ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ոգեշնչենք

«Լույսի» շրջանավարտները մշակել են Հայաստանն ատամնաբուժական տուրիզմի կենտրոն դարձնելու նախագիծ


Ապրիլ 13, 2015

Հարցազրույց «Լույսի» շրջանավարտ Գոռ Հովակիմյանի հետ

«Լույսի» կրթաթոշակառուները, նոր գիտելիք և առաջատար փորձ ձեռք բերելով աշխարհի լավագույն համալսարաններում` ներդնում են դրանք Հայաստանի զարգացման գործում: Նրանցից շատերն աշխատանքի են անցնում պետական համակարգում, հեղինակավոր ընկերություններում կամ հիմնում սեփական ձեռնարկությունը: «Լույսի» շրջանավարտ Գոռ Հովակիմյանը, 2014 թ. ավարտելով Լոնդոնի համալսարանական քոլեջը, ընկերների` Արթուր Գասպարյանի (նույնպես «Լույսի» կրթաթոշակառու) և Աշոտ Խուդգարյանի հետ մշակել է Հայաստանում ատամնաբուժական տուրիզմի զարգացման նախագիծ` «Դենտալ թրեվլ Արմենիա»: «Լույսի» «Ստարտ Արմենիա» դրամաշնորհի մրցույթին (http://www.luys.am/am/entrepreneurship/index) Գոռը դիմել է հենց այս նախագծով: 


_Գոռ, խնդրում եմ մի փոքր պատմել` ինչպես է ծագել նախագծի գաղափարը: 

Գ. Հ. _ 2014 թ. ավարտեցի Լոնդոնի համալսարանական քոլեջի տնտեսագիտության և բիզնեսի մագիստրոսական ծրագիրը, և իմ մեջ հարց առաջացավ` մնալ Լոնդոնում, թե վերադառնալ Հայաստան: Արտերկրում կրթություն ստացող երիտասարդների համար այս առնչությամբ որոշում կայացնելն ինչ-որ պահի խնդիր է դառնում. երբեմն պայքարում ես մնալու համար, սակայն հարմար պայմաններ չեն ստեղծվում, որոշ դեպքերում ցանկանում ես վերադառնալ, բայց ետ է պահում ստացված հրաշալի առաջարկը և այլն: Իմ առջև էլ նույն հարցադրումներն էին: Ես սկսեցի խորությամբ մտածել այն հարցի շուրջ, թե ինչ կարելի է անել վերադառնալով: Ինչքան էլ ցանկանաս հայրենիքում ապրել, միշտ ծագում են մասնագիտական հեռանկարներին ու տնտեսական պայմաններին վերաբերող հարցեր, և դժվար է վերադառնալու որոշում կայացնել, եթե չունես իրագործման ենթակա որևէ գաղափար: Հայաստանում ատամնաբուժական տուրիզմի զարգացման նախագծի գաղափարն իրականում ծագել էր «Լույսի» մեկ այլ կրթաթոշակառուի`Արթուր Գասպարյանի մոտ: Գաղափարի շուրջ հավաքվեցինք երկուսս և մեր երրորդ գործընկերը` Աշոտ Խուդգարյանը: Քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ հնարավոր է Հայաստանում նման նախագծի հաջող իրականացումը: Մեզ համար կարևոր էր նաև այն հանգամանքը, որ այդ գործն սկսելու համար մեծ ներդրումներ չէին պահանջվում: 


Ի՞նչ եք կարծում, հնարավոր կլինի՞ զբոսաշրջիկների մեծ հոսքեր գրավել դեպի Հայաստան բժշկական տուրիզմի այս ճյուղի զարգացման շնորհիվ:

Նախագծի իրագործումն առավել, քան հեռանկարային է Հայաստանի համար և կարող է գրավել այցելուների մեծ ներհոսք, ինչը կապահովի նաև կողմնակի զգալի արդյունք. կզարգանա զբոսաշրջային ոլորտը, որակական ու քանակային առաջընթաց կգրանցի ատամնաբուժական արդյունաբերությունը, ու այս ամենի արդյունքում նկատելի աճ կունենա երկրի տնտեսությունը: 


Նախագծի իրականացման ի՞նչ փուլեր եք արդեն անցել:

«Դենտալ թրեվլ Արմենիա» նախագծի գրանցումից հետո ստեղծվեց կայքը (հղումը` http://www.dtarmenia.com/en/), գաղափարի շուջ ձևավորվեց թիմ: Մենք սկսեցինք համագործակցության պայմանավորվածություն ձեռք բերել շուկայում գործող հեղինակավոր կլինիկաների լավագույն որակավորումն ունեցող մասնագետների հետ: Զանգվածային լրատվամիջոցներով մեր մասին տեղեկություններ տարածելուց հետո սկսվեց նաև հակառակ գործընթացը, երբ կլինիկաները և մասնագետներն էին մեզ հետ կապ հաստատում համագործակցելու առաջարկով: Պետք է նշել, սակայն, որ այս պահին պահանջարկի այն շեմը չունենք, որպեսզի գործակցենք տասից ավելի կլինիկաների հետ: 


Ինչպես նշեցիք, ոլորտի խթանումը շատ հեռանկարային է երկրի տնտեսության զարգացման առումով: Հետաքրքիր է` կա՞ արդյոք հետաքրքրվածություն պետական մարմինների կողմից կամ ներդրումների առաջարկ գործարար շրջանակներից:

Կարող եմ ասել, որ մեծ հետաքրքրվածություն է ցուցաբերում հենց մասնավոր դաշտը: Դեռևս հստակ ձևաչափի մեջ չեն դրվել համագործակցության ուղիները, սակայն ոգևորիչ է Երևանում գործող հեղինակավոր կազմակերպություններից միասին աշխատելու առաջարկ ստանալը: Կարևոր է հասկանալ, որ ցանկացած արդյունաբերության զարգացման համար անհրաժեշտ են մեծ ներդրումներ. եթե գործարար ոլորտը հետաքրքվում ու ֆինանսական ռեսուրսներ է տրամադրում, ապա պետությունը կարող է մշակել արդյունաբերության կոնկրետ ճյուղի առաջընթացին նպաստող քաղաքականություն ու մոտեցումներ: Պետությունը կարող է նաև աջակցել մեզ` մեր նախաձեռնությունն ավելի լայն ցանցի ներկայացնելով` զարգացման հիմնադրամներ, արտերկրում դիվանագիտական ներկայացուցչություններ և այլն. սա կարող է մեծ հաջողություն ապահովել նախագծի առաջխաղացման համար: 


Խոսեցիք ցանցի առաջարկած հնարավորությունների մասին, իսկ ի՞նչ հեռանկարներ է Ձեր առջև բացել «Լույսի» համայնքը:

Սկսեմ հենց իրականացվող ծրագրից. այժմյան իմ գործընկեր Արթուր Գասպարյանի հետ ես ծանոթացել եմ հենց «Լույսի» ցանցի շնորհիվ հիմնադրամի` «Զարգացնենք Հայսատանը միասին» ծրագրի շրջանակներում: Հայաստանյան շուկան շատ փոքր է, ինչը որպես թերություն է ընկալվում արտադրողների կողմից, քանի որ փոքր է նաև սպառման դաշտը: Սակայն սա առավելություն է դիտարկվում տեղեկատվության տարածման ժամանակ: «Լույսի» ցանցը մեզ օգնության է հասնում նաև այս առումով` ինֆորմացիան շրջանառելով տարբեր հարթակներում ու հնարավոր շահագրգիռ կողմերի միջավայրում: 


Շնորհակալություն, Գոռ: Իսկ կա՞ն այլ նախագծեր, որ իրականացնում եք այս փուլում:

Ասեմ, որ այժմ «Լույսի» հետ քննարկում ենք միանգամայն նոր նախագիծ, սակայն դեռևս կոնկրետ ոչինչ ասել չեմ կարող` ինֆորմացիան հետագայում ավելի ամբողջական ներկայացնելու նպատակով: 


Ըստ Ձեզ` զարգացման որ ճանապարհով է ընթանում Հայաստանը:

Հայաստանն ունի երկու կարևոր ռեսուրս` մարդկային և բնական: Սրանց հետ կապված` ես զարգացման երկու հեռանկար եմ տեսնում` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ և զբոսաշրջություն: Այս երկու ոլորտներում արված ներդրումները միանշանակ արդարացված կլինեն, իսկ մեծ ներդրումների գրավման համար անհրաժեշտ է պետական աջակցություն և ճիշտ մշակված քաղաքականության ներդրում: Կարևոր է նաև սփյուռքի ներգրավումը, քանի որ արտերկրում բնակվող մեր հայրենակիցներն ունեն գաղափարական ու ներդրումային մեծ պոտենցիալ:


Back to top