ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Լույսի Գիտելիքի Բլոգ

Ուսանողական մշակութային ակումբներ․ ինչպես վարել եվ ներգրավել նոր անդամների


Դեկտեմբեր 02, 2016 2657 դիտում


Լուսանկարում՝ Հայ ուսանողների միություն (Կալիֆոռնիայի Բերկլի համալսարան)

Երկար ժամանակով տանից ու հարազատ երկրից հեռանալը, իսկապես, շատ դժվար է: Արտերկիր մեկնած ուսանողները հայտնվում են բոլորովին նոր միջավայրում, և, բացի այդ, մեկ այլ դժվարություն է կրթական նոր համակարգին, գերծանրաբեռնված առարկայացանկին հարմարվելը։ Այս ամենը կարող է շատ սթրեսային լինել: Բարեբախտաբար, նորեկ ուսանողները մենակ չեն անցնում այդ դժվարին ճանապարհը. նրանց ամեն կերպ աջակցում են նրանց հայրենակիցները:

Ուսանողական մշակութային ակումբներն անհրաժեշտ են հենց նման դժվարությունները միասին հաղթահարելու և կյանքի նոր ընթացքին հարմարվելու համար։ Ակումբային հանդիպումներն օգնում են որոշ ժամանակ մոռանալ առօրյա դժվարությունների մասին, հնարավորություն են ստեղծում հայրենակիցների հետ մայրենի լեզվով շփվելու և պարզապես հաճելի ժամանակ անցկացնելու: Նման ակումբների հիմնումը, այնուամենայնիվ, կարող է շատ բարդություններ առաջացնել, հատկապես այն դեպքում, երբ պետք է նոր անդամներ հավաքագրել և ապահովել նրանց ակտիվ ներգրավվածությունը:

«Լույսի» կրթաթոշակառուները սովորում են ակադեմիական և արտալսարանային զբաղվածության հարուստ ռեսուրսներ ունեցող համալսարաններում, ուստի այնտեղ գործող հայկական ուսանողական միությունները հնարավոր բոլոր ջանքերը ներդնում են, որպեսզի իրենց կազմակերպած միջոցառումները որակապես, բովանդակությամբ ու բազմազանությամբ համապատասխանեն տեղի չափանիշներին։ Սիրով ներկայացնում ենք «Լույսի» կրթաթոշակառուների կողմից առաջարկվող մի քանի խորհուրդ, թե ինչպես կարելի է ստեղծել և արդյունավետ կերպով վարել ուսանողական մշակութային ակումբները։


1. Հաճախակի եվ կարճատև հանդիպումներ նշանակեք

Ակումբի հաճախելիությունը բարձրացնելու նպատակով ամենօրյա կարճատև հանդիպումներ կազմակերպեք: 30–60 րոպեանոց ամենշաբաթյա հանդիպումներ կազմակերպեք, և ուսանողները սովորություն կդարձնեն դրանց կանոնավոր կերպով հաճախելը։ Նման ժամանակացույցի դեպքում ակումբի բոլոր անդամները հնարավորություն կունենան մասնակցելու գոնե որոշ հանդիպումների` առանց խախտելու սեփական գրաֆիկն ու ծրագրերը։

2. Հավասարակշռություն պահպանեք կանոնավոր հանդիպումների եվ հասարակական միջոցառումների միջև

Միայն կանոնավոր ու պաշտոնական հանդիպումներն ակումբի անդամներին հնարավորություն չեն տա միմյանց ավելի լավ ճանաչելու և լավ ընկերներ դառնալու, իսկ անդամների միջև մտերմությունը շատ կարևոր է ակումբի արդյունավետության համար: Կանոնավոր հանդիպումների ժամանակացույցը կազմելուց հետո շաբաթվա ընթացքում մի քանի ոչ ինտելեկտուալ հավաք էլ նախատեսեք, որոնք կարող են անցկացվել անգամ ոչ լսարանային պայմաններում։ Կազմակերպեք նաև առավել մեծածավալ միջոցառումներ՝ նախատեսելով հյուրասիրություն ու զվարճանքներ՝ ակումբի հանդեպ նոր մարդկանց հետաքրքրությունը գրավելու համար։

3. Տարբեր թեմատիկայով միջոցառումներ կազմակերպեք

Երբեմն անհրաժեշտ է փոխել մշակութային իրադարձությունների բնույթը և կենտրոնանալ այլ թեմատիկայով նախաձեռնությունների վրա։ Օրինակ` ակումբը կարող է բանավեճեր կամ ելույթներ կազմակերպել այլ ակումբների անդամների հետ տարբեր թեմաների շուրջ` համաշխարհային իրադարձություններ, տնտեսություն, մշակույթ, գիտության և տեխնոլոգիաների ոլորտի նորարարություններ․ սա կօգնի ուսանողներին ընդարձակել իրենց մտահորիզոնը և թույլ տալ միմյանց փոխանցել ունեցած գիտելիքն ու փորձը:

4. Ուշադրության կենտրոնում պահեք ակումբի պասիվ անդամներին եվ ներգրավեք տարբեր միջոցառումներում

Համալսարանում հաճախ կարելի է հանդիպել մշակութային ակումբի գործունեության հանդեպ անտարբեր հայրենակիցների։ Նրանցից ոմանց չեն հետաքրքրում ակումբային հավաքները, իսկ ոմանք էլ, հնարավոր է, անգամ տեղյակ չեն ակումբի մասին: Ուստի շատ կարևոր է ակումբի նոր անդամներ փնտրել, նրանց հետ անհատապես կապ հաստատել անգամ սոցիալական ցանցերի միջոցով՝ պարզելու` արդյոք նրանք տեղյակ են խմբակի մասին և ինչպես կարող են ներգրավվել: Փորձեք նաև ընկերանալ ակումբի պասիվ անդամների հետ. դա կօգնի նրանց ավելի հեշտ ներգրավվել ընդհանուր գործունեության մեջ:

5. Ակտիվորեն ներգրավեք ակումբի բոլոր անդամներին` հարցնելով ու հաշվի առնելով նրանց կարծիքը

Ակումբի անդամների (ոչ ղեկավար անդամների) պասիվության պատճառ կարող է լինել այն, որ նրանց կարծիքը լսելի չէ: Այս բացը լրացնելու համար ակումբի կազմակերպիչ անդամները կարող են կարճ հարցումներ անցկացնել (առանց դրանք հարցումներ անվանելու, որպեսզի չվանեն մարդկանց) ակումբի ֆեյսբության էջում` ինչ-որ գրառման կամ խմբային քննարկման ձևով: Արդյունքում որոշ միջոցառումներ կարող են կազմակերպվել հենց այդ մեկնաբանությունների ու քննարկումների շնորհիվ: Նման քաղաքականություն վարելու դեպքում ակումբի բոլոր անդամների կարծիքն ու դերը կնշանավորվի, ինչը կարևոր խթան կհանդիսանա նրանց հետագա գործունեության համար:

«Լույսի» համայնքը ողջունում է ձեր դիտարկումներն ու առաջարկները՝ բլոգի բովանդակությունը շարունակաբար հարստացնելու նպատակով։



* Պարտադիր է լրացնել բոլոր դաշտերը:

Back to top