ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Լիվինգ արտ. զարգացող տնտեսություն


Համակարգչային գիտության և արհեստական ինտելեկտի համադրումն առօրյա գործածության առարկաների և ծառայությունների նախագծման մեջ

«Եթե ցանկանում եք` տնտեսությունն առաջընթաց ապրի, մեծ թվով ձեռներեցների և ստեղծարար ուժի կարիք կունենաք: Եվ ուրեմն պետք է ուշադրություն դարձնեք արվեստի ոլորտին. ձեռներեցությունն ու արվեստը համընթաց պետք է քայլեն»:
Գո Չոկ Թոնգ,,
Սինգապուրի վարչապետ (1990-2004)
«Asia News Network», 2002 թ., մայիս




Զարգացած տնտեսություն ապահովող գործոններն էապես փոխվել են: Տեղեկատվական տնտեսությունից աշխարհն արագ անցում է կատարել ստեղծարար տնտեսությանը, որն օգտագործում է անհատների գիտելիքը, երևակայությունը և եռանդը` ստեղծելու յուրօրինակ արժեքներ և նորատիպ հարստություն: Յուրաքանչյուր երկրի մեծագույն ռեսուրսն իր ժողովրդի ստեղծարար ներուժն է:

Վեբսթեր բառարանում «ստեղծարարություն» բառույթը սահմանվում է այսպես. «Ստեղծարարությունն իմաստալից նոր ձևեր ստեղծելու կարողությունն է»:

«Լույսի» կարգախոսը` «Սովորել – Գործել - Համաստեղծել», իսկապես, հզոր է, քանի որ հիմնադրամը բարձրորակ կրթության հնարավորություն է տալիս հայերին` ձեռք բերելու գիտելիք ու ներդնելու այն Հայաստանի զարգացման գործում: Այս գիտելիքը բացում է միտքը և ստեղծագործելու լայն հորիզոններ տալիս: Երկրում իր կիրառման ընթացքում այն վերափոխվում ու վերածվում է նոր ձևերի և արտադրանքի` հարուստ տեղի պատմությամբ, մշակույթով ու հմտություններով, որոնք պետք է ներկայացված լինեն միջազգային շուկաներում:

Լիվինգ արտը/լիվինգ դիզայնը զարգացող նոր ճյուղ է, և 2010 թ.-ից «Լույս» հիմնադրամը հանձն է առել Հայաստան այս նոր արդյունաբերության ներմուծման ու ներդրման գործը: «Լույսը» շարունակում է կանխանշած գործունեությունը և ներկայացնում լիվինգ արտի ներդրման նոր նախագծեր:

Լիվինգ արտը նոր տնտեսություն է, որն անմիջականորեն կապված է սպառել ցանկացող ու սպառելու պատրաստ միջազգային շուկայի հետ: Ստորև ներկայացված է թվանշանային այս նոր արդյունաբերության նկարագիրը, նաև այն, թե ինչու և ինչպես է լիվինգ արտը/լիվինգ դիզայնը նպաստելու Գյումրու տնտեսության զարգացմանը` դարձնելով քաղաքը լիվինգ արտի արտադրական համաշխարհային խոշոր կենտրոններից մեկը:

Այսօր ամենալայն կիրառումն ունեցող միջազգային լեզուն թվանշանային կոդավորումն է՝ հասարակական ու տնտեսական կյանքի բոլոր ոլորտների շարժիչ ուժերից մեկը: Ստեղծումից ի վեր թվանշանային ստեղծարարությունը շարունակական զարգացում է ապրել` ինտերակտիվ մուլտիմեդիա, համացանց, վիրտուալ իրականություն, բլոգային միջավայր, վեբ` եռաչափ կամ քառակուսային պատկերավորմամբ… Այս ոլորտի ամեն հաջորդ նորարարություն ստվերում է նախորդին և արմատապես նոր հեռանկարներ առաջարկում: Աշխարհն ու կենսաձևը խորքային փոփոխություններ են կրում, և բարձր տեխնոլոգիաները դառնում են տնտեսական զարգացման կարևորագույն խթանը՝ մուտք գործելով կենցաղ, արդյունաբերություն և անգամ արվեստ:

2010-ին Շանհայի միջազգային ցուցահանդեսում հայկական տաղավարը, որտեղ ներկայացված էին լիվինգ արտի ստեղծագործություններ, մեծ հաջողություն ունեցավ: Միջազգային հանրությունը բարձր գնահատեց տեխնոլոգիածին այս յուրատեսակ արվեստը, իսկ հայկական կողմն սկսեց ուղիներ փնտրել՝ Հայաստանի մշակութային կենտրոն Գյումրի քաղաքի տնտեսությունը լիվինգ արտի միջոցով զարգացնելու:

Ի՞նչ է «լիվինգ արտը»

Լիվինգ արտը հնարավորություն է տալիս համադրելու արհեստական ինտելեկտը և համակարգչային գիտությունն առօրյա գործածության իրեր նախագծելիս: Շրջապատող առարկաներն ու միջավայրը, թվանշանային գործիքներով համալրվելով, վարքագիծ դրսևորելու հնարավորություն են ստանում և ունակ դառնում ծառայությունների լայն շրջանակ մատուցելու մարդկանց:

«Լիվինգ արտ» եզրույթն առաջինն օգտագործել է թվանշանային արվեստագետ, սոցիալական հոգեբան, Եվրոպայում առաջին ստեղծարարական կենտրոնի` «Լը Կյուբ»-ի համահիմնադիր Ֆլորան Ազիոսմանովն իր «Լիվինգ արտ. թվանշանային արվեստ» (Living art : l’art numérique) աշխատության մեջ: Լիվինգ արտը գեղարվեստական նոր արտահայտչաձև է, որն օգտագործում է արհեստական ինտելեկտը՝ ստեղծելու համար արվեստի ինտերակտիվ գործեր, որոնք ասես կամրջում են թվային տեխնոլոգիաները և արվեստի ավելի ավանդական ձևեր: Ներդրված ալգորիթմերն իրերին թույլ են տալիս ճանաչել և փոխազդել շրջապատող միջավայրի հետ: Այլ կերպ ասած՝ լիվինգ արտի յուրաքանչյուր ստեղծագործություն ունակ է փոխելու հասարակությանն ուղղված հաղորդագրությունը՝ կախված դիտողի շարժումից, դիմախաղից, դիտման կետից և այլն:

Ֆլորան Ազիոսմանովը ներմուծում է նաև «լիվինգ դիզայնի» գաղափարը, որը ենթադրում է բարձր տեխնոլոգիաների կիրառումով նախագծել ոչ միայն արվեստի գործեր կամ ցուցանմուշներ, այլև ամենասովորական առարկաներում ներդնել ինտերակտիվ վարքագծի ալգորիթմեր` դյուրին դարձնելով դրանց օգտագործումը, կիրառումը կյանքի տարբեր ոլորտներում:

Ստորև ներկայացված են տարբեր ոլորտներում լիվինգ արտի կիրառման օրինակներ.

Խնդրում ենք հաշվի առնել, որ բերվող օրինակներն ընդամենը համեստ իրականացումներ են` համեմատած իրագործման ենթակա հեռանկարների հետ: Լիվինգ արտը շատ ավելի խորը, բազմաշերտ, բարդ ու հարուստ միջավայր է, քան կարելի է դատել ներկայացված օրինակներից:

Գիտելիք

Առցանց թանգարաններն ու գրադարանները կհամալրվեն արհեստական ինտելեկտով, որը կմտածի մարդկանց զուգահեռ և կօգնի նրանց ուսումնասիրել որոնման պահանջներին համապատասխան նոր տիրույթներ:

Կրթություն

Ուսումնական նոր միջավայր առաջարկող կրթական հաստատություններ, որտեղ ուսուցանվում է լիվինգ արտ/լիվինգ դիզայն` տեխնոլոգիական կոդավորման լեզուների և հատուկ մեթոդաբանության կիրառմամբ:

Ժամանց

Կստեղծվեն էլեկտրոնային ուսուցման համակարգեր, որոնք երեխաներին կօգնեն խաղալ սովորելով և սովորել խաղալով` օգտագործելով իմաստակիր բովանդակությունը «պատերազմ-պատերազմ» խաղերի փոխարեն:

Հաղորդակցություն

Լիվինգ արտը լայն կիրառում կգտնի նաև հաղորդակցության ոլորտում, օրինակ` գովազդի բնագավառում: Հյուրանոցների գովազդներ նայելիս տեսնում ենք շինության, սենյակների, կահավորանքի նկարները... Այժմ պատկերացրեք մի համակարգ, որը թույլ կտա հյուրանոցում գտնվելու բոլոր զգացողություններն ապրել` հոտեր, անկողնու փափկություն և այլն:

Արվեստ

Քաղաքային տարածքներում արվեստի ինտերակտիվ ցուցանմուշների տեղադրում, տեխնոլոգիապես վերազինված տնային կինոթատրոններ, սմարտֆոններ և այլն:

Տեղեկատվություն

Living Լիվինգ արտն առաջարկում է տեղեկատվության տարածման միանգամայն նոր եղանակ` ինտերնետային հեռուստատեսությունը. նման ճանապարհով տեղեկատվությունը կներկայացվի անհատականացված մոտեցմամբ` դիտողի հետաքրքրություններին ու պահանջին համապատասխան:



Հանրային ծառայություններ և կառավարում
Ստեղծել անհատականացված ինքնավար համակարգերի նոր սերունդ, որոնք թույլ կտան ամենակարճ ժամանակում լուծել բանկային գործարքների, վարչական թղթաբանության, քաղաքային խցանումների և նման այլ ոլորտների հետ կապված խնդիրներ: Օրինակ` անձնական հաշվեհամարը հուշում է տիրոջը կատարվելիք անհրաժեշտ փոխանցման մասին: Մեկ այլ օրինակ. կարևոր միջոցառումից առաջ ավտոմայրուղու ծանրաբեռնված ուղղության երթևեկելի շարքերն ավելանում են, հանդիպակաց ուղղությանը` պակասում, իսկ միջոցառման ավարտին` ճիշտ հակառակը:

Նշված օրինակները, որքան էլ դրանք աննշան լինեն այս նոր արդյունաբերության հնարավորությունների համեմատությամբ, ևս մեկ անգամ ընդգծում են լիվինգ արտի զարգացման կարևորությունը և հեռանկարայնությունը:

Նախագծման այս ձևը, ինչ խոսք, նոր է և առանձնահատուկ: Այն պահանջում է արհեստական ինտելեկտի և համաժամանակյա համակարգերի օգտագործում նոր գաղափարների, մոտեցումների ու մեթոդաբանությունների հետ միասին:

Մենք Հայաստանը դիտարկում ենք որպես լիվինգ արտի և լիվինգ դիզայնի ապագա զարգացած կենտրոն, որն ապրանքներ կապահովի համաշխարհային շուկայի համար:

«Լույս» հիմնադրամը, համագործակցելով Ֆրանսիայի «Լը Կյուբ» թվանշանային ստեղծարարության կենտրոնի հետ, ներկայացնում է լիվինգ արտը Գյումրիում: http://new.livestream.com/accounts/6467262/events/3133864
Back to top