ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ոգեշնչենք

«Կրթություն Հայաստան»2015 ծրագիրը մեկնարկել է


Ապրիլ 13, 2015

«Կրթություն Հայաստան» 2015 ծրագիրը հավաքագրում է Հայաստանից և սփյուռքից երիտասարդ մասնագետների`մասնակցելու առաջնորդության հմտությունները զարգացնող երկամյա վճարվող ծրագրին, որը մասնագիտական եզակի փորձ է ապագա առաջնորդների համար ամենատարբեր ոլորտներում:

«UWC Դիլիջան» միջազգային դպրոցի հետ համագործակցության շրջանակներում ծրագրի մասնակիցները հինգ շաբաթ տևողությամբ ինտենսիվ վերապատրաստում կանցնեն, որպեսզի ձեռք բերեն իրենց դասասենյակներում ու համայնքներում առաջնորդ դառնալու համար անհրաժեշտ գործիքներ և ռեսուրսեր: Վերապատրաստումից հետո նրանք աշխատանքի կանցնեն երկրի տարբեր դպրոցներում` դասավանդելով մյուս ուսուցիչների հետ: Աշխատանքին զուգահեռ երիտասարդները նաև առցանց դասերի կմասնակցեն, որոնց ավարտին ուսուցչի հավաստագիր կստանան կամ մագիստրոսի աստիճան` Հայաստանի պետական կրթական որևէ հաստատության կողմից:

«Կրթություն Հայաստան» ծրագրի նպատակն է ընդլայնել Հայաստանի բոլոր երեխաների կրթական հնարավորությունները երիտասարդ մասնագետների հավաքագրման ու վերապատրաստման միջոցով, ովքեր առնվազն երկու տարի դասավանդում են երկրի տարբեր դպրոցներում:

Առաջնորդության զարգացման ծրագրին կարող են դիմել հայերեն բանավոր և գրավոր խոսքին գերազանց տիրապետող երիտասարդներ, ովքեր մինչև 2015 թ. հուլիս ամիսն ստացած կլինեն նվազագույնը բակալավրի աստիճան և կկարողանան ստանձնել երկամյա դասավանդման պարտավորություն: Ծրագրին դիմելու վերջնաժամկետը 2015 թ. ապրիլի 23-ն է:

Այս եզակի հնարավորության մասին ավելին իմանալու համար կարող եք այցելել ծրագրի պաշտոնական կայք` teachforarmenia.org կամ էլեկտրոնային նամակ ուղարկել apply@teachforarmenia.org հասցեին:


Back to top