ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ոգեշնչենք

«Զարգացնենք Հայաստանը Միասին». «Լույս» հիմնադրամի ծրագիրը խթանում է համաստեղծումը եվ գիտելիքի փոխանցումը


Օգոստոս 20, 2014

«Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրի մեկնարկն «Այբ» ավագ դպրոցում

Այս տարի` հուլիսի 3-ին, «Լույսի» կրթաթոշակառուները հավաքվեցին Երևանի «Այբ» ավագ դպրոցում`ազդարարելու «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրի մեկնարկը: «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ հայր Մեսրոպ Արամյանը հանդես եկավ ողջույնի ոգեշնչող խոսքով` երիտասարդներին կոչ անելով ներգրավված մնալ Հայաստանի զարգացման գործում: Նա խոսեց «Այբ»-ի հիմնադրման մասին` որպես կրթության հանդեպ նորարարական մոտեցման օրինակի, որն սկզբում ընդամենը երազանք էր, սակայն համառության շնորհիվ իրականության կոչվեց:

«Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանն ուսանողներին հորդորեց մտածել հավաքական մտուժի կարևորության մասին, որը մարդկանց թույլ է տալիս համատեղել ջանքերը` հանուն ընդհանուր նպատակի: Այնուհետև «Լույսի» շրջանավարտներից մի քանիսը խոսեցին իրենց ընթացիկ նախագծերի մասին, ոգևորեցին և արժեքավոր խորհուրդներ տվեցին նոր ուսանողներին:

Թիմի կառուցման վարժանքներ Վայոց ձորի Հերմոն գյուղում

Այնուհետ` հուլիսի 4-ից 8-ը, «Լույսի» կրթաթոշակառուները հինգ օրով հավաքվեցին Հերմոն գյուղում` մասնակցելու թիմի կառուցմանն ուղղված սեմինարների և տարբեր համայքներում իրականացվելիք նախագծերը մշակելու: Իրականացված առաջին միջոցառումը «Լույս կաֆե» ձևաչափով քննարկումն էր, որի ընթացքում ուսանողները փորձեցին ներկայացնել աշխարհն ավելի լավը դարձնելու իրենց տեսլականը: Ուսանողները նշեցին, որ Հայաստան են եկել կապեր հաստատելու, իրենց գիտելիքը փոխանցելու, համայնքներում ներդրում կատարելու, կայուն փոփոխություններ ալիք ստեղծելու, անհատական աճը խթանելու և իրենց համախոհներին ոգեշնչելու համար:

Միասին նրանք նախատեսում էին ստեղծել համագործակցային միջավայր, ճանաչել սեփական ներուժը, զարգացնել արդյունաբերության տարբեր ճյուղեր և խթանել Հայաստանի` աշխարհին համընթաց զարգացումն իրենց նախաձեռնությունների միջոցով: Հայաստանի վերաբերյալ իրենց տեսլականը ներկայացնելուց հետո ուսանողները կազմեցին փոքր խմբեր և այցելեցին հարևան գյուղի բնակիչներին` տեղեկանալու համայնքի ապագայի վերաբերյալ նրանց պատկերացումներին:

Եղեգնաձորի թիմ

«Լույսի» կրթաթոշակառուներին ասված իմաստուն խոսքեր

Հերմոնում կայացած սեմինարների ընթացքում տիկին Կարաասլանյանն ուսանողների հետ խոսեց թիմի արդյունավետ անդամ լինելու և համագործակցային մտածելակերպի մասին, ինչը ԶՀՄ ծրագրի առանցքային թեմաներից էր: Դրական մտաձև ունենալու կարևորության մասին խոսելով` նա ավելացրեց. «Մեր խոսելաձևը պայմանավորում է մեր գործելակերպն ու ապրելաոճը»:

Շաբաթը նշանավորող մեկ այլ հանդիպում տեղի ունեցավ «Լույսի» շրջանավարտ Արտակ Բեգլարյանի հետ, ով ուսանողներին ոգեշնչեց` սեփական կյանքի և հաղթահարած մարտահրավերների մասին պատմելով: Պարոն Բեգլարյանն ստիպված է եղել բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարել այն օրվանից, երբ վեց տարեկան հասակում կուրացել է Ստեփանակերտի իրենց տան մոտակայքում ականի պայթյունից: Նա մասնագիտական մեծ հաջողությունների է հասել, ավարտել Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցը և այժմ աշխատում է որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի օգնական: «Լույսի» համայնքի հետ հանդիպմանն Արտակը նշեց, որ ամեն խոչընդոտ կարելի է փոխակերպել դրական երևույթի, և որ յուրաքանչյուրը պետք է անվերջ աշխատի ինքնակատարելագործման ուղղությամբ` ֆորմալ կրթության և ինքնուսուցման միջոցով: Նա ավելացրեց. «Մեր կրթությունը և հմտությունները ոչ մի նշանակություն չունեն, եթե մենք դրանք չենք օգտագործում»:

«Լույսի» ուսանողների նորարարական գողափարները առաջընթաց են խթանում բազմաթիվ ոլորտներում

Հերմոնում կայացած սեմինարների ընթացքում «Լույսի» կրթաթոշակառուները սահմանեցին Հայաստանի տարբեր ոլորտներում առկա տարբեր խնդիրներ, նորարարական նախագծեր քննարկեցին և անցան գործնական քայլերի մշակման փուլ:

Ուսանողները որոշեցին կենտրոնանալ հետևյալ ոլորտների վրա` գյուղատնտեսություն, բնագիտական կրթության զարգացում, հասարակության շրջանում ֆինանսական իրազեկության բարձրացում, ծրագրավորում, ռոբոտաշինություն, արհեստական ինտելեկտի մշակում, սկսնակ ձեռնարկությունների խթանում, բուժական շարժակայանների միջոցով կանխարգելիչ առողջապահական համակարգի զարգացում, սկսնակ ձեռնարկություններին աջակցող ՏՏ ինկուբատորի ստեղծում, իրավիճակային կոնֆերանսի միջոցով հասարակական հրատապ խնդիրների լուծում, շարժական գրադարանի միջոցով գյուղացիների կրթում:

Ծափաթաղի թիմ

Գաղափարների իրագործում. բիզնես նախագծի մշակման վարժանք

Ուսանողներին մանրամասն ներկայացվեց նաև զրոյից բիզնես նախագիծ կազմելու եղանակը. օրինակ` ռազմավարական ինչ մանրամասներ է անհրաժեշտ հաշվի առնել ընտրված նախագծի հաջողությունն ապահովելու համար: Այնուհետև ուսանողները ծանոթացան գաղափարը գործնական դաշտ տեղափոխելու եղանակին. նրանք փոքր խմբերի բաժանվեցին` իրենց ընտրած սկսնակ ձեռնարկությունների բիզնես նախագծերը մանրամասն մշակելու:

Յուրաքանչյուր թիմ ներկայացրեց սկսնակ ձեռնարկության իր բիզնես նախագիծը, որը գնահատվեց` ըստ հետևյալ չափանիշերի. համապատասխանություն գաղափարի հիմնական արժեքին, թիրախային լսարանին, ռազմավարական հնարավոր գործակցություններ, մարքեթինգ և խթանում, գաղափարն առաջ մղելու հետ կապված ծախսեր, եկամուտներ և գաղափարն իրագործելու գործնական քայլեր: Բոլոր թիմերը զարմացրին հրավիրված փորձագետներին մանրամասն մտածված բիզնես նախագծերով և իրենց տեսլականն իրականացնելու մոտեցումներով: Թիմերին հանձնարարվեց զարգացնել իրենց բիզնես նախագծերը համայնքներում աշխատելու երկու շաբաթների ընթացքում:

Գյումրու թիմ

«Լույսի» կրթաթոշակառուները ներգրավվում են Հայաստանի և Արցախի համայնքների զարգացման գործում

Հուլիսի 10-ին` մեկշաբաթյա սեմինարներից և նախապատրաստական փուլից հետո, «Լույսի» ուսանողները բաժանվեցին յոթ խմբերի և սկսեցին իրենց աշխատանքը Դիլիջանում, Եղեգնաձորում, Գյումրիում, Երևանում, Գարգառում, Ծափաթաղում և Շուշիում` համագործակցելով մենթիների և տվյալ համայնքի բնակիչների հետ:

Գարգառում աշխատող «Լույսի» թիմը փառատոն կազմակերպեց և դրամահավաք նախաձեռնեց Գարգառի Սուրբ Հովհաննես եկեղեցու վերանորոգման համար, իջևանատների ցանցի զարգացման մեխանիզմ մշակեց, սոճու կոների պահածոն շուկայում ներկայացնելու բիզնեսնախագիծ պատրաստեց և երիտասարդներին ներգրավեց կրթական տարբեր միջոցառումներում: Ծափաթաղի թիմը մանրամասնորեն գնահատեց գյուղի կարիքները, անցկացրեց ֆիլմարտադրության և ինտերակտիվ գիտելիքի սեմինարներ դպրոցականների համար։

Դիլիջանում աշխատող թիմը կազմակերպեց մեկշաբաթյա ստարտ-ափ ճամբար, նախապատրաստական աշխատանքներ տարավ «Լույսի» առաջիկա կարիերայի փառատոնի կազմակերպման ուղղությամբ, դրամահավաք իրականացրեց Դիլիջանի մշակույթի կենտրոնի վերանորոգման համար և անցկացրեց շախմատի առաջնություն` «Դիլիֆեստ» խորագրով: «Լույսի» Գյումրու թիմն ստեղծեց էլեկտրոնային առևտրի հարթակ` վաճառելու Գյումրու արվեստագետների գործերը, աջակցեց լիվինգ զարդերի վարպետության դասընթացին, տեղացի երիտասարդներին ներգրավեց արվեստի վերաբերյալ սեմինարներում, Գյումրու մասին փաստագրական նյութեր տեսագրեց։ Եղեգնաձորի թիմը միկրոտնտեսության և տեխնոլոգիայի թեմայով սեմինարներ անցկացրեց, «Մենք կարդում ենք» վերտառությամբ արշավ իրագործեց, կազմակերպեց ամենամյա «Եղեգեաց փառատոն»։

«Լույսի» Երևանի թիմը քաղաքային նախագծման սեմինարներ անցկացրեց, տեղեկատվական տեխնոլոգիաների դպրոց հիմնելու նպատակով գործողությունների ծրագիր մշակեց: Արցախի թիմը տնտեսական զարգացման ծրագիր մշակեց Շուշի քաղաքի համար, հայտնի ժինգյալով հացի բաղադրիչ խոտերի վերաբերյալ շուկայական հետազոտություն կատարեց և աջակցեց Շուշիի հումանիտար քոլեջին` վարպետության դաս և արվեստի ցուցահանդես կազմակերպելով:

Արցախի թիմ

«Լույսի» կրթաթոշակառուները ներկայացնում են համայքներում կատարած իրենց աշխատանքները

Համայնքներում իրականացրած ծրագրերը ներկայացնելու ցանկությամբ ոգևորված` «Լույսի» ուսանողները և մենթիները հուլիսի 24-ին հավաքվեցին Երևանում` «Այբ» ավագ դպրոցում` կատարած գործը ներկայացնելու իրենց համախոհներին և ժյուրիի անդամներին:

Աշխատանքները գնահատող ժյուրիի կազմում էին «Penta Investment Advisors» ընկերության ֆինանսական տնօրեն Ջոն Փրիջյանը, «GK Brand» ընկերության գլխավոր տնօրեն Վազգեն Քալայջյանը, «Dream Graphics» և «Angel’s Nest» ընկերությունների տնօրեն Գայանե Մարգարյան-Փրիջյանը, «Crumbs» հացի արտադրամասի տնօրեն Անի Հարությունյանը, հեռուստատեսային մեկնաբան Մամիկոն Սիմոնյանը, «Ռուբեն Վարդանյան» հիմնադրամի հաղորդակցության և մարքեթինգի բաժնի ղեկավար Զարմինե Զեյթունցյանը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի խորհրդատու Ջորջ Հոդջը և «Կոլբա լաբս»-ի համահիմնադիր Մարինա Մխիթարյանը:

Կատարված աշխատանքների մասին լսելով ու դրանք քննարկելով` ժյուրին գնահատեց նախագծերը` ըստ տարբեր չափանիշերի, և պարգևատրեց լավագույն նախագիծն ու ծրագիրը ներկայացրած թիմերին:

Գիտելիքի փառատոնին «Լույսի» կրթաթոշակառուները փոխանցում են իրենց գիտելիքն ու հմտությունները

Հուլիսի 28-ից 29-ը «Լույսի» ուսանողները սեմինարներ վարեցին Հայաստանի ամերիկյան համալսարանում: «Լույսի» գիտելիքի փառատոնի շրջանակներում անցկացվող սեմինարները բազմակի ուղղվածություն ունեին` քվանտային մեխանիկայից մինչև ֆինանսներ ու երաժշտություն: Հավակնոտ երիտասարդները հնարավորություն ունեցան շփվելու, համագործակցելու «Լույսի» ուսանողների հետ ուսումնական բազմառարկայական միջավայրում և իրենց ապագա մասնագիտության առումով ընտրություն կատարելու:

Դիլիջանի թիմ

«Լույսի» կրթաշակառուների հանդիպումը ՀՀ նախագահի հետ

Որպես ամենամյա ավանդույթ` հուլիսի 29-ին «Լույսի» կրթաթոշակառուներն առիթ ունեցան հանդիպելու Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Սերժ Սարգսյանին: Նախագահական նստավայրում տիկին Կարաասլանյանը ներկայացրեց ուսանողներին և Հայաստանի ու Արցախի տարբեր համայնքներում վերջիններիս իրականացրած աշխատանքները:

Նախագահ Սարգսյանը ջերմորեն ողջունեց կրթաթոշակառուներին և ընդգծեց հասարակության զարգացման գործում նրանց ներդրման կարևորությունը: Նա հայտարարեց. «Հնարավոր չէ հզոր Սփյուռք ունենալ առանց Հայաստանի և ոչ էլ հնարավոր է առանց հզոր Հայաստանի ունենալ ուժեղ Սփյուռք:- Ապա հավելեց._ Մենք պետք է միասին աշխատենք` հանուն Հայաստանի զարգացման»: Նախագահի ողջույնից հետո թիմերից յուրաքանչյուրի ներկայացուցիչ խոսեց համայնքներում կատարված աշխատանքի մասին: Հանդիպման ավարտին նախագահը հավաստագրեր հանձնեց «Լույսի» նոր կրթաթոշակառուներին:

«Լույսը» ներկայացնում է վերջին ձեռքբերումները և նշանավորում Հայաստանը` որպես հնարավորությունների երկիր

Հուլիսի 30-ին «Լույս» հիմնադրամը Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) անցկացրեց ոգեշնչող ելույթների մեկօրյա շարք։ Հրավիրված էին փորձառու մասնագետներ և պաշտոնատար անձինք՝ «Լույսի» կրթաթոշակառուների և լայն հանրության հետ զրուցելու Հայաստանի վերջին ձեռքբերումների և երկիրը գիտելիքահենք հզոր տնտեսություն դարձնելու ներուժի մասին։

Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահի պաշտոնակատար Արմեն Տեր-Կյուրեղյանը խոսեց Հայաստանի` գիտելիքի հանգրվան լինելու մասին: Պատմաբան Ռուբեն Գալչյանը լսարանին հորդորեց հստակ պատկերացնել Հայաստանի պատմական տեղն ու դիրքն աշխարհում: Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը խոսեց փոփոխության առաջամարտիկ լինելու կարևորության մասին: ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց իր մտապատկերը Հայաստանի՝ որպես հնարավորությունների երկրի մասին:

«Լույսի»` Գյումրիում ունեցած վերջին հաջողությունները ներկայացնելով` «Լույսի» կրթաթոշակառու Խաչիկ Կարամանուկյանը խոսեց Գյումրու թիմի աշխատանքի և էլեկտրոնային առևտրային հարթակի` «ԱրտՄենիա» կայքի հիմնադրման մասին: Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Համբարձում Ղուկասյանը և «Շիրակ թեքնոլոգիս» ընկերության տնօրեն Ավետիք Եսայանը ներկայացրին իրենց փորձը Գյումրու արվեստի և տեխնոլոգիաների բնագավառների զարգացման գործում: Այնուհետև Գյումրու վարպետության դասընթացի մասնակիցները ցուցադրեցին «կենդանի» զարդերի նախատիպերը՝ ապշեցնելով և հիացմունք պատճառելով հանդիսատեսին, իսկ «Լիվինգ-արտ-լաբս»-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Ֆլորան Ազիոսմանովը խոսեց վերջերս տեղի ունեցած համաշխարհային պրեմիերայի՝ «Լույսի» լիվինգ զարդերի մասին։

Երևան

«Լույսի» կրթաթոշակառուները խոսում են իրենց տպավորությունների և ապագա ծրագրերի մասին

Եզրափակելով հինգշաբաթյա թիմային բուռն աշխատանքը` «Լույսի» կրթաթոշակառուները հավաքվեցին ևս մեկ անգամ` արտերկիր մեկնելուց առաջ մի վերջին անգամ միմյանց ընկերակցությունը վայելելու: Հայաստան այցելության ավարտին բոլոր ուսանողները ներկայացրին Հայաստանի զարգացման իրենց տեսլականը:

«Լույսի» Դիլիջանի թիմի անդամները, ովքեր պատրաստ են հաջորդ տարի վերադառնալ` աջակցելու սկսնակ բիզնես նախաձեռնություններին, նշեցին. «Դիլիջանում մենք շատ բացահայտումներ արեցինք ոչ միայն քաղաքի, այլև ինքներս մեր մասին: Գյումրեցիների աչքերին նայելով` մենք տեսանք հայ հոգու և մտքի արտացոլումը. դա մեր մեջ նոր եռանդ արթնացրեց արվող աշխատանքի հանդեպ: Մենք հասկացանք` ոչ միայն ինչի, այլև ում համար էինք աշխատում` մեր հայ ժողովրդի, երկրի, մշակույթի, պատմության, մեր հսկայական հայկական ընտանիքի»:


Back to top