ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ոգեշնչենք

Մետաքսի ճանապարհի վերածնունդը. Եղեգնաձորի գեղարվեստական և մշակութային նոր կյանքը


Օգոստոս 20, 2014

«Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրի համատեքստում «Լույսի» կրթաթոշակառուներ Աննա Սրապիոնյանը, Ջոն Հարությունյանը և Արմեն Սամուրքաշյանը «Լույսի» մենթիներ Հայկ Ծատուրյանի, Արմեն Ներսեսյանի, Թերեզա Սանոսյանի, Սմբատ Դանիելյանի, Միլենա Այվազյանի, Տիգրան Սարգսյանի, Գայանե Ավդալյանի, Լիա Շահնազարյանի, Սամվել Ղարիբյանի, Անուշիկ Մուրադյանի և Մհեր Մնացականյանի հետ իրենց կացության կարճ ժամանակահատվածում մի շարք նորարար նախաձեռնություններ են իրագործել։

«Լույսի» Եղեգնաձորի թիմը երիտասարդների հետ մի քանի միջոցառումներ է կյանքի կոչել, այդ թվում՝ թիմի կառուցման, ֆիզիկայի, տեխնոլոգիայի, մարդու իրավունքների, տնտեսագիտության և հռետորական արվեստի թեմաներով ինտերակտիվ սեմինարներ։ «Մենք կարդում ենք» խորագրով արշավ են իրականացրել՝ կարևորելով ընթերցանությունը, երիտասարդների հետ բարձրաձայն կարդալով գրքեր, քննարկելով դրանք, նպաստելով գրքերի փոխանակմանը, և տեսանյութ են նկարահանել, որտեղ երիտասարդներն իրենց սերն են արտահայտում ընթերցանության հանդեպ։ Մանկահասակ երեխաների համար կազմակերպել են ժամանցային խաղեր և միջոցառումներ, հեքիաթներ բեմադրել միասին, մուլտֆիլմեր դիտել, երգել և ասմունքել։ Բացի այդ, երիտասարդները խնդրել են մանուկներին նկարել իրենց երազած քաղաքը՝ խրախուսելով նրանց դառնալ համայնքի ակտիվ անդամներ։

Եղեգնաձորում զբոսաշրջության զարգացումը խթանելու նպատակով «Լույսի» թիմը ստեղծեց «Ֆեյսբուք» և «Թվիթեր» սոցցանցերի էջեր «Վայոց ձոր» անունով (Tour Vayots Dzor), թարմացրեց Վիքիպեդիա հանրագիտարանային էջի տեղեկատվությունը և «Լույսի» Եղեգնաձորի կայքը։ Սոցիալական ցանցերի էջերն արդեն իսկ նշանակալի ուշադրության են արժանացել և լինելու են արտերկրում այս մարզի բրենդավորման երկարաժամկետ ծրագրի կարևոր բաղադրիչ։ Վիքիպեդիայի էջը, որ նախկինում փոքրածավալ տեղեկատվություն էր ներկայացնում տուրիտներին և բնության սիրահարներին, այժմ առավել ամփոփ տվյալներ է պարունակում Եղեգնաձորի բուսական և կենդանական աշխարհի, պատմության և կլիմայի մասին։ «Լույսի» Եղեգնաձորի կայքն այժմ համալրված է տեղական զբոսաշրջային տեսարժան վայրերի, ռեստորանների, հյուրանոցների և օթևանների վերաբերյալ առավել ամբողջական ցանկով։ Տարածաշրջանում տուրիզմի զարգացման համար կենսական մի քայլ ևս. թիմը նշել է տեղական գիդ-ուղեկցորդների կոնտակտային տվյալները, ովքեր կարող են տարբեր լեզուներով աշխատել և ուղղորդել զբոսաշրջիկներին։ Միասնաբար այս կայքերը առաջիկա տարիներին կարևոր ռեսուրս կլինեն միջազգային և տեղացի այցելուների համար։

Թիմի աշխատանքի պսակը ամառային «Եղեգեաց փառատոնն» էր, որը հավաքել էր Վայոց ձորի արվեստագետներին, արհեստագործներին, ստեղծագործողներին և երաժիշտներին։ Փառատոնը Եղեգնաձորում էր հավաքել մի քանի հարյուր հետաքրքրված մարդու։ Հաջողությունն այնքան մեծ էր, որ Վայոց ձորի մարզպետը թիմին հրավիրեց մասնակցելու այլ փառատոների կազմակերպչական աշխատանքներին և հորդորեց նրանց «Եղեգեաց փառատոնն» ընդգրկել Արենու ամենամյա Բերքի և գինու տոնակատարության շրջանակներում։ Եղեգնաձորի թիմն անչափ ուրախ է փառատոնի հաջողության համար. «Փառատոնն ի մի բերեց մարզային արվեստի ու մշակույթի լավագույն նմուշները։ Այդ ամենը ներշնչող էր, գունեղ, լուսավոր և դեռ ավելին։ Անհնար է բառերով արտահայտել մեր տպավորությունները»։


Back to top