ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ոգեշնչենք

"Լույս"-ի ուսանողները կիսում են իրենց գիտելիքները


Դեկտեմբեր 12, 2012 գիտելիք
2010 թվականի հունվարին` ձմեռային արձակուրդի ընթացքում, Ներսես Արամյանը ԱՄՆ-ից վերադարձավ Հայաստան: Առիթն օգտագործելով` նա "Հանրահաշվային տոպոլոգիայի" թեմայով երկու սեմինար անցկացրեց Երեւանի պետական համալսարանի մաթեմատիկայի եւ մեխանիկայի, նաեւ` ֆիզիկայի ֆակուլտետների մի քանի ուսանողների հետ: MIT-ում սովորող Ներսեսը հասցրել էր մանրամասնորեն մշակել սեմինարին ներկայացվելիք բոլոր անհրաժեշտ նյութերը :

Զրույցի թեման "Ֆունդամենտալ խումբն" էր, որը հանրահաշվական տոպոլոգիայի ուսումնասիրության սկզբնական առարկաներից մեկն է: Սեմինարին ներկա էին ինչպես բակալավրի եւ մագիստրատուրայի ուսանողներ, այնպես էլ ԵՊՀ ասպիրանտներ:

Սեմինարը անկաշկանդ, ոչ ֆորմալ ու բավականին ակտիվ մթնոլորտում անցավ. անհրաժեշտության դեպքում ներկաները կարող էին հանգիստ ընդհատել եւ հարցեր ուղղել Ներսեսին:

ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի բակալավրիատի չորրորդ կուրսի ուսանող Արման Մարգարյանը, ով ներկա էր սեմինարին, նկատեց, որ տարիքով մեծ ուսանողները փոքր-ինչ տեղյակ էին մատուցվող նյութին եւ օգնում էին մյուսներին մտածել առաջադրված հարցրի շուրջ: Նրանց համար դա նաեւ գիտելիքը թարմացնելու, վերհիշելու առիթ էր: Մյուսների համար ամեն ինչ նոր էր ու հետաքրքիր:

"Ներսեսի անցկացրած սեմինարի նյութն արտերկրում լրջորեն ուսումնասիրվում է,- ասում է Արմանը:- Իսկ Հայաստանում, որքանով տեղյակ եմ, մաթեմատիկայի այդ ասպարեզն ուսումնասիրողները շատ քիչ են, եթե չասենք, որ ընդհանրապես չկան": Արմանի խոսքով` պատճառը հանրահաշվային տոպոլոգիան հետազոտող մասնագետների բացակայությունն է: Ներսես Արամյանի անցկացրած սեմինարը կարող է բավականին օգտակար լինել արտասահմանում կրթությունը շարունակել ցանկացող ուսանողների համար:

Արման Մարգարյանը սովորում է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսում: Ուսումնասիրում է քվանտային մեխանիկայի որոշ հարցեր: Ավարտական աշխատանքի թեման է "Երկկանալ ցրման ամպլիտուդները երկչափ պոտենցիալ դաշտի վրա ":

Շատ է սիրում մաթեմատիկա:

Արմանը Ներսեսի ընկերն է եւ "Լույս"-ի ամառային համալսարանի ընթացքում հանդես է գալու որպես նրա օգնական:Սրանով սկիզբ է տրվում "Լույս"-ի մենթորական ծրագրին, երբ "Լույս"-ի կրթաթոշակառուն մենթոր է դառնում Հայաստանի ավելի երիտասարդ մի ուսանողի համար:


Back to top