկրոչիպերի նախագծման ինժեներ «Վիրաժ Լոջիք» ընկերությունում, որը հետագայում վերանվանվեց «Սինոփսիս Հայաստան»: Շատ ուրախ եմ, որ հնարավորություն եմ ունեցել նորագույն տեխնոլոգիաներով աշխատելու և վերապատրաստում անցնելու: Ընկերությունը համագործակցում էր արդյունաբերական հայտնի գործընկերների հետ, ուստի նախագծեր իրականացնելու համար մենք պետք է տիրապետեինք բազմաթիվ նոր տեխնոլոգիաների և նոր հմտություններ ձեռք բերեինք:


Այդ ժամանակ արդեն նախատեսո՞ւմ էիք շարունակել Ձեր ուսումն արտերկրում:

Այդ շրջանում մտածեցի, որ նանոտեխնոլոգիաների ոլորտում գիտական ավելի մեծ փորձի կարիք ունեմ, որպեսզի հմտանամ ու ավելի մրցունակ լինեմ մի շուկայում, որտեղ նոր տեխնոլոգիաներ են հայտնվում ամեն ամիս: Ապագայի որևէ սարքավորում ստեղծելու համար կարիք ունեի անհրաժեշտ գիտելիք ու փորձառություն ձեռք բերելու, ահա թե ինչու սկսեցի փնտրել հետաքրքիր, նորարարական, բազմառարկայական ակադեմիական ծրագրեր նանոտեխնոլոգիաների ոլորտում: Ի վերջո, ես ընտրեցի Քեմբրիջի համալսարանի առաջարկած ծրագիրը, քանի որ այն, բացի հիմնական դասընթացներից, առաջարկում էր նաև հետազոտական հնարավորություններ: Քեմբրիջում սկսեցի սովորել միկրոնանոտեխնոլոգիաների մագիստրոսական ծրագրով. այդ ծրագիրը նախագծված է այն ուսանողների համար, ովքեր ցանկանում են կիսահաղորդիչների նախագծման և նանոտեխնոլոգիաների արդյունաբերության մեջ հանդես գալ որպես արտադրող-ձեռնարկատերեր: Ես շատ ուրախ էի, քանի որ առիթ ունեցա շփվելու այդ ոլորտում աշխատող բազմաթիվ գործարարների հետ` միաժամանակ ձեռք բերելով իմ ուսումնասիրության ոլորտի հետ սերտորեն կապված նշանակալի գիտելիքներ: 2012 թվականի գարնանը և ամռանն աշխատեցի ֆոտոնիկայում և էլեկտրոնիկայում օգտագործվող մոլեկուլյար նյութերի կենտրոնում (Քեմբրիջի համալսարան): Աշխատելու ընթացքում ես ուշադրությունս կենտրոնացրել էի ու փորձում էի լավ ըմբռնել գրաֆենի և հեղուկ բյուրեղների տարբեր տեսակների միջև փոխազդեցությունները: Շատ ոգևորիչ էր այս ամենն ինձ համար, քանի որ կարճ ժամանակահատվածում ես կարողացա ձեռք բերել հրատարակելի արդյունքներ: Նաև ասպիրանտական կրթություն ստանալու առաջարկ ստացա հենց այդ հետազոտող խմբի կողմից, թեև այն ընդունել չէի կարող, քանի դեռ չէի կարող ապահովել անհրաժեշտ կրթաթոշակը:


Իսկ ի՞նչ քայլեր ձեռնարկեցիք այդ ժամանակ:

Վերադարձա Հայաստան և որպես կրթական ծրագրերի ղեկավար աշխատանքի անցա «Նաիրի կոնսորցիում»-ում. սա յոթ կազմակերպությունների միություն է, որի նպատակն է կրթության խթանումը տեղեկատվական տեխնոլոգիաների, ճարտարագիտության, ծրագրավորման և ռոբոտաշինության ոլորտներում: Այդ ընթացքում հնարավորություն ունեցա աշխատելու Գյումրու, Վանաձորի և Երևանի տարբեր դպրոցների ու համալսարանների աշակերտների, ուսանողների հետ:
«ՎիվաՍել» ընկերության ֆինանսավորման շնորհիվ «Նաիրի կոնսորցիումը», համագործակցելով Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ, նախաձեռնեց ռոբոտաշինության մի ծրագիր: Մենք Հայաստանի և Արցախի տարբեր դպրոցներից հավաքագրեցինք 55 ուսուցիչների` հատուկ վերապատրաստում անցկացնելու նպատակով: Այն ժամանակ, երբ ես մեկնում էի ասպիրանտական ծրագրով սովորելու, բոլոր 55 դպրոցները ֆինանսավորում էին ռոբոտաշինության ակումբներ, և ընկերությունը ձգտում էր նման դպրոցների թիվը հասցնել 138-ի: Մեր նպատակն է յուրաքանչյուր դպրոցում հիմնել տեխնիկապես հագեցած լաբորատորիաներ, որտեղ աշակերտները կարող են ծանոթանալ ինժեներիայի, ծրագրավորման ու ռոբոտաշինության հիմունքներին և անգամ մինչև համալսարան ընդունվելը հեշտությամբ ստեղծել սմարթ` «խելացի» սարքավորումներ C և Java ծրագրերի միջոցով:


Իսկապես, հրաշալի է:
Փաստորեն, աշխատանքային նման փորձ ձեռք բերելուց հետո Դուք որոշեցիք սովորել Քեմբրիջի համալսարանում` դիմելով «Լույս» հիմնադրամի աջակցությանը: Իսկ ինչպե՞ս իմացաք «Լույսի» մասին:


«Լույսի» մասին իմացա վեց տարի առաջ: Այդ ժամանակ «Լույսը» դեռ միայն գաղափար էր: Ես մասնակցում էի բաց հանդիպման, որտեղ քննարկվում էր աշխարհի լավագույն համալսարաններում Հայաստանի և ամբողջ աշխարհի տաղանդավոր հայ ուսանողների կրթություն ստանալու հնարավորությունը: Քննարկումից շատ քիչ ժամանակ անց ստեղծվեց «Լույս» հիմնադրամը, որը մինչ օրս 300-ից ավելի հայ երիտասարդների հնարավորություն է տվել աշխարհի լավագույն կրթական կենտրոններում կրթություն ստանալու:


Խնդրում եմ` մի փոքր պատմեք նաև այն հատուկ տեխնոլոգիայի մասին, որ մշակում եք` օգտագործելով գրաֆենը:

Վերջին ուսումնական տարվա ընթացքում անցած դասընթացի ժամանակ ես սովորեցի գրաֆենի վրա հիմնված օպտոէլեկտրոնային սարքավորումներ ստեղծելու և գործարկելու եղանակը: Գրաֆենն ածխածնի ատոմային մեկ շերտ ունեցող նյութ է, որը շատ լավ ճանաչելի է թափանցիկ կոնդուկտորային շերտի ձևով և մետաղյա կամ մետաղաօքսիդային բարակ կոնդուկտորների հրաշալի այլընտրանք է: Ասպիրանտուրայի երկրորդ կուրսում իմ նպատակն է ստեղծել թափանցիկ ու ճկուն գրաֆենից պատրաստված էկրան, ինչը բավականին դժվար է:


Ո՞րն է լինելու գրաֆենից պատրաստված սարքերի առավելությունը:

Ակնհայտ առավելություններից մեկը մատչելի գինն է, քանի որ նյութի ստացման համար հիմնականում օգտագործում ենք ածխածին` որպես հիմնատարր: Ներկայումս, սակայն, գրաֆենի ստացման պրոցեսը բավականին ծախսատար է ու ոչ լայնածավալ: Այլ առավելություններից կարող եմ նշել այն, որ գրաֆենը մինչ օրս հայտնագործած նյութերի շարքում առաջարկում է օպտոէլեկտրոնային լավագույն հատկությունները: Եվ, ի վերջո, գրաֆենի ճկունության ու թափանցիկության շնորհիվ մենք կարող ենք մտածել հաջորդ սերնդի մասին` թղթի հաստություն ունեցող էկրաններ, որ ստանում են նման նյութերից:


Շատ հետաքրքիր է: Պատրաստի ի՞նչ պրոդուկտ եք նախատեսում ներկայացնել ասպիրանտական ծրագրի ավարտին:

Երկարաժամկետ հեռանկարում ցանկանում եմ ստեղծել գրաֆենից պատրաստված թափանցիկ, ճկուն ու թղթի բարակության էկրաններ, որոնք հնարավոր կլինի լայնածավալ արտադրության հանել ու առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում ներկայացնել համաշխարհային շուկայում:


Հաջողություն եմ մաղթում Ձեզ, Ամալյա:
Խնդրում եմ նաև պատմել որպես «Լույսի» կրթաթոշակառու Ձեր փորձառության ու հիմնադրամի առաջարկած հնարավորությունների մասին:


«Լույսի» կրթաթոշակառու դառնալը հիմնովին փոխեց կյանքս: «Զարգացնենք Հայաստանը միասին» (ԶՀՄ) ծրագրից մեկ տարի անց ես հասկացա` ինչքան եմ աճել, ինչքան գիտելիք ու փորձ եմ ձեռք բերել… և ոչ միայն գիտության բնագավառում: «Լույսը» մեծ աշխատանք է կատարում իր կրթաթոշակառուների միջև ամուր կապեր հաստատելու ուղղությամբ, և աշխարհի տարբեր անկյուններ կոնֆերանսի կամ այլ միջոցառման մեկնելիս ես կարող եմ ընկերներիս հյուրընկալվել: Նույնքան ոգևորիչ է տեսնել, թե ինչ մեծ թիվ են կազմում «Լույսի»` տարբեր համալսարաններում սովորող կրթաթոշակառուների միջև համագործակցային նախագծերը. նրանք իրար են փոխանցում իրենց գիտելիքն ու փորձը և աշխատում միասին` Հայաստանի զարգացմանը նպաստելու: Ինձ, իսկապես, զարմացնում է, թե ինչպես ու ինչ ջանքեր է ներդնում «Լույսը»` իր կրթաթոշակառուներին աջակցելու համար: «Լույսի» կրթաթոշակառու իմ ընկերներից ոմանք սեփական սկսնակ ձեռնարկությունն են հիմնել Հայաստանում, շատերն աշխատանքի են անցնում աշխարհի առաջատար ընկերություններում, ինչպիսիք են «Amazon»-ը, «Google»-ը և «Microsoft»ը:
Ես փոփոխություններ եմ տեսնում, որոնք, իրոք, շոշափելի են ու կարևոր:


Back to top