ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ոգեշնչենք

Գարգառ գյուղի ծաղկուն համայնքային կյանքը


Օգոստոս 20, 2014

Հայաստանի հյուսիսում գտնվող Գարգառ գյուղ ոտք դնելիս անցնում ես լեռնային ճանապարհով՝ ծառերի հովանու միջով, որտեղից բացվում է տպավորիչ կանաչ մի տեսարան, հեռվում սուրբ Հովհաննես եկեղեցին է, բլրի բարձունքից հսկում է գյուղը։ Հուլիսի 19-ին «Լույսի» կրթաթոշակառու Գրեգորի Լոշկաջյանի հրեշտակային ձայնի ելևէջները 8-րդ դարի վանքից տարածվում էին սարերի հեռուներում։ Ներսում այցելուներն անշարժ հիացմունքով լսում էին հայկական շարականը՝ «Տէր ողորմեա»-ն։ Գարգառի հոգևոր հովիվը պատարագ անցկացրեց՝ օրհնելով համայնքը։ Այնուհետև Գրեգորին կրկին հիացրեց Կոմիտասի «Կռունկի» իր մեկնաբանությամբ։

«Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրի շրջանակներում «Լույսի» կրթաթոշակառուներ Գառնիկ Սարգսյանը, Արփի Գրիգորյանը, Անրի Գրիգորյանը, Գրեգորի Լոշկաջյանը, Էմմա Հովհաննիսյանը, Դավիդ Երիցյանը, Ալան Չաղլասյանը, Լուսինե Նաջարյանը, Վահագն Ասլանյանը և Սևան Ղազարյանն իրենց մենթիների՝ Աննա Մամյանի, Անդրանիկ Գալստյանի, Լիլիթ Զալաքյանի և Սարգիս Վարդանյանի հետ աշխատեցին Գարգառում՝ կազմակերպելով փառատոն, որը նպատակ ուներ նպաստելու սուրբ Հովհաննես եկեղեցու վերականգնմանը. այն պատմականորեն ծառայում էր որպես գյուղի հոգևոր կենտրոն և մասամբ քանդվել էր 1988-ի երկրաշարժից։ Համայնքի օգնությամբ թիմը կարողացավ մի քանի օրում հավաքել շուրջ 3,000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար և դեռ շարունակում է օնլայն դրամահավաք իրականացնել։ (Այս կարևոր նախաձեռնությանը սատարելու համար խնդրում ենք այցելել http://www.gofundme.com/bfgm4k

Եկեղեցական ծիսակատարությունից հետո գյուղի երիտասարդները բաց երկնքի տակ հանրության համար ազգային պարեր, երգեր ու պոեզիա ներկայացրին։ Համանքի անդամները վաճառում էին իրենց մթերքը՝ բրոկոլիներով կարկանդակներ, եզակի մի բան՝ սոճու կոնի մուրաբա, որ հատուկ է գյուղին, ինչպես նաև նրբագործ պայուսակներ և ձեռքի աշխատանքի արդյունք զարդեր։ Համայնքի մոտ 200 անդամներ և հեռուներից եկած այցելուներ մասնակցեցին փառատոնին, միջոցառման հաջողությունն ապահովեցին և խթանեցին տեղական տնտեսությունը։

Փառատոնի տասնօրյա նախապատրաստական աշխատանքների ընթացքում «Լույսի» Գարգառի թիմն աշխատեց համայնքի հետ՝ մշակելու Գարգառի ապագայի ճանապարհային քարտեզը։ Գյուղի հարուստ մշակութային ժառանգությունը աշխարհին փոխանցելով՝ թիմը թարմացրեց Վիքիպեդիայի՝ Գարգառի մասին պատմող անգլերեն ու հայերեն էջերը և Գարգառի կայքը՝ gargar.luys.am։ Գյուղացիների խնդրանքով՝ երիտասարդները գարգառցի նշանավոր մարդկանց մասին պատմող պաստառներ մշակեցին, որոնք տեղադրվեցին ամբողջ գյուղում։

Տուրիզմի զարգացման սերմեր գցելով՝ թիմը Գարգառի օթևանների համար գործիքներ մշակեց, բիզնես խորհրդատվություն իրականացրեց և մի քանի մտքեր հաղորդեց արդեն իսկ աշխատող յոթ օթևաններին՝ կատարելագործելու իրենց ծառայությունները, ներառյալ էկոլոգիապես մաքուր սնունդը և տեղական արտադրության մթերքը։ Քարտեզագրեց նաև հարևան գյուղի պահոցային սարքավորումների հնարավորությունները և բիզնես պլան մշակեց Գարգառի համար՝ փաթեթավորելու, բրենդավորելու և արտադրելու սոճու կոնի յուրահատուկ մուրաբան։ Թիմն անսպասելի հանդիպում ունեցավ ՀՀ գյուղատնտեսության նախարարի հետ, փոխանցեց Գարգառի վերաբերյալ իր մտքերը, մի բան, որ թերևս անհնար կլիներ այլ երկրներում։

Գարգառի տուրիզմի ռեսուրսներն ընդլայնելուն զուգահեռ, «Լույսի» Գարգառի թիմը տեղի երիտասարդներին ներգրավեց կրթական միջոցառումներում։ Նրանց ներկայացրեց «Աղվես» ծրագիրը՝ «Սքրաչ» ծրագրի հայկական տարբերակը. դա ծրագրավորման բավականին դյուրին լեզու է, որ մշակվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտի Մեդիա լաբորատորիայում։ Ծրագիրը կոդերի միջոցով հնարավորություն է տալիս երիտասարդներին ստեղծելու ինտերակտիվ պատմություններ, խաղեր ու անիմացիաներ։ Ծրագրի օգնությամբ թիմը եռօրյա սեմինարներ անցկացրեց՝ ուսուցանելով անիմացիայի հիմունքներ և ձայնի օգտագործման սկզբունքներ։

Շրջակա միջավայրի մասին իրազեկման բարձրացման նպատակով թիմը մաքրման աշխատանքներ կատարեց ու ինտերակտիվ կրթական սեմինարներ իրականարեց՝ սովորեցնելով արժևորել իրենց շրջապատի էկոլոգիան։ Նման միջոցառում էր ֆուտբոլի դաշտի մաքրումն ու վերականգնումը, որին դիպուկ անուն տրվեց՝ «Լույսադաշտ»։

Գարգառի առողջապահության ամրապնդման նպատակով թիմը գյուղի առողջական վիճակի մասին հետազոտություն անցկացրեց և առաջ քաշեց բուժօգնության և տարեցների խնամքի շարժական կետրոնների ստեղծման գաղափարը։ «Լույսի» կրթաթոշակառու Ալան Չաղլասյանը, կիրառելով բժշկության իր գիտելիքները, առօրյա առարկաներից ինհալյատորներ պատրաստելու ասթմայով հիվանդ տարեցների համար։

Գարգառում աշխատելու մասին իր փորձից պատմելիս «Լույսի» ուսանող Գառնիկ Սարգսյանն ընդգծեց գյուղապետ Կարեն Զալինյանի ջանասիրությունը և օժանդակությունը թիմին։ Գարգառի համայնքի մասին բարձր կարծիք հայտնեց. «Փոքր բաները, որոնք մենք առօրյայում չենք արժևորում, այստեղ շատ են գնահատվում։- Հաջողությունից ոգևորված՝ ավելացրեց.- հրաշալի զգացողություն է, երբ գիտես, որ մենք այստեղ փոփոխություն բերելու ուժ ունենք»։


Back to top