ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Լույսի Գիտելիքի Բլոգ

Խորհուրդներ՝ TOEFL-ի ընթերցանության բաժնին պատրաստվելու համար


Փետրվար 01, 2017 3345 դիտում

Սա TOEFL iBT քննության առաջին բաժինն է, և ուսանողները հիմնականում հեշտությամբ են հաղթահարում այն։ Քննության այս բաժնին կարելի է պատրաստվել միանգամայն ինքնուրույն՝ առանց մասնավոր պարապմունքների և ուսումնական կենտրոններ հաճախելու: Կարգապահությունն ու կանոնավոր պարապմունքները հաճախ բավական են այս բաժնի համար բարձր միավոր ստանալու համար: Հուսով ենք՝ «Լույսի» կրթաթոշակառուների այս խորհուրդները կօգնեն Ձեզ ավելի հեշտ կողմնորոշվել քննությանը պատրաստվելու մեթոդների ընտրության հարցում։ Հաջողությո՛ւն ենք մաղթում։


Շատ ընթերցեք

Քննությանը պատրաստ լինելու համար պետք է կարողանաք սահուն կարդալ անգլերեն տարբեր տեքստեր՝ անկախ թեմայից ու ոճից: Հետևաբար անհրաժեշտ է շատ գրքեր և հոդվածներ կարդալ: Ձեզ համար նպատակ սահմանեք՝ ամեն տարի անգլերեն առնվազն 30 գիրք կարդալ և օրական՝ գոնե մեկ հոդված։ Առավելագույն արդյունքն ապահովելու համար փորձեք տարբեր ոլորտների վերաբերող ու տարբեր ոճերով գրված նյութեր կարդալ (գիտական ամսագրեր, գեղարվեստական գրականություն, պատմական ակնարկներ և այլն): Անպայման օգտվեք նաև այնպիսի անվճար ու հարուստ առցանց աղբյուրներից, ինչպիսիք են, օրինակ, The New York Times-ը, The Wall Street Journal-ը կամ The Economist-ը: Խորհուրդ ենք տալիս նաև TOEFL-ին հատուկ բառեր սովորել և շարունակաբար հարստացնել բառապաշարը:


Փորձնական թեստեր կատարեք

Անգլերեն ցանկացած տեքստ վարժ կարդալ իմանալուց բացի, անհրաժեշտ է նաև վարժվել քննության ձևաչափին՝ արագությանը, նրբություններին և այլն։ Փորձնական շատ թեստեր կատարեք և ամեն անգամ վերլուծեք Ձեր սխալները: Այս փուլում նախապատրաստական գրքերը և թեստերը շատ օգտակար կարող են լինել: Լոնգմանի, Քեմբրիջի և TOEFL iBT –ի պաշտոնական ուղեցույցներից ու թեստերից բացի, օգտվեք նաև համացանցում առկա առցանց վարժություններից։


Զարգացրեք բառապաշարը

Եթե հարուստ բառապաշար ունեք, ապա ընթերցանության բաժնի հարցերին լավ պատասխանելու համար պետք է ուղղակի տեխնիկա զարգացնեք։ TOEFL-ի նպատակն է ստուգել անգլերենի իմացության աստիճանը, ուստի այս բաժնում Ձեր մեծագույն մարտահրավերը տեքստն ու հարցերը հասկանալն է: Տեքստերում հաճախ ներառվում են բավականին բարդ ու հազվագյուտ բառեր, որոնց իմաստը Դուք կարող եք և չիմանալ։ Փորձեք բառապաշարը զարգացնել` օգտվելով նաև առցանց ռեսուրսներից, օրինակ՝ Quizlet-ից կամ Memrise-ից, որոնք բառերը մտապահելու զվարճալի մեթոդներ են առաջարկում։


Ռազմավարություն մշակեք

Վարժություններ ու թեստեր կատարելիս միշտ վերհանեք ու վերլուծեք արված սխալները և հաջորդիվ փորձեք խուսափել դրանցից։ Ինչքան շատ հմտանաք, այնքան ավելի հեշտ կգտնեք սխալների միջև օրինաչափություններ ու կխուսափեք ծուղակներից․ օրինակ՝ պատասխանի այն տարբերակները, որոնցում կրկնվում են տեքստից որոշակի բառեր, սխալ են: Այս և նման այլ օրինակներ նախատեսված են Ձեզ մոլորեցնելու համար, որպեսզի շտապեք ընտրել պատասխանը՝ առանց կոնտեքստին ուշադրություն դարձնելու: Ուշադիր եղեք մանրուքներին բառային ծուղակի մեջ չընկնելու համար։




«Լույսի» համայնքը ողջունում է ձեր դիտարկումներն ու առաջարկները՝ բլոգի բովանդակությունը շարունակաբար հարստացնելու նպատակով։



* Պարտադիր է լրացնել բոլոր դաշտերը:

Back to top