ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ոգեշնչենք

Հետազոտական այց` բացահայտելու Հայաստանում փորձառու գործարարների կրթության կարիքները


Դեկտեմբեր 12, 2012 սեմինար, կրթություն
Անի Խարաջյան եւ Հուրի Յուսուֆյան
2010 թ. հոկտեմբերի 18 -25, Հայաստան

"Լույս" հիմնադրամը հյուրընկալեց Հարվարդի բիզնեսի դպրոցի (HBS) փորձառու գործարարների կրթության բաժնի ղեկավար Անի Խարաջյանին և Բիո-բժշկական ուսումնասիրությունների "Նովարտիս" ինստիտուտի ֆինանսական հաշվետվությունների տնօրեն Հուրի Յուսուֆյանին (Քեմբրիջ, Մասաչուսեթս):

Նրանց նպատակն էր ուսումնասիրություններ կատարել` պարզելու` արդյոք հնարավոր է Հարվարդի բիզնեսի դպրոցի փորձառու գործարարների կրթության ծրագիրը Հայաստան բերել: Նրանք բազմաթիվ հանդիպումներ ունեցան Հայաստանում սոցիալական եւ գործարար շերտերի մի շարք ներկայացուցիչների հետ` համալսարանի ուսանողներ, հետազոտողներ, խորհրդատվական գործակալություններ, մեծ ու փորք բիզնեսների ղեկավարներ, Հայաստանի կենտրոնական բանկի անդամներ եւ շատ ուրիշներ:

Հուրի Յուսուֆյանը նշեց, որ Հայաստանում իրենք հետազոտում են երկու հիմնական դաշտ` կրթությունը և առողջապահությունը:

Նրանք հանդիպեցին նաեւ Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողների հետ: Սեմինարը թույլ տվեց հյուրերին առավել խորը պատկերացում կազմելու մի շարք խնդիրների մասին, որոնց այսօր բախվում է հայաստանյան կրթությունը: "Լույսի" հյուրերը բավականին հետաքրքրված էին Հայաստանի բուհերում եւ դպրոցներում կիրառվող ուսուցման մեթոդներով:

Ուսանողներից մեկը Հայաստանի կրթության համար արդիական հարց բարձրացրեց. տեսական գիտելիքները շատ հարուստ են, սակայն պրակտիկայի եւ փորձի պակաս կա: Այնինչ Հարվարդի բիզնեսի դպրոցում շեշտը դրվում է արդեն որոշակի փորձ եւ աշխատանք ունեցող մարդկանց կրթության վրա:

Հանդիպման ավարտին Անին և Հուրին բուհն ավարտելու հետո աշխատանքի դիմելու վերաբերյալ որոշ օգտակար խորհուրդներ տվեցին ուսանողներին: Նրանք կոնկրետ օրինակներ բերեցին` հիմնվելով սեփական փորձի վրա ու պատասխանեցին ուսանողների` HBS ընդունվելու պահանջներին եւ ուսուցման մեթոդներին ու պրակտիկային վերաբերող բազմաթիվ հարցերի:

Հուսով ենք` նրանք բավականաչափ տեղեկատվություն կունենան` կազմակերպելու իրենց վերադարձը Հայաստան եւ իրենց փորձն ու հմտությունները փոխանցելու Հայաստանի երիտասարդ սերնդին:

Օվսաննա Գևորգյան

Back to top