ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Լույսի Գիտելիքի Բլոգ

Խորհուրդներ՝ TOEFL-ի ունկնդրման բաժնին պատրաստվելու համար


Փետրվար 06, 2017 2710 դիտում

TOEFL iBT քննության ունկնդրման վարժությունների բաժինը երկրորդն է և հաջորդում է ընթերցանության բաժնին: Ինչպես ընթերցանության, այդպես էլ ունկնդրման բաժնին անհրաժեշտ կարողությունները կարելի է զարգացնել ամենօրյա անհատական աշխատանքի շնորհիվ: Հուսով ենք, որ «Լույսի» կրթաթոշակառուների խորհուրդներն օգտակար կլինեն քննության այդ բաժնին պատրաստվելու համար, և Ձեր պարապմունքներն ավելի ուղղորդված ու արդյունավետ կդառնան։


Անգլերեն ֆիլմեր ու տեսահոլովակներ դիտեք

Քննության այս բաժինը հաջող հանձնելու համար անհրաժեշտ է մեծ քանակությամբ անգլալեզու տեսանյութեր լսել/դիտել։ Կարելի է ուղղակի անգլերեն լրատվական նյութեր լսել՝ CNN-ով կամ այլ հեռուստառադիոալիքներով հեռարձակվող․ նախնական շրջանում բանալի բառերի միջոցով կկարողանաք կռահել հիմնական իմաստը, իսկ հետո կսկսեք ընկալել նաև ոճական նրբերանգներն ու ենթատեքստը։ Շատ ավելի հետաքրքիր ու նույնքան արդյունավետ կլինի գեղարվեստական ֆիլմերի, հեռուստաշոուների դիտումը, քանի որ դրանք թույլ են տալիս հասկանալ հնչող տեքստը հստակ իրավիճակներում։


Աուդիոգրքեր լսեք

Ակադեմիական թեմաներ և առավել բարդ բովանդակությամբ տեքստեր հասկանալու համար անհրաժեշտ է առցանց դասախոսություններ լսել, աուդիոգրքեր․ նման աղբյուրներն ավելի հիմնավոր գիտելիք են տալիս: Համացանցն այսօր բազմաթիվ ազատ ռեսուրսներ է առաջարկում․ օգտվեք դրանցից՝ ընկալման կարողությունը զարգացնելու նպատակով։ Ավելին, կարող եք ներբեռնել ցանկացած դասախոսության կամ աուդիոգրքի Ձեր նախընտրած հատվածն ու լսել այն Ձեզ հարմար ժամի՝ քնելուց առաջ կամ քայլելիս։ Ամեն օր առնվազն 30 րոպե տրամադրեք նման լսումներին, և արդյունքը երկար սպասել չի տա։


Փորձնական թեստեր կատարեք

Գործնականում Ձեր կարողությունները ստուգելու համար հաճախ կատարեք այս բաժնի վարժությունները։ Անհրաժեշտ է նաև նշումներ կատարելու հմտությունը զարգացնել․ սա կօգնի կենտրոնանալ ունկնդրվող նյութի վրա, տարբեր ընդգծումներ անել, իսկ վերջում՝ հարցերին պատասխանելիս, նշումները կօգնեն ճիշտ կողմնորոշվել։ Ուստի աշխատեք կարևոր նշումներ անել և այն էլ՝ արագ, քանի որ TOEFL iBT քննության այս բաժնի ամենակարևոր բաղադրիչը ժամանակն է, իսկ ավելի կոնկրետ՝ դրա սղությունը: Մինչև հիմնական քննությունը հանձնելը ճիշտ կլինի թեստային կենտրոնում փորձնական թեստ անցնել․ սա կօգնի Ձեզ պատկերացում կազմել ունեցած առաջընթացի և զարգացման ենթակա կողմերի վերաբերյալ։ Բազմաթիվ առցանց հավելվածներ կան, որոնք իրական թեստային իրավիճակ են ստեղծում․ կարող եք Ձեր հմտությունները փորձարկել նաև դրանց միջոցով: Գործնական վարժություններին շատ ժամանակ տրամադրեք ու շարունակեք աշխատել գիտելիքները խորացնելու ուղղությամբ։




«Լույսի» համայնքը ողջունում է ձեր դիտարկումներն ու առաջարկները՝ բլոգի բովանդակությունը շարունակաբար հարստացնելու նպատակով։



* Պարտադիր է լրացնել բոլոր դաշտերը:

Back to top