ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ոգեշնչենք

«Լույս» հիմնադրամի նախաձեռնությամբ ստեղծված «կենդանի» զարդերի համաշխարհային պրեմիերան Գյումրիում


Օգոստոս 20, 2014

Լիվինգ արտի` «կենդանի» արվեստի միջոցով արվեստի և տեխնոլոգիաների նոր,
հզոր տնտեսության ստեղծում Հայաստանում

«Լույս» հիմնադրամն առաջին քայլերն է նախաձեռնել` նոր տեխնոլոգիաների միջոցով Գյումրու մշակութային խորարմատ ավանդույթները մերօրյա ժամանակակից տնտեսության վերափոխելու համար:

Արհեստական ինտելեկտի միջոցով տեխնոլոգիաները ծրագրավորող այս նոր ոլորտը կոչվում է լիվինգ արտ. այն հայտնի է նաև որպես լիվինգ դիզայն կամ պատասխանատու միջավայր: Ներդրված ալգորիթմերն իրերին թույլ են տալիս ճանաչել և փոխազդել շրջապատող միջավայրի հետ՝ կախված դիտողի շարժումից, դիմախաղից, դիտման կետից և այլն:

Լիվինգ արտի ճյուղավորում համարվող «կենդանի» զարդերը ներկայացնում են դեկորատիվ կիրառական արվեստի նոր ոլորտ, որը համատեղում է տարբեր բնագավառների հմտություններ` զարդապատրաստման, նախագծման, ինչպես նաև միկրոէլեկտրոնիկայի և բարձր տեխնոլոգիաների:

«Կենդանի» զարդերի ստեղծման վերաբերյալ «Լույսի» նախագիծը կյանքի է կոչվում Գյումրիում

Գյումրեցի մի շարք արվեստագետներ, ոսկերիչներ, եռաչափ մոդելավորողներ, ծրագրավորողներ ու տեխնոլոգիայի մասնագետներ միավորվեցին` ստեղծելու «կենդանի» զարդերի հետևյալ հինգ նախատիպերը. «Թեթևության քաշը»` պարուհու տեսքով պատրաստված ականջօղեր, «Քարի շունչը»` սովորական քարերից պատրաստված մանյակ, մեջտեղում` կախազարդ, «Ներդաշնակություն»` քառակուսի մեծ կախազարդ` բաղկացած արծաթից, ապակուց և նրբաթաղանթ անցարկիչով էկրանից (TFT), «Հոգիների հանդիպում»` լաբիրինթոսաձև ապարանջան` քաղաքի փողոցները պատկերող նախշերով, «Թռիչքի թևով»` դեղին պղնձից պատրաստված մեծ, ասիմետրիկ մանյակ:

Կախված շրջապատող միջավայրից` յուրաքանչյուր նախատիպ փոխազդում է տարբեր կերպ` շարժումով, ձայն կամ լույս արձակելով: Գործողության մեջ գտնվող «կենդանի» զարդերը կարող եք տեսնել հետևյալ հղումով` https://www.youtube.com/watch?v=X7o4py0JH5w



«Թեթևության քաշը» բալետի պարուհու տեսքով պատրաստված ականջօղ է: Պարուհին ավելորդ քաշով կին է, ում մարմինը պատրաստված է մետաղալարերով, իսկ հագուստը բամբակից ու շղարշից է: Կոմպոզիցիան եռաչափ է: Թրթռող շարժիչներն ապահովում են մարմնի տարբեր մասերի շարժումը: Լուռ, հանգիստ միջավայրում պարուհին սկսում է մեղմորեն շարժվել. ասես պարում է գլխում հնչող երաժշտության տակ: Ցանկացած բարձր աղմուկի դեպքում պարուհին անհարմար ռեֆլեկտիվ շարժում է անում ու անշարժանում: Զարդի հեղինակ Կարինե Գալստյանն օգտագործում է ավելորդ քաշով պարուհու կերպարը` այն հակադրելով նրա ներքին թեթևությանն ու ներդաշնակությանը. այդպիսով հեղինակն ընդգծում է արտաքին ձևի և ներքին բովանդակության հակադրությունը, արտաքին տեսքի գերակա տպավորությունը փորձում գերազանցել ներքին` ուրիշ ու խորը աշխարհի շեշտադրմամբ:

Ռեսուրսների քարտեզագրում` համագործակցությունը խթանելու նպատակով

«Լույս» հիմնադրամը տեղի ռեսուրսների հիմնավոր գնահատում է իրականացրել և Գյումրիում համախմբել դրսի անհրաժեշտ այն ռեսուրսները` ապահովելու համար նախագծի իրականացումըն և շարունակական զարգացումը: Գյումրին լիվինգ արտի կենտրոն դարձնելու իր տեսլականն իրականացնելով` «Լույսն» այժմ աշխատում է նոր կայք ստեղծելու ուղղությամբ. այն արվետագետների և ծրագրավորողների համար առցանց հարթակ է լինելու, որտեղ վերջիններս կհամագործակցեն` լայնազանգված և անհատական սպառման համար նախատեսված հաղորդակցական գործիքներ նախագծելու համար: Սա իր տեսակի մեջ առաջին հարթակը կլինի Հայաստանում, որը կմիավորի տարբեր ոլորտների արվեստագետներին և մասնագետներին` լիվինգ արտի շարժում ստեղծելու նպատակով:

Արվեստագետների և տեխնոլոգիայի ոլորտի մասնագետների հավաքագրում` նոր շարժմանը մասնակցելու և համագործակցային արժեքավոր կապեր ստեղծելու համար

«Լույս» հիմնադրամը համագործակցում է Լիվինգ արտի և «Լիվինգ-արտ-լաբս»-ի պրոդյուսեր, հետազոտող և հեղինակ Ֆլորան Ազիոսմանովի հետ, ում աշխատանքները մեծապես նպաստում են լիվինգ արտի զարգացմանը: Ֆ. Ազիոսմանովը և «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանն աշխատել են միասին Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտի Մեդիա լաբ-ում` նորագույն տեխնոլոգիաների ստեղծման նախագծերի շրջանակում:

«Լույս» հիմնադրամը հրավիրել է Ֆ. Ազիոսմանովին` «կենդանի» զարդերի նախագիծն իրականացնելու և այս նոր արդյունաբերությունը արվեստասեր ու պատմությամբ հարուստ Գյումրիում սկզբնավորելու: Հունիսին «Լույսի» թիմը և պարոն Ազիոսմանովը Գյումրիում հանդիպեցին ոլորտի ներկայացուցիչների հետ` տեխնոլոգիապես գրագետ այս քաղաքում նոր արդյունաբերությունը տարածելու: Թիմը հանդիպում ունեցավ տեխնոլոգիայի ոլորտի ստեղծամիտ ներկայացուցիչների և արվեստագետների հետ, ովքեր մասնագիտացած են տարբեր ճյուղերում` զարդաստեղծում, հագուստի նախագծում, կարպետագործություն, նկարչություն, խեցեգործություն, պատկերազարդում, գրաֆիկական արվեստ, վեբ նախագծում, ծրագրավորում, ինժեներիա և ռոբոտաշինություն:

«Լույսի» թիմը և Ֆ. Ազիոսմանովն այցելեցին արվեստագետների արհեստանոցներ` ծանոթանալու նրանց գործերին, անհատապես շփվելու նրանց հետ և տաղանդավոր ստեղծագործողներին լիվինգ արտի վերաբերյալ առաջիկա վարպետության դասերում ընդգրկելու: Տաղանդավոր ստեղծագործողներից բացի, «Լույսի» թիմը հանդիպեց նաև արվեստի և տեխնոլոգիաների ոլորտի կարևոր շահառուների հետ:



«Քարի շունչը» սովորական քարերից պատրաստված մանյակ է, մեջտեղում` կախազարդ: Կախազարդը կազմված է չորս փոքր քարերից, որոնցից յուրաքանչյուրը բարձր ճտտոցի ազդեցությամբ շարժվում է ու թրթռում: Կախազարդի մեջտեղում ամրացված տասը լուսադիոդները թրթռում են տարբեր լուսարձակումով` արձագանքելով շրջապատող միջավայրին: Մարդաշատ ու աղմկոտ միջավայրում քարերն անշարժ են, մինչդեռ լռության մեջ դրանք ասես կենդանանում են` հազիվ նկատելի շարժումներ անելով ու մեղմորեն երգելով: Երբ որևէ մեկը մոտենում է զարդը կրողին, լույսերն սկսում են շնչառությանը համընթաց լուսարձակել: «Քարի շունչը» պատրաստված է սովորական քարերից` արտահայտելու Հայաստան երկրի ոգին: Ըստ զարդի հեղինակ Վահագն Ղուկասյանի` այս կոպիտ նյութի ետևում ոգեղեն հարուստ աշխարհ է, որը կենդանանում է միայն նրանց համար, ովքեր ուշադրություն են դարձնում իրեն ու խաղաղ սրտով մոտենում:

Լիվինգ արտ անվամբ արդյունաբերությունը ներկայացնող տեղեկատվական նիստ

Հունիսի 26-ին «Լույս» հիմնադրամն անցկացրեց լիվինգ արտը նշանավորող մամուլի ասուլիս, որին հետևեց «Տիրամայր» արհեստի դպրոցում կազմակերպված ցուցադրությունը: «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը և Կառավարության ու միջազգային կազմակերպությունների հետ կապերի պատասխանատու Էլինա Մարկարյանը ներկայացրին հիմնադրամի դերը արվեստի ու տեխնոլոգիաների միավորման միջոցով գերազանցությունը խթանելու գործում: Ելույթով հանդես եկավ Ֆլորան Ազիոսմանովը, ով խոսեց «Լույս» հիմնադրամի հետ իր համագործակցության մասին, լիվինգ արտի ոլորտում իր աշխատանքի և Գյումրիում այս արդյունաբերության զարգացման վերաբերյալ իր տեսլականը:

Լավագույնս պատրաստված ու հետաքրքրված հարյուրից ավելի մասնագետներ մասնակցեցին տեղեկատվական նիստին: Ցուցադրությունից հետո լսարանը մի շարք կարևոր հարցեր տվեց` փորձելով խորը պատկերացում կազմել գեղարվեստական այս նոր արտահայտչաձևի և Գյումրիում այս արդյունաբերությունը ներդնելու հեռանկարայնության վերաբերյալ:



«Ներդաշնակությունը» քառակուսի մեծ կախազարդ է` բաղկացած արծաթից, ապակուց և նրբաթաղանթ անցարկիչով էկրանից (TFT): Այն վառ գույներ և աբստրակտ գծեր է պատկերում: Կախազարդի ետևի անտեսանելի լուսադիոդներն սպիտակ լույս են արձակում, որը լուսավորում է էկրանը և տեսանելի դարձնում աբստրակտ գծերը: Կախազարդն զգայուն է այն կրողի և շրջապատի գեղագիտական մթնոլորտի հանդեպ, և միջավայրի գույներից ու ռիթմից կախված` զարդն ասես տատանվում է, փորձում հավասարակշռվել: Տաթև Հարթենյանն օգտագործում է գեղագիտական միջավայրում ներդաշնակության ու վարանումի փոխաբերությունը` պատկերելու մարդկային հարաբերություններում դրանց մշտաներկայությունը:

Լիվինգ արտի վարպետության դասերի կանոնավոր կազմակերպում Գյումրիում

Նախաձեռնող թիմն ընտրել է տաղանդավոր տասնյոթ մասնագետների` հինգ արվեստագետների, հինգ ոսկերիչների, տեխնոլոգիայի հինգ մասնագետների և երկու եռաչափ մոդելավորողների` մասնակցելու առաջին վարպետության դասերին, որոնք տեղի են ունեցել ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի շենքում հուլիսի 11-ից 20-ը: Վարպետության դասերի առաջին շարքի մեկնարկն ազդարարելու համար Ֆլորանին է միացել հայտնի բեմադրիչ, դեկորատոր և տեսողական արվեստագետ Պոլ Օլորին` մասնակիցներին ներկայացնելու «կենդանի» զարդերի պատրաստման հայեցակարգը:

Տասնօրյա համագործակցային աշխատանքի արդյունքում արվեստագետները և տեխնոլոգիայի մասնագետներն ստեղծեցին «կենդանի» զարդերի նախատիպեր: Ստեղծագործական պրոցեսը խթանելու համար դասընթացը վարողները թիմերին ներկայացրել են աշխատանքի բնույթն ու շրջանակները, սակայն յուրաքանչյուր զույգի ստեղծագործելու ազատություն է տրվել: Շաբաթվա վերջում կազմված թիմերը կներկայացնեն իրենց աշխատանքները, և սեմինարավարները կընտրեն այն նախատիպերը, որոնք հետագա մշակում կանցնեն: Երկարաժամկետ հեռանկարում թիմը կշարունակի ստեղծագործել և կհամալրվի ոլորտի նոր մասնագետներով` նպատակ ունենալով վարպետության դասերը դարձնել պարբերական: Գյումրու համայնքի առավելագույն ներգրավվածությունն ապահովելու նպատակով թիմը կաշխատի նաև թարգմանիչների և այլ մասնագետների հետ: Բացի այդ, «Լույսի» շրջանավարտները ևս կաջակցեն այս նախաձեռնությանը հիմնադրամի «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրի շրջանակներում:



«Հոգիների հանդիպում»-ը լաբիրինթոսաձև ապարանջան է` քաղաքի փողոցները պատկերող նախշերով: Ձեռքսեղմումի ժամանակ ապարանջանի լույսերն սկսում են վառվել: Դեղին լույսերը խորհրդանշում են լուսամուտների և փողոցների լույսերը, կարմիր լույսերը տանիքներն են, իսկ կանաչ լույսերը ծառերն են պատկերում: Երբ ձեռքսեղմումը շարունակվում է, լուսային անիմացիան բարդանում է. լաբիրինթոսի տարբեր եզրերից լույսերը հերթականությամբ վառվում ու փողոցներն իրար են կապում: Ձեռքսեղմումի շարունակվելու դեպքում, ի վերջո, լույսերն ասես պայծառության գագաթնակետին են հասնում ու միավորվում լաբիրինթոսի կենտրոնում: Լուսային շոուն ձեռքսեղմումից հետո դեռևս որոշակի ժամանակ վառ է մնում: Լաբիրինթոսի պատկերն օգտագործելով` զարդի հեղինակ Տաթև Հարությունյանն ասես ստիպում է մարդկանց ուսումնասիրել տարածությունն ու ժամանակը` միմյանց հետ ներքին կապը բացահայտելու համար:

«Լույս» հիմնադրամը Գյումրիում ներկայացնում է «կենդանի» զարդերի նախատիպերը

Հուլիսի 20-ին թիմերը հավաքվեցին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում` «կենդանի» զարդերի նախատիպերը ներկայացնելու ժյուրիին, որի անդամն էին Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը, այլ դիվանագիտական առաքելությունների և տեղի համայնքի ներկայացուցիչներ: «Կենդանի» զարդերը շշմեցուցիչ տպավորություն թողեցին բոլոր ներկաների վրա. միջոցառումն անասելի հաջողություն ունեցավ:

Գյումրիում լիվինգ արտի կայուն զարգացումն ապահովող հաջորդ քայլերը

Մեկ տարվա ընթացքում թիմը նախատեսում է վարպետության կանոնավոր դասեր կազմակերպել ու վերապատրաստել մասնագետների, ովքեր արդյունաբերությունը զարգացնելու համար ապրանքներ կստեղծեն: Վարպետության դասերի նախկին մասնակիցները կվերապատրաստվեն` հաջորդ սեմինարները վարելու համար, ինչը կապահովի նախագծի շարունակականությունը: Երկարաժամկետ հեռանկարում թիմը նախատեսում է Գյումրիում լիվինգ արտի /լիվինգ դիզայնի` Ֆրանսիայի հետ կապված դպրոց հիմնել:

Վարպետության դասերի ընթացքում ընտրված նախատիպերը կներկայացվեն կառավարության, դեսպանատների, գործարար աշխարհի ներկայացուցիչներից, ինչպես նաև արվեստագետներից կազմված հատուկ ժյուրիին: Հիմնվելով ստացված արդյունքների վրա` թիմը կաշխատի համագործակցային կապերի հաստատման ուղղությամբ` ապրանքները տեղի և միջազգային շուկաներում ներկայացնելու համար:



«Թռիչքի թևով» զարդը դեղին պղնձից պատրաստված մեծ, ասիմետրիկ մանյակ է: Կոմպոզիցիան կազմված է տերևներից ու դրանց մեջտեղում ամրացված գեղեցիկ թիթեռից: Երեք լուսադիոդները տարածվում են տերեևների միջով և թրթռալով կանաչ նուշի գույն, կոբալտի կապույտ և մուգ մանուշակագույն լույսեր արձակում: Սա շարունակվում է այնքան, քանի դեռ դիտողը գտնվում է որոշակի տարածության վրա: Երբ դիտողը մոտենում է զարդը կրողին, լույսերն սկսում են սինխրոն վառվել: Եթե մոտեցողը որոշ ժամանակ մնում է հանգիստ կանգնած, թիթեռն սկսում է թևերը շարժել: Թիթեռի թռիչքի պատկերն օգտագործելով` Աշոտ և Մամիկոն Միքայելյաններն ուզում են ասել, որ կարող ենք իրականացնել մեր երազանքները, քանի դեռ անկեղծորեն ենք վերաբերվում իրար և հավատ ունենք միմյանց հանդեպ:

Լիվինգ արտի շարժումն ունակ է խթանելու Գյումրու տնտեսական զարգացումը

Թվանշանային այս նոր արդյունաբերությունը սրընթաց արագությամբ գրավում է աշխարհը, և ամբողջ աշխարհում մեծ պահանջարկ է առաջանում ընկալելու գիտելիքն ու տեղեկատվությունը նոր` պատասխանատու եղանակով: Հայաստանի մշակութային մայրաքաղաք Գյումրին ունի լիվինգ արտ արդյունաբերության խթանմանն անհրաժեշտ մարդկային ռեսուրսներ. քաղաքում մեծ թիվ են կազմում արվեստագետները և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետները, ովքեր ունակ են զարգացնելու այս նորարարական տնտեսությունը և պատրաստակամ` համագործակցելու միմյանց հետ:

Լիվինգ արտի շնորհիվ Գյումրին կարող է համաշխարհային շուկայի համար այս ոլորտի ապրանքարտադրության առաջատար կենտրոն դառնալ: Համայնքի համաստեղծագործական ներուժն օգտագործելով` Գյումրին կարող է առաջընթաց ապրել, մեծապես նպաստել իր տնտեսական զարգացմանը և, ի վերջո, դառնալ Անդրկովկասի տնտեսական նոր մայրաքաղաք:

Լիվինգ դիզայնի, վարպետության դասընթացի մասնակիցների և զարդերի նախատիպերի վերաբերյալ մանրամասներ կարող եք կարդալ այստեղ:


Back to top