ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ոգեշնչենք

Ձևավորում ենք քաղաքաշինական շարժում և ընդլայնում սկսնակ ձեռնարկությունների միջավայրը Երևանում


Օգոստոս 20, 2014

«Լույսի» կրթաթոշակառուներ Գոռ Հովակիմյանը, Վահե Մարկոսյանը, Մարինա Պետրոսյանը, Լեոն Ասլանովը, Հովհաննես Ավետիսյանը, Արմեն Մկրտչյանը, Հեղինե Կոշտոյանը, Պարույր Մաթևոսյանը և Րաֆֆի Մարտիրոսյանը «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրի շրջանակներում Երևանում մի շարք փոքրածավալ ծրագրեր էին նախաձեռնել, որոնք ներառում էին համայնքի դիմագծի, քաղաքաշինության թեմայով սեմինարներ և տեղեկատվական տեխնոլոգիաների գերժամանակակից դպրոցի ստեղծման գործողությունների պլանի մշակում։

«Լույսի» կրթաթոշակառու Վահե Մարկոսյանն իր թիմի օգնությամբ իրականացրեց երկօրյա սեմինար՝ «Խոսուն վայրեր. վերապատկերացնելով Երևանի հանրային վայրերը» խորագրով։ Նա ներկայացրեց, թե ինչպես են Երևանի հանրային տարածքները զավթվել և սեփականաշնորհվել և առաջարկեց մասնակիցներին ուղիներ մշակել, թե ինչպես կարելի է վերափոխել Երևանի համայնապատկերը։ Սեմինարը նա անցկացրեց ճարտարապետության թեմայով քրաշ-քորս (crash-course) դասախոսությունների շրջանակում և ներառեց մի քանի թեմատիկ ուսումնասիրություններ՝ նեշնչելով մասնակիցներին մշակելու Երևանի վերափոխման սեփական լայնածավալ ենթակառուցվածքային ծրագրերը։

Հետաքրքրված լինելով ներգրավելու ողջ համայնքին՝ Վահեն նկատեց. «Ցանկությունս էր հանրությանը հարթակ տրամադրել՝ քննարկելու Երևանի համայնապատկերի փոփոխությունները, ներգրավելու տեղական հեռանկարային հնարավորությունները և վերածելու այն նոր նախաձեռնությունների,- և հավելեց,- Երևանը մշակվել է վերից վար։ Մենք, սակայն, ուզում ենք հակառակն անել, ձևավորել քաղաքաշինության համընդհանուր շարժում»։ Մասնակիցները բազմաթիվ էսքիզներ մշակեցին մի շարք նախագծերի համար, այդ թվում՝ կանաչ տարածքների ավելացումը Մաշտոցի պուրակում, Հանրապետության հրապարահի մետրոպոլիտենի տարածքում, ինչպես նաև հանրահայտ «Ռոսսիա» կինոթատրոնի ետնամասում։ Մասնակիցները նաև առաջարկեցին Վերնիսաժի տարածքը վերածել ճարտարապետորեն գրավիչ լաբիրինթոսի՝ առավելագույնս տպավորելու զբոսաշրջիկներին։

«Լույսի» ուսանող Արթուր Ասլանյանը բիզնես նախագիծ է մշակել, որն անվանել է «Նորարարության խելամիտ սերունդ» (Intelligent Generation of Innovation): Իր թիմի օգնությամբ նա աշխատել է ստեղծել ծրագրավորման, ռոբոտիկայի և արհեստական ինտելեկտի ուսուցման մի հաստատություն, որը հիմնված է Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտի ուսումնական ծրագրի վրա։ Այն օգտակար կլինի Երևանի ձեռներեցների համայնքի համար՝ զարգացնելու իրենց տեխնիկական գիտելիքն ու բարձրացնելու իրենց ձեռնարկատիրական ոգին։ Արթուրը փորձում է թիմային աշխատանքի և ձեռներեցության մշակույթ ձևավորել, որը հանգամանորեն կպատրաստի Հայաստանի ապագա ձեռներեցներին՝ հիմնելու իրենց սկսնակ ընկերությունները և ապրանք արտադրելու համաշխարհային շուկայի համար։


Back to top