ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ոգեշնչենք

Գեղարվեստական կրթության միջոցով ինքնավստահության և նոր հմտությունների փոխանցում


Մարտ 19, 2015

«Լույս» հիմնադրամը դասընթաց է անցկացրել «Հուսո այգի»
կազմակերպության սաների հետ

Արվեստը կարող է գիտական հետազոտության նյութ լինել և կամ բավականին բարդ մի զբաղմունք՝ միաժամանակ հանդիսանալով մեր միջավայրը բացահայտելու հրաշալի միջոց: Ասվածը լիովին վերաբերում է չինական ավանդական վրձնարվեստին:

Սա արվեստի հնագույն ձևերից է, որ ստեղծվել է Քրիստոսից առաջ 4000 թթ.: Նկարչության այս տեսակի տարբեր տեխնիկաներ դարեր շարունակ փոխանցվել են վարպետից աշակերտին: Հակառակ արվեստի ժամանակակից շրջանի բազմաթիվ ճյուղերի՝ վրձնարվեստն ավելի մեծ կարևորություն է տալիս արտանկարչությանը և տեխնիկայի կատարելագործմանը, քան արվեստի միջոցով ինքնարտահայտվելուն:

«Լույս» հիմնադրամի նախագծերի ղեկավար Վալենտինա Հովհաննիսյանը և նյույորքյան «GK Brand Tribe Global» ընկերության գործադիր տնօրեն, արվեստագետ Վազգեն Քալայջյանը վրձնարվեստի վերաբերյալ դասընթաց անցկացրին «Հուսո այգի» կազմակերպության տասներկու երիտասարդ սաների հետ: «Լույսի» կամավորներն օգնեցին նրանց լավագույնս կազմակերպել ու անցկացնել սեմինարը:



Վազգեն Քալայջյան. «GK Brand Tribe Global» ընկերության գործադիր տնօրեն, արվեստագետ

Գիտակցելով հայ երիտասարդների կրթության և նրանց վստահություն ներշնչելու կարևորությունը՝ «Լույս» հիմնադրամը հանդես եկավ «Հուսո այգի» կազմակերպության հետ համագործակցելու նախաձեռնությամբ: Սա վրձնարվեստի թեմատիկայով թվով երկրորդ դասընթացն էր, որ «Լույսն» իրականացրեց երիտասարդների համար:

Երիտասարդ կանանց բարեգործական հիմնադրամի հովանու ներքո գործող այս կազմակերպությունը` «Հուսո այգի»-ն, իր հոգածության տակ է առնում 17-22 տարեկան ծնողաղազուրկ կամ ծնողական խնամքից զուրկ երիտասարդներին և տարբեր դասընթաներ անցկացնում նրանց համար՝ մասնագիտական կրթություն ու կյանքում անհրաժեշտ հմտությունների իմացություն ապահովելով: Իրենց ընտրած բնագավառում երկու կամ չորս տարիների ուսումնառության ընթացքում սաները բնակվում են հենց կենտրոնում:

2005 թ. իր դռները բացելու օրվանից «Հուսո այգի»-ն աջակցություն է տրամադրել շուրջ 70 երիտասարդ աղջիկների, ովքեր հետագայում աշխատանքի են անցել բժշկության, զբոսաշրջության, հաշվապահության ու ֆինանսների, կոսմետոլոգիայի, դասավանդման և այլ բնագավառներում: Կազմակերպության անձնակազմը սաներին խրախուսում է անկախ և լիարժեք կյանք վարելու, ինչպես նաև ակտիվ մասնակցություն ունենալու համայնքի կյանքում:

Դասընթացի սկզբում պարոն Քալայջյանը Ձեն փիլիսոփայական ուսմունքի վերաբերյալ որոշ տեղեկություններ հաղորդեց մասնակիցներին և նկարագրեց չինական վրձնարվեստի հիմնատարրերը: Վրձնարվեստը տարբերվում է արվեստի մյուս ձևերից, այն զգացողություններ է արթնացնում. ասես նկարիչն ուղղակի վրձնահարվածներ կամ լայն գծեր անելիս լինի` որևէ տառանշանի, կերպարի կամ տեսարանի տպավորություն ստեղծելու համար: Սակայն սա լոկ գեղեցիկ պատկեր ստանալու եղանակ չէ, այլ փիլիսոփայական ու զգայական ասելիքի պատկերում: Ի տարբերություն նկարչության, որը կարող է սպոնտան` ինքնաբուխ լինել, վրձնարվեստում ոչինչ պատահական չէ. նկարիչը պտտաձև շարժումներով սկսում է պատկերն էջի սկզբից ու աշխատելու ողջ ընթացքում կենտրոնացած է մնում տվյալ պահի և տրամադրության մեջ:

Տեսական նախաբանից հետո պարոն Քալայջյանն աղջիկներին բաժանեց անհրաժեշտ նյութերը և սկսեց ներկայացնել գործնականում թանաքանկարչության տեխնիկան, ոճը, ավանդույթները և մեթոդները: Աշխատաձևն ու մոտեցումը հասկանալով՝ աղջիկներն իրենք անցան գործի ու փորձեցին պատկերել «երջանկությունը», ինչպես նաև տվյալ պահի մեջ կենտրոնանալու ամենաբարդ պատկերումը՝ nyen-ը: Արվեստի այս ձևին տիրապետելը շատ դժվար է, քանի որ այն հատուկ ձիրք ու ճշգրտություն է պահանջում, ինչպես նաև տվյալ պահի մեջ կենտրոնացում:

Դասընթացին աղջիկները ծանոթացան նաև այս գեղեցիկ արվեստի պատմության ու արմատների հետ: Հին Չինաստանում ու Ճապոնիայում տառերը պատկերագրերից էին ստանում. Սա ամբողջովին տարբերվում է հնչյունական լեզուների մոտեցումից, որտեղ տառերի միջոցով նշվում են բառի բոլոր հնչյունները:

Ներածական մասից հետո պարոն Քալայջյանը կենտրոնի սաներին ցույց տվեց տարբեր արվեստագետների աշխատանքներ՝ պահպանողական ու աբստրակտ, ու խնդրեց ընտրել դրանցից մեկը՝ կրկնօրինակը նկարելու համար: Աղջիկները սովորեցին նաև սումի թանաք պատրաստելու ձևը. սա վրձնարվեստում օգտագործվող հատուկ թանաքի տեսակ է, որն ստանում են փայտածուխը քարի միջոցով մանրացնելու և ջրի հետ խառնելու արդյունքում: Սեմինարի վերջում սաները հնարավորություն ունեցան սեփական պատկերներն ստեղծելու:

Աղջիկներին մեծապես հետաքրքրեցին արված վարժությունները: Դասընթացն աղջիկներին թույլ տվեց ավելի լավ հասկանալ միտքը կենտրոնացնելու և լավագույն արդյունքն ապահովելու ձևը. սա հրաշալի վարժություն է ու մի հմտություն, որ կարելի է կիրառել կյանքի ամենատարբեր ոլորտներում: Դասընթացն աշակերտներին հնարավորություն տվեց նաև իրենց մտքերն ազատ արտահայտելու, ինչպես նաև մտածելու և գործելու սեփական եղանակը մշակելու:

Դասընթացի ավարտին «Լույսի» նախագծերի ղեկավար Վալենտինան աղջիկներին ներկայացրեց հիմնադրամի գործունեությունը և այն ռեսուրսները, որ հասանելի են նաև նրանց: Աղջիկներից ոմանք արդեն իսկ մասնակցել են «Լույսի» «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրին, որի ընթացքում նրանք հիմնադրամի կրթաթոշակառուների հետ զարգացման տարբեր նախագծեր են իրականացրել Հայաստանի և Արցախի տարբեր համայնքներում:

«Լույսը» հպարտանում է իր առաքելությամբ ու շարունակում ներգրավել հայաստանցի երիտասարդներին՝ հրավիրելով միանալու Գերազանցության շրջանին ու մեծ երազանքներ ունենալու:


Back to top