ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ոգեշնչենք

«Լույսի» մենթորության օր


Ապրիլ 13, 2015


Ազդարարում ենք Մենթորության ծրագրի մեկնարկը և ողջունում «Լույսի» համայնքի նոր անդամներին

Մարտի 13-ին «Լույսի» շուրջ 130 մենթիներ հավաքվել էին Երևանի «Կոնգրես» հյուրանոցում` մասնակցելու Մենթորության օրվան, որի ընթացքում նրանք ծանոթացան «Լույս» հիմնադրամին և իմացան` ինչ դեր է այն խաղալու իրենց կյանքում: Որպես նախաբան` «Լույսի» հայերեն բովանդակության պատասխանատու և թարգմանիչ Կարինե Էվոյանը պատմեց` ինչպես է ստեղծվել «Լույսը», ներկայացրեց հիմնադրամի առաքելությունը, այն է` միավորել աշխարհասփյուռ հայ երիտասարդներին Հայկական աշխարհի գաղափարի շուրջ:

«Լույսի» կրթաթոշակի ծրագրի պատասխանատու և պրակտիկանտների համայնքի համակարգող Արմեն Ներսեսյանը հակիրճ ներկայացրեց հիմնադրամի հիմնական ծրագրերը` կրթաթոշակի, պրակտիկայի, մենթորության և «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագիրը: Արմենը խոսեց նաև այն մասին, թե ինչ դեր ունի այս ծրագրերից յուրաքանչյուրը Հայաստանի զարգացման գործում:

Մենթորության համայնքի համակարգող Հայկ Ծատուրյանը մանրամասն ներկայացրեց «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագիրը: Նա հայտնեց, որ մենթորության ծրագրի ընթացքում առավել մեծ ակտիվություն դրսևորած մենթիները հնարավորություն կստանան զարգացման նախագծերի շուրջ համագործակցելու «Լույսի» կրթաթոշակառուների հետ Հայաստանի և Արցախի շուրջ քսան համայնքներում: Այդ ընթացքում նրանք ձեռք կբերեն նոր հմտություններ ու գիտելիք, կձևավորեն համայնքային մտածելակերպ, ինչը թույլ կտա նրանց զարգանալ անհատապես ու մասնագիտորեն:

Գրասենյակային աշխատանքի և հատուկ ծրագրերի համակարգող Խաչիկ Ավետիկյանը խոսեց կրթաթոշակի երկու նոր նախագծերի մասին` «Շվեյցարիայի կառավարութան գերազանցության կրթաթոշակներ» և «Չիվնինգի և «Լույսի» կրթաթոշակներ» ծրագրերի, որոնք երկուսն էլ համակարգվում են «Լույսի» հետ համագործակցությամբ: Այնուհետ նախագծերի ղեկավար Վալենտինա Հովհաննիսյանը մենիթներին ներկայացրեց «Լույսի» կողմից իրականացվող երեք այլ հետաքրքիր ծրագրեր` «Կարիերայի օրը», «Լույս. Ապագան կերտողները» և «Ստարտ Արմենիա» ձեռներեցության դրամաշնորհի մրցույթը: Վալենտինան ներկաներին պատմեց նման ծրագրերի շնորհիվ մասնագիտական նոր ուղի սկսող երիտասարդների մասին, ինչպես նաև «Լույսի» այն շրջանավարտների, ովքեր Հայաստանում սեփական ընկերություններն են հիմնել:

Այնուհետ «Լույսի» երկու շրջանավարտներ ներկայացրին հաջողության իրենց պատմությունները: «Սեյջ խորհրդատուներ» ընկերության տնօրեն Էմմա Սարգսյանը պատմեց «Լույսի» շնորհիվ Լոնդոնի համալսարանական քոլեջում սովորելու և մենթոր լինելու իր փորձառության մասին: Նշեց նաև, որ 2014-ի աշնանն ինքը ևս դիմել է «Լույսի» «Ստարտ Արմենիա» ձեռներեցության դրամաշնորհի մրցույթին, որի արդյունքները հրապարակվելու են ապրիլին:

Հանդիպմանը ներկա «Լույսի» մյուս շրջանավարտ Անի Բաբումյանը, ով ներկայումս աշխատում է որպես նախագծերի ղեկավար «Impact Hub Yerevan» ընկերությունում, պատմեց Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում իր աշխատանքային փորձի և Լոնդոնի համալսարանական քոլեջում ուսումնառության մասին: Այդ կրթության շնորհիվ նա կարողացել է միանգամայն նոր հմտություններ ձեռք բերել ու դրանք ի սպաս դնել հայրենիքի զարգացմանը: Անին մենթիներին խրախուսեց նպատակաուղղված լինել և միշտ հիշել մեծ երազանքների մասին:

Հանդիպման այս հատվածից հետո «Լույսի» տեղեկատվական տեխնոլոգիաների ղեկավար Հարութ Աբրահամյանը պատմեց` ինչպես ու որտեղից է իր գործունեությունն սկսել հիմնադրամը, ինչպես է զարգացել` դառնալով Հայաստանում նշանակալի դերակատարներից մեկը: Հարութը որպես օրինակ բերեց «Լույսի» իրականացրած աշխատանքը Ծափաթաղում` Սևանի լճի հարևանությամբ գտնվող սահմանամերձ գյուղում: Այնտեղ հիմնադրամի կրթաթոշակառուները և մենթիները տեղացի պատանիներին ու երիտասարդներին մեծ ոգևորություն էին փոխանցել, խրախուսել նրանց համայնքում ավելի նշանակալի դեր ստանձնելու` նվազագույն գործիքների և ռեսուրսների օգտագործումով նախագծելով ֆուտբոլի դաշտ:

Միջոցառման վերջին հատվածում մենթիները մասնակցեցին «Լույս կաֆե» անվամբ ինտերակտիվ մի վարժության, որի նպատակն է ներկաների միջև գաղափարների փոխանցումն ու շրջանառությունը: Մասնակիցները բաժանվեցին խմբերի, այնուհետ նրանց առաջարկվեց մտածել հայաստանյան իրականության մեջ վերջին շրջանում դիտվող դրական երևույթների մասին: Մենթիները պետք է նաև պատասխանեին` ինչ են իրենք պատրաստվում ներդնել` իրավիճակն ավելի բարեփոխելու համար: Մենթիները մի քանի անգամ փոխեցին քննարկման խմբերը, մինչև որ նրանցից շատերն իրար հետ չփոխանակեցին մտքերը: Վերջում տարբեր խմբերի ներկայացուցիչներն ամբողջ սրահին ներկայացրին իրենց ընկերների գաղափարները:

Մենթիները նշել էին հայաստանյան իրականության մեջ նոր բազմաթիվ զարգացումների մասին, այդ թվում` առաջընթացը տեխնոլոգիաների ոլորտում, բնապահպանական խնդիրների վերաբերյալ իրազեկության բարձրացումը և կանաչ տարածքների ավելացումը, կոռուպցիայի ավելի ցածր մակարդակը, առավել լայնախոհ մտածելակերպը, կրթական ու կամավորության ավելի լայն հնարավորությունները և այլն: Ինչ վերաբերում է հարցի այն մասին, թե ինչ են նրանք պատրաստվում անել իրավիճակն ավելի լավը դարձնելու ուղղությամբ, մենթիներից շատերը նշել էին` որքան են ցանկանում արտերկրում կրթություն ստանալ և ձեռք բերած գիտելիքն ու հմտությունները ներդնել Հայաստանում, զարգացնել երկրի մարզերը, միանալ երիտասարդական խմբերին, մասնակցել համայնքային միջոցառումների, ակտիվ գործունեության միջոցով բարձրացնել հասարակական խնդիրների վերաբերյալ իրազեկության մակարդակըը և միավորվել` ընդհանուր նպատակներն իրագործելու համար: Միջոցառման ավարտին «Լույսի» թիմը մենթիներին կոչ արեց մտքում պահել հնչեցրած գաղափարները և առօրյա կյանքում փոքր փոփոխություններ անել` իրենց մեծ երազանքներին հասնելու համար:


Back to top