ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ոգեշնչենք

Դիլիջանը՝ բիզնեսի, ֆինանսների և տուրիզմի խաչմերուկ


Օգոստոս 20, 2014

Դիլիջանի միջազգային դպրոցի (UWC Dilijan School), Այբ կրթական հիմնադրամի և ՀՀ կենտրոնական բանկի բացումը Դիլիջանն աստիճանաբար դարձնում է զբոսաշրջության հետաքրքիր վայր և գործարարության ու ֆինանսների կարևորագույն կենտրոն։ «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրի շրջանակներում «Լույսի» կրթաթոշակառուները Դիլիջանում ձեռնամուխ էին եղել այս ներուժի զարգացմանը՝ գործի դնելով սեփական գիտելիքները, հանդես գալով բազմաթիվ բացառիկ նախաձեռնություններով՝ սկսնակ ձեռնարկությունների ճամբար, շախմատի մրցույթ, բանկային գործի և ձեռներեցության սեմինարներ։

«Լույսի» ուսանողներ Վիտալի Ավագյանը, Սարին Շահմիրյանը, Հրանտ Ղարիբյանը, Դավիթ Աղամալյանը, Սաթենիկ Ջրբաշյանը, Նարեկ Միսակյանը, Անի Ներսիսյանը, Վահե Ճիտոյանը և Վահան Նանումյանը «Լույսի» մենթիներ Քրիստինե Առաքելյանի, Հովհաննես Արիստակեսյանի, Լուսինե Եղիազարյանի, Աննա Թանթուշյանի և Մանիլա Սարոյանի հետ սկսնակ ձեռնարկությունների մեկշաբաթյա ճամբար կազմակերպեցին ՝ ներգրավելով Դիլիջանի ավագ դպրոցի երեսունհինգ աշակերտների։ Թիմը ստեղծարար մտածողության, խնդիրների լուծման, ապրանքի դիզայնի և բիզնես նախագծի մշակման թեմաներով դասախոսությունների և ինտերակտիվ մարզանքների շարք իրականացրեց։ Շաբաթվա վերջին երիտասարդներն իրենց գաղափարները հակիրճ ներկայացրին «Լույսի» ուսանողներին, և թիմն ընտրեց զբոսաշրջությանն առնչվող երեք միտք. Դիլիբայքը (Dilibike) և Էկովելլան (EcoVella) հեծանիվային տուրիզմի նախաձեռնություններ են, իսկ «Փոքրիկ Շվեյցարիան» անիվների վրա շրջիկ սրճարանի գաղափար է։

Քսան երիտասարդ էր հավաքվել Դիլիջանի ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում՝ մասնակցելու «Լույսի» կրթաթոշակառու Սաթենիկ Ջրբաշյանի անցկացրած «Բանկային հմտություններ կյանքի համար» սեմինարին, որն ընդգծում էր ֆինանսական գրագիտության կարևորությունը։ Սեմինարի ավարտին հրավիրվեցին երեք հաջողակ սկսնակ ընկերությունների՝ Լայմ թեք (LimeTech), Սիթի բագս (CityBugs) և Քրամբս, ներկայացուցիչներ՝ ոգևորելու երիտասարդներին ակտիվացնելու ձեռներեցության իրենց ջիղը։ Երիտասարդներն օգնեցին նաև կազմակերպել «Լույսի» կարիերայի փառատոնը, որը տեղի է ունենալու հոկտեմբերին Դիլիջանում և ներգրավելու է Հայաստանի ավելի քան հարյուր ընկերություններ և սկսնակ ձեռնարկություններ։ Չանտեսելով Դիլիջանի երիտասարդական որևէ խմբի՝ թիմն այցելեց «Հույսի կամուրջ» ՀԿ-ի հաշմանդամ երեխաներին և կրթական խաղեր կազմակերպեց նրանց հետ։

Սեմինարներից բացի, «Լույսի» ուսանողները խթանում էին Դիլիջանի զբոսաշրջությունը՝ թարմացնելով տեղի օթևանների մասին կայքերը, Վիքիպեդիայի, Վիքիթրավելի և ճամփորձական խորհրդատուի (Trip Advisor) էջերը: Նրանք դրամահավաք կազմակերպեցին Դիլիջանի մշակույթի կենտրոնի համար և տեղի երիտասարդների հետ համագործակցությամբ՝ կարճ տեսանյութեր պատրաստեցին։ Նրանց հաջողվեց նշանակալի գումար հավաքել։ Այժմ էլ շարունակում են օնլայն տարբերակով ֆոնդեր հայթայթել։

Համայնքում աշխատանքների ավարտից երկու օր առաջ «Լույսի» թիմը շախմատի «Դիլիֆեստ» մրցումներ անցկացրեց։ Տեղացիները հավաքվեցին Դիլիջանի ամֆիթատրոնի տարածքում՝ մասնակցելու շախմատի բաց մրցաշարին և մշակութային ծրագրին՝ երգեր, պարեր, ասմունք և ջութակ։ Ամֆիթատրոնը լի էր տեղացիներով ու զբոսաշրջիկներով ամբողջ աշխարհից, ովքեր միավորվել էին Դիլիջանի սրտում։

«Լույսի» թիմը, սատարելով Դիլիջանի իրենց տարեկիցներին, նախատեսում է շարունակել աշխատանքները զբոսաշրջության ձեռնարկությունների կայացման ուղղությամբ։ Իր փորձի մասին տպավորությունները թիմը շարադրել է «Լույսի» բլոգում. «Մեր նպատակը ոչ թե Դիլիջանի համար որևէ բան անելն էր, այլ տեղացիներին ոգևորելը՝ գործն իրենց ձեռքը վերցնելու։ Սա միակ տարբերակն է՝ աշխատանքը շարունակական դարձնելու»։ Մյուս տարի վերադառնալու պատրաստ՝ նրանք գրել են. «Մինչ հաջորդ տարի, Դիլիջա՜ն»։


Back to top