ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ոգեշնչենք

Ենթակառուցվածքների, գյուղատնտեսության և զբոսաշրջության զարգացումը Ծափաթաղում


Օգոստոս 20, 2014

Ծափաթաղը սահմանամերձ գյուղ է՝ տեղակայված է Սևանա լճի ափին, տպավորիչ մի տեսարանով, թերևս ամենաազդեցիկներից մեկը Հայաստանում։ Գյուղը ձևավորվել է արհեստականորեն՝ տանիք դառնալով Ադրբեջանից փախստական հայերի համար, ուստի և համայնքի զարգացման դինամիկան շատ տարբերվում է մյուս գյուղերից։

«Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրի շրջանակներում «Լույսի» կրթաթոշակառուներ Ավետիս Ղազարյանը, Օֆելյա Հարությունյանը և Ջուլիան Բարսամյանը «Լույսի» մենթիներ Լուսինե Գրիգորյանի, Գրիգոր Սարգսյանի, Տաթև Խաչատրյանի և Տաթևիկ Քոչարյանի հետ գյուղի մանրակրկիտ ուսումնասիրություն են իրականացրել՝ հանգելով այն եզրակացության, որ ճանապարհային ենթակառուցվածքների բացակայությունը պատճառ է դարձել գյուղի մեկուսացման, բժշկական շտապօգնության անհնարինության համար և վտանգում է մարդկանց հնարավոր տարհանումը հայ-ադրբեջանական սահմանից հանկարծակի հարձակման դեպքում։ Թիմը հաշվարկել է, թե որքան գումար է անհրաժեշտ ճանապարհների վերականգնման համար, աշխատել է տեղի երիտասարդների հետ՝ նկարահանելով տեսանյութ գյուղական համայնքի մասին, և այժմ հնարավոր ներդնողներ է փնտրում։

Ծափաթաղի թիմը պարզեց նաև, որ գյուղի մեկուսացումը ազդել է հատկապես տեղի երիտասարդների՝ գյուղի ապագա ղեկավարների վրա։ Ուղիներ քննարկվեցին՝ հարակից գյուղերի հետ կապերն ակտիվացնելու, օգտվելու կրթական առավելություններից, ընդգրկվելու պարբերաբար անցկացվող վարպետության դասընթացներում և մասնակցելու մարզային մրցույթների։ Բացի այդ, Ծափաթաղում անցկացրած կարճ ժամանակահատվածում թիմն անցկացրեց ֆիլմարտադրության և ճշգրիտ գիտությունների ինտերակտիվ սեմինարներ տեղի մանուկների համար։

Իր կախարդական ջրային տեսարանով՝ Ծափաթաղն ահռելի մեծ ու չօգտագործված հնարավորություններ ունի զբոսաշրջության զարգացման համար։ Հենց այս ոլորտի զարգացմանը թափ հաղորդելու համար «Լույսի» Ծափաթաղի թիմը քննարկեց, թե ինչպես կարելի է զարգացնել էկոտուրիզմը և օթևանների ցանց ստեղծել գյուղում։ Թիմը կշարունակի աշխատել համայնքի հետ՝ խթանելու այս բնագավառի առաջխաղացումը։

Ծափաթաղի եզակի կլիմայական և հողային պայմանները թույլ են տալիս երկարաձգել բերքատվության սոզոնը։ Ձեռնամուխ լինելով գյուղատնտեսության զարգացմանը՝ «Լույսի» թիմն ու տեղացիները նորարար լուծումներ առաջարկեցին հողագործության համար։ Շրջանառվող մտքերից մեկը մեծ սառցարանների ձեռքբերումն էր և մուրաբաների ու չրերի գործարանի ստեղծումը։ Թիմն այժմ միջոցներ է հայթայթում այս ծրագրերի համար։ Համայնքի անդամների խնդրանքով՝ թիմը հողագործության թեմայով սեմինար կազմակերպեց գյուղացիների համար՝ փոխանցելով նրանց պարզ տեխնիկական հնարքներ բերքատվության ավելացման համար։

Գյուղի մասին տպավորությունները փոխանցելիս թիմը գրում է. «Ծափաթաղը հարուստ գյուղ է, պտղաբեր հող ունի, մրգատու ծառեր, աննկարագրելի գեղեցիկ բնություն և լճի ամենադիտարժան տեսարանը։ Ինչևէ, գյուղացիները լիովին չեն օգտագործում տեղի ռեսուրսները։- Անձնական հետաքրքրվածություն ունենալով գյուղի զարգացման հարցում՝ նրանք հավելում են,- այդ իսկ պատճառով Ծափաթաղի թիմը շարունակում է և շարունակելու է նախագծեր մշակել, նախաձեռնություններ իրագործել, որ գյուղն աճի, զարգանա և գործածի իր ողջ կարողությունը»։


Back to top