Շարժական սահմաններ. ներսում ու դրսում
«Նպատակներ սահմանելն ու դրանց իրագործման համար քայլեր ձեռնարկելն ինքնին մեծ բավականություն պատճառող փորձառություն է, այդպես չէ՞,- ասում է Լևոն Գոլենդուխինը՝ «Լույսի» 25-ամյա շրջանավարտը:- Կյանքի իմաստը հենց այդ իմաստը որոնելու մեջ է»:
Տորոնտոն, Նյու Յորքը, Լոնդոնն այն քաղաքներն են, որտեղ Լևոնը սովորել է, և որոնք ոգեշնչել են նրան, նպաստել նրա անհատական զարգացմանը: Լևոնը միջազգային բիզնեսի բակալավրի աստիճան է ստացել Տորոնտոյի Յորք համալսարանի Շուլիխի բիզնես դպրոցում, այնուհետ սովորել Կոլումբիայի համալսարանի իրավունքի դպրոցում: Իրավագիտության մագիստրոսի աստիճան Լևոնն ստացել է Լոնդոնի տնտեսագիտության համալսարանում:
«Կրթությունը հոգեպես շատ հարստացնող գործընթաց է: Ես սովորեցի նախաձեռնություն դրսևորել իմ անհատական զարգացման հարցում՝ փնտրելով այն փորձառությունն ու ռեսուրսները, որոնք կօգնեն ինձ լավագույնս զարգացնել ակադեմիական ու մասնագիտական կարողություններս»: Կոլումբիայի համալսարանում քննադատական մտածողության ձևավորումը զարգացրեց նաև Լևոնի տրամաբանական փաստարկման կարողությունը և ամրապնդեց հարգանքը բազմազանության հանդեպ:
Լևոնի ատենախոսությունը վերաբերում էր չճանաչված պետությունների հետ ներդրումային պայմանագրեր կնքելուն առնչվող խնդիրներին: Երբ օտարերկրացի ներդրողը պայմանագիր է կնքում չճանաչված որևէ պետության հետ և դիմում է այլ երկրի դատարան կամ միջազգային արբիտրաժ՝ պայմանագրային վեճերը չեզոք ատյանում կարգավորելու համար, հենց այդ ժամանակ էլ հարցեր են առաջանում՝ կապված պետության իրավական կարգավիճակի հետ: Լևոնի հետազոտությունները վերաբերում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը, և դրանց հիման վրա հնարավոր է կազմել միջազգային պրակտիկայում կիրառելիք ընթացակարգեր:
Ամեն քաղաք, որտեղ Լևոնն ապրել է կյանքի տարբեր փուլերում, ներթափանցել է նրա ներաշխարհ՝ յուրաքանչյուրն իր ձևով ազդեցություն ունենալով նրա անհատականության ձևավորման վրա և հարստացնելով աշխարհայացքը: Տորոնտոն, Նյու Յորքը, Բարսելոնան, Տոկիոն, Լոնդոնը և Երևանն իրենց ինքնատիպ հետքն ու գույնն են թողել Լևոնի հոգում՝ անտեսանելի, սակայն ամուր թելերով կապվելով նրա հետ:
Առաջիկա տարիներին Լևոնը նախատեսում է ապրել և աշխատել Նյու Յորքում: «Այս քաղաքն ինձ միշտ հիացրել է իր էներգետիկայով,- ասում է Լևոնը:- Ես աշխատելու եմ որպես կրտսեր մասնագետ «Dentons» իրավաբանական ընկերության դատական վարույթների բաժնում»: Լևոնի աշխատանքը կապված է լինելու առևտրային վեճերի դատական կարգով լուծմանը: Նա դիտարկում է այս աշխատանքը որպես ակադեմիական գիտելիքը կիրառելու և իրավունքի գործնական կողմին ծանոթանալու հիանալի հնարավորություն:
Լևոնը խոսում է մի քանի լեզուներով՝ անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն (ու սա դեռ ողջ ցանկը չէ), իսկ այժմ նաև փորձում է բարելավել հայերենի իմացությունը: Լեզուների իմացությունը նա դիտարկում է որպես մեծ առավելություն. «Ամեն նոր լեզվի հետ սկսում ես նորովի ըմբռնել ու գնահատել շրջապատող աշխարհը»: Բացի այդ, լեզուների իմացությունը Լևոնին հնարավորություն է տալիս շփվելու տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ և հասկանալու նրանց մշակույթը:
Մշակույթների միջով, մշակույթների հետ
Լևոնը երեք քառորդով հայ է և մեկ քառորդով՝ հայրական պապի կողմից՝ ռուս: Հայրական ընտանիքի հայկական կողմն Արտաշատի մերձակա գյուղերից է, նրանցից ոմանք էլ Պարսկաստանից (Իրան) հայրենադարձածներից են սերում: Լևոնի մայրը Կապանից է, նրա ծնողները՝ Սյունիքից և Վրաստանի Բոլնիս-Խաչեն հայաբնակ գյուղից:
«Մշակութային պատկանելությունս շատ բարդ է ներկայացնել,- ասում է Լևոնը ժպտալով:- Ի դեպ, հայ ընկերներս հաճախ են պնդում, որ ես իրապես ամբողջովին հայ եմ, ուստի համաձայնության ենք եկել՝ ինձ կանադահայ որակելով»: Լևոնը ծնվել է Հայստանում, սակայն դրանից անմիջապես հետո նրա ընտանիքը տեղափոխվել է Ռուսաստան, այնուհետ Գերմանիա և, վերջապես, Կանադա: «Այդ երկրներից յուրաքանչյուրն իր ազդեցությունն է ունեցել կյանքիս վրա, և ես ինձ համարում եմ այդ բոլոր մշակույթների մի մասնիկը»:
Գաղտնիք չէ, որ Հայաստանում բարձր է արտագաղթի մակարդակը: Լևոնն իր տեսակետն ունի այդ խնդրի շուրջ. «Արտերկիր մեկնողների կյանքը վարդագույն լույսի ներքո պատկերացնելը բնակչության և ուղեղների արտահոսք է առաջացնում: Եվ միայն հայրենիքի սահմաններից այն կողմ ես դու հասկանում՝ ինչ է նշանակում սեփական մշակույթից հեռու ապրել»:Լևոնը հրաշալի հասկանում է՝ ինչ է նշանակում սեփական մշակույթն ունենալ, կրել այն որպես անտեսանելի և անձեռնմխելի մի բան, խախտել նրա մասին լռությունը, ապահովել նրա գոյակցությունն այլ մշակույթների հետ, նաև մշտապես սովորել քո մշակույթը, ճանաչել այն ու քայլ առ քայլ մոտենալ: Մեծանալով Լևոնը հասկացավ նաև պատերազմի տարիներին արտագաղթելու մասին ծնողների որոշումը. «Ես չեմ կարող դատել նրանց, ովքեր արտագաղթում են: Մեր ընտանիքի դեպքում միայն լավագույն մտադրությունները դրդեցին ծնողներիս մեկնել երկրից»:
Լևոնը չի ժխտում տնտեսապես զարգացած երկրում մեծանալու առավելությունները: Միևնույն ժամանակ նա հրաշալիորեն գիտակցում է՝ ինչ զոհողությունների են գնացել ծնողները՝ մեկնելու որոշում կայացնելով. նրանց ակադեմիական հավատարմագրերը ճանաչում չունեին արտերկրում, և նրանք ստիպված էին նոր մասնագիտություններ ձեռք բերել Կանադայում: «Բացի այդ, բնավ հեշտ չէ երեխաներին մեծացնել հարազատ մշակույթից հեռու: Քույր-եղբայրներս ու ես մեծացել ենք երկմշակութային միջավայրում ու միայն վերջերս ենք սկսել ուսումնասիրել ու բացահայտել մեր հայկական արմատները»:
Արտագաղթի մասին խոսելիս Լևոնը նշում է հետևյալ երկընտրանքը. մնալ և փորձել բարելավել արդեն իսկ ստեղծվածը, կամ մեկնել ու սկսել զրոյից: «Այո, դա իսկապես բարդ որոշում է և պահանջում է անհատական մոտեցում, բոլոր հետևանքների կշռադատում»:
Լևոնը Հայաստանի զարգացումը որոշակի առումով կապում է սփյուռքի աջակցության հետ. «Կարևորագույն մի քանի ոլորտներ՝ կրթությունը, մշակույթը, ֆինանսներն ու առևտուրը, հսկայական աջակցության կարիք ունեն, այդ իսկ պատճառով սփյուռքի և Հայաստանի միջև ամուր կապերն առանցքային նշանակություն ունեն հայկական եզակի ու համընդհանուր հասարակության ստեղծման համար»:
ԴՅՈՒԹՈՂ ՀԱՅԱՍՏԱՆ. ԱՌԱՍՊԵԼ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ալեքսանդր Դյումայի, Վիկտոր Հյուգոյի և ամերիկյան ժամանակակից գրականության սիրահար Լևոնը մեծագույն սիրով ընթերցում է նաև Հայաստանի պատմության ու մշակույթի մասին աշխատություններ: Լևոնն արդեն իր համար պարզել է, որ հայերի մեծագույն ձեռքբերումների հիմքում նրանց հաստատակամությունն է:
Վերջերս Լևոնն այցելեց Հայստան և չորս ամիս անց կացրեց հայրենիքում՝ ուսումնասիրելով ու բացահայտելով իր երկիրը և նրա հարուստ ժառանգությունը:
«Բնապատկերներն այստեղ իսկապես ապշեցուցիչ գեղեցկություն ունեն: Ամենուր լեռներ են, ամբողջ հորիզոնը՝ լեռներ... ու մեկ էլ հանկարծ Գեղարդի վանքը: Մտնում ես սյունազարդ ու ընդարձակ սրահներ և նկատում, որ պատերի կամ սյուների վրա չկան խորշեր, առանձին քարեր, գծեր, ու հետո միայն հասկանում ես, որ վանական համալիրի մեծ մասը ժայռափոր է. դա ուղղակի անհավատալի է, խելահեղ իրագործում: Ես հնարավորություն եմ ունեցել նաև վայելելու Գեղարդի երգչախմբի կատարումը հրաշալի ակուստիկայով սրահում... Անկրկնելի, աննկարագրելի ապրումներ էին»:
Հայաստանում որոշ ժամանակ անցկացնելով՝ Լևոնն զգացել է, որ տեղացիները ճակատագրապաշտ մոտեցում ունեն ապագայի նկատմամբ: Նա նաև նկատել է այն կարևոր խնդիրները, որ առկա են այսօր Հայաստանում, ուստի բարձր է գնահատում ժողովրդի ձգտումը՝ հասարակական, տնտեսական և քաղաքական զարգացումներ տեսնելու: «Վերադառնալով հայրենիք ու այդ խնդիրներից շատերին ինքս բախվելով՝ ինձ սկսեց թվալ, որ տեղացի շատ հայեր ուռճացված պատկերացում ունեն այլ երկրներում կենսակերպի վերաբերյալ: Ես շատ զրույցներ եմ ունեցել այն հայերի հետ, ովքեր, խոսելով տարբեր տեսակի խնդիրների մասին, դրանք վերագրում են միայն և միայն հայաստանյան իրականությանը: Ինձ շատ է ուրախացնում այն, որ երիտասարդ սերունդն սկսում է այլ կերպ նայել երկրի ապագային»:
«Լույսի» կրթաթոշակառուները վերաիմաստավորում են հայրենիքի հետ իրենց կապվածությունը՝ կանխանշելով դրական փոփոխությունների նոր ուղիներ: Անգամ աշխատելով նյույորքյան մեծ իրավաբանական ընկերությունում՝ Լևոնը սերտ կապ է պահպանում Հայաստանի հետ ու ձգտում իր գործունեությամբ զարգացնել երկիրը:
«Լույսի» մի քանի կրթաթոշակառուների հետ Լևոնն ընդգրկված է հիմնադրամի Դրամագլխային ֆոնդի զարգացման գործում: Բացի այդ, ամռանը նա հետազոտություններ է իրականացրել Արցախում՝ «Լույսի» «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրի շրջանակներում, և իրավական ձեռնարկ է կազմում ԼՂՀ-ում օտարերկրյա ներդրումների վերաբերյալ: «Ձեռնարկի նպատակն է Արցախում ներդրումներ կատարելու վերաբերյալ իրազեկել պոտենցիալ ներդրողներին: Հուսով եմ՝ միջազգային դատավարության և ներդրումների ոլորտում ունեցածս փորձառությունը կօգնի ինձ ձեռնարկը կազմելու գործում»:
Նախագիծը երեք հիմնական նպատակ է հետապնդում. պարզել Արցախում առկա ներդրումային հնարավորությունները, ներկայացնել այնտեղ ներդրումներ անելու հետ կապված իրավական ռիսկերը և ընդհանուր ուղղորդում տրամադրել տեղի իրավական դաշտում գործելու և իրավական ռիսկերի նվազեցման վերաբերյալ:
«Այդ ձեռնարկի օգնությամբ ես ցանկանում եմ բարձրացնել Արցախում ներդրումներ կատարելու վերաբերյալ իրազեկությունն ու խրախուսել առևտրային հարաբերություններն Արցախի և աշխարհի տարբեր երկրների ներդրողների միջև»: Արցախում օտարերկրյա ներդրումային նախագծերի շրջանակը մեծ արագությամբ ընդլայնվում է: Հուսով եմ՝ տեղեկատվական անհամաչափությունը նվազեցնելով՝ կաջակցեմ նոր ներդրողներին և այդպիսով կխրախուսեմ նրանց ներդրումներ կատարելու Արցախում»:
Լևոնը «Լույսի» առաքելությունը համարում է շատ համարձակ ու խոստումնալից: «Հայ երիտասարդների բարձրակարգ կրթության ապահովումը կարևոր քայլ է Հայաստանի մարդկային կապիտալը զարգացնելու ուղղությամբ: «Լույսի» դրամագլխային ֆոնդի նպատակն է կրթաթոշակի ծրագիրն ավելի կայուն ու թափանցիկ դարձնել: Օգտագործվելու է միայն ֆոնդային միջոցներից ստացված տոկոսադրույքը՝ թույլ տարով հաջորդ հարյուր տարիների ընթացքում կրթաթոշակ շնորհել տարեկան 200 երիտասարդների: Երջանիկ եմ, որ այս նախագծի մասն եմ կազմում, քանի որ սա եզակի հնարավորություն է աջակցելու ինձնից հետո եկող սերնդին, ինչպես նաև «Լույսին»՝ իր տեսլականն իրագործելու հարցում»:
Հեղինակ՝ Անրի Գրիգորյան, «Լույսի» շրջանավարտ
Թարգմանությունը՝ Կարինե Էվոյանի
Միացեք մեզ՝ աջակցելով մտքի ու գործի մարդկանց նոր սերնդին: