ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Լույսի Գիտելիքի Բլոգ

Ինչպե՞ս լավագույն արդյունքն ստանալ MBA ծրագրից


Հունվար 22, 2018 1636 դիտում

MBA ծրագրից լավագույն արդյունքն ստանալու համար կարևոր է նախաձեռնող լինել և առաջին իսկ օրվանից դրսևորել գործնական ուժեղ կողմերն ու յուրահատուկ հմտությունները։ Գործարար ոլորտում հաջողակ կարիերա կառուցելու կարևոր գործոններից է կապերի հաստատումը, ուստի ուսումնառության հենց սկզբից նախաձեռնողականություն հանդես բերեք և կապեր հաստատեք դասախոսների, համակուրսեցիների և համալսարանական միջավայրի այլ ներկայացուցիչների հետ․ այդ ծանոթություններն անփոխարինելի դեր կունենան փորձի ձեռքբերման, նոր հնարավորությունների բացահայտման առումով նաև հետագայում։

1. Ակտիվություն

Եթե որպես ուսումնառության ծրագիր ընտրել եք MBA-ն, ապա անհրաժեշտ է ի սկզբանե հաղթահարել ամաչկոտությունը, որպեսզի համարձակորեն «թակեք դռները», ու դրանք բացվեն Ձեր առջև։ Ակտիվ եղեք լսարանային քննարկումների ժամանակ և փորձեք հետաքրքիր մտքեր արտահայտել՝ հստակ ու վստահ ձևակերպված, գեղեցիկ շարադրանքով: Պատմեք այն ամենի մասին, ինչը Ձեզ հետաքրքրում է, և այդ դեպքում միշտ ասելիք կունենաք, ու շրջապատող մարդիկ կզգան այդ ոգևորող էներգիան:

2. Ճկունություն

Փորձառու գործընկերների, շրջանավարտների ու դասախոսների հետ ծանոթությունն այս ծրագրի ամենակարևոր մասերից է: Ուսումնառության տարիներին հաստատված կապերը ոչ միայն ընկերություն են դառնում, այլև կարևոր նշանակություն ունենում կարիերայի զարգացման հարցում: Մի խուսափեք նոր ծանոթություններից, մի վախեցեք դուրս գալ հարմարավետության գոտուց և տարբեր աշխարհայացքներ ու գաղափարներ ունեցող մարդկանց հետ զրույցի բռնվել: Հաճախ մասնակցեք հետաքրքիր միջոցառումների, որոնց ընթացքում հնարավոր է նոր բաներ սովորել և հանդիպել յուրօրինակ մարդկանց, մասնագետների։

3. Ժամանակի կառավարում

MBA-ի ուսանողների շրջանում երեք S-երի կանոնի մասին մի հումոր կա․ «Sleep-Քնել, Study-Սովորել, Socialize-Շփվել եռյակից ընտրեք երկուսը»: Իրականում այս ծրագրից լավագույն արդյունքն ստանալու համար պետք է ժամանակ գտնել այս երեքի համար էլ, այսինքն՝ ժամանակի կառավարման հմտություն ձևավորել: Ճիշտ ու համաչափ բաշխեք ժամանակը, որպեսզի բարձր արդյունավետությամբ աշխատեք ու պահպանեք նույն ոգևորությունը։ Հաջողության հասնելու համար շատ կարևոր է նաև Ձեր մասին հոգ տանելը, հանգստին ու նախասիրություններին ժամանակ տրամադրելը․ սա հաջողելու համար նույնքան որոշիչ է, որքան գործնական օրացույցում նշված պարապմունքներն ու հանդիպումները:

4. Գործնական կիրառում

Ուսանողական շրջանը լավագույն ժամանակն է ձեռք բերած գիտելիքն իրական կյանքում կիրառելու համար։ Գործնականում կիրառեք սովորած ամեն նոր գիտելիք, փորձարկեք, կատարելագործեք․ սա թույլ կտա ավելի հիմնավոր գիտելիք ձևավորել և ավելի պատրաստ լինել մասնագիտական գործունեությանը։

5. Հետաքրքրասիրություն

Օգտվեք ուսանողական ճանապարհորդությունների ընձեռած հնարավորություններից․ դրանք շատ ժամանակ չեն խլում, բայց նոր հեռանկարներ կարող են ստեղծել Ձեր հետագա գործունեության համար։ Այս ուղևորությունների շնորհիվ նաև շատ ընկերներ ձեռք կբերեք, որոնց հետ կարող եք քննարկել ու զարգացնել Ձեր բիզնես նախագծերը:

6. Ապագա անելիքներ

Ճիշտ է` դասերն ու ծանոթությունները շատ կարևոր են այս ծրագիրը հաջողութամբ ավարտելու համար, բայց այս ամենը միշտ դիտարկեք կարիերայի զարգացման տեսանկյունից: Հստակ սահմանեք Ձեր մասնագիտական ձգտումները և ուսման, պրակտիկայի ու աշխատանքի ընթացքում մշտապես հետևեք դրանց։

«Լույսի» համայնքը ողջունում է ձեր դիտարկումներն ու առաջարկները՝ բլոգի բովանդակությունը շարունակաբար հարստացնելու նպատակով։



* Պարտադիր է լրացնել բոլոր դաշտերը:

Back to top