ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

«ԼՈՒՅՍ» ՀԻՄՆԱԴՐԱՄ. ԿՐԹԵԼՈՎ ԱՌԱՋԱՄԻՏ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ


Գիտելիքահենք տնտեսության ակունքներում

«Լույս» հիմնադրամն իր գործունեությունն սկսել է 2009 թվականին, երբ գիտելիքի ու կրթության առաջխաղացման ոլորտում ընդամենը մի քանի կազմակերպություններ էին գործում: Դա այն ժամանակաշրջանն էր, երբ Հայաստանն արդյունաբերական տնտեսությունից անցում էր կատարում դեպի գիտելիքահենք տնտեսություն, և «Լույսն» առաջիններից էր, որ նախաձեռնեց ապագա աշխատաշուկայի համար նոր հմտություններով ու առաջատար գիտելիքով մասնագետներ պատրաստելու գործը։ «Մեր օրերում տնտեսության շարժիչ ուժը կրթությունն է և ոչ թե նավթը կամ այլ բնական ռեսուրսները, ուստի անգամ երկրի չափերն անկարևոր են: Ավելի կարևոր է, թե ստեղծագործ ու մտավոր ինչ ներուժ ունի երկիրը ու որքանով է պատրաստ համաքայլ զարգանալու գիտելիքահենք տնտեսությանը»,- ասում է «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը:

«Երբ հիմնադրամն ստեղծվեց, հիմնադիրների նպատակն էր երիտասարդների մեջ սերմանել մեծ երազանքներ ունենալու կարողությունը, որպեսզի նրանք հավատան, որ աշխարհն իրենցն է, և որ նրանք կարող են անհնարինը դարձնել հնարավոր», ասում է տիկին Կարաասլանյանը: Ստեղծման օրվանից մեր նպատակն անփոփոխ է մնացել՝ ապահովել Հայաստանի մրցակցային դիրքն աշխարհի առաջատար երկրների շարքում։ «Լույսի» գործունեության առաջին տարիներին Հայաստանը նոր էր դուրս գալիս խոր ճգնաժամային իրավիճակից՝ Խորհրդային Միության փլուզում, երկրաշարժ, պատերազմ, և այս ամենը հետք էր թողել երիտասարդների կյանքի ու մտաձևի վրա․ ապագայի հետ կապված մեծ երազանքներ ու ձգտումներ ունենալու համար նրանց սահմանափակում էին տնտեսական իրադրությունն ու կենցաղը։ «Լույս» հիմնադրամն առաջիններից էր, որ երիտասարդ սերնդին հնարավորություն տվեց դարձյալ բարձր նշաձողեր սահմանելու և դառնալու իրենց մասնագիտական ոլորտում լավագույններից լավագույնը ոչ միայն Հայաստանում, այլև համաշխարհային հարթակներում: Այսօր մեր շրջանավարտներն արդեն իսկ 32 սկսնակ ձեռնարկություն են հիմնել Հայաստանում, այդ թվում՝ «Լույսի» «Ստարտ Արմենիա» ձեռներեցության դրամաշնորհի միջոցով։

Ավելին, վերջին տարիներին կառավարության կողմից նախաձեռնած հարկային օրենսդրության բարեփոխումները նպաստավոր հող են ստեղծել ոչ միայն նոր ընկերությունների ստեղծման, այլև օտարերկրյա ներդրումների համար։ Այս և այլ բարեփոխումների շնորհիվ երիտասարդ սերունդը մեծ հնարավորություններ են ստացել ոչ միայն մասնագիտորեն կայանալու, այլև աշխատատեղեր ստեղծելու և ապագան երկարընթաց ծրագրելու հարցում։ Խոշոր ներդրումների, սկսնակ ձեռնարկությունների, միջազգային կազմակերպությունների մասնաճյուղերի բացմանը զուգահեռ աճում է նաև բարձրակարգ ու հմուտ աշխատուժի պահանջը։

Հիմնադրամը, որի հիմնական նպատակներից է առաջնակարգ մասնագետների պատրաստումը, մշտապես հետևում է ընթացիկ զարգացումներին՝ իր ռազմավարությունն ու գործելակերպը հնարավորինս համապատասխանեցնելով ժամանակի և Հայաստանի տնտեսության աճող պահանջներին։ Ասվածի վառ օրինակ է «Լույս» հիմնադրամի կրթական խորհրդի կողմից վերջերս ներկայացված նոր ռազմավարությունը, որը վերաբերում է կրթաթոշակների հատկացման կարգին։

«Լույս» հիմնադրամի կրթաթոշակի ծրագրի նոր կանոնակարգ՝ ուղղված Հայաստանի զարգացմանն առավել նպատակաուղղված ծառայելուն

Կրթաթոշակի ծրագրի նոր կանոնակարգը մշակվել է՝ հիմք ընդունելով «Լույսի» գործունեության նախորդ ութ տարիների ընթացքում հավաքված վիճակագրական խոսուն տվյալները։

Ըստ նոր կանոնակարգի՝ ՀՀ քաղաքացի և մշտական բնակիչ հանդիսացող դիմորդները կստանան ուսման ընդհանուր ծախսերի մինչև 50 տոկոս կրթաթոշակ՝ ուսման ավարտին ՀՀ վերադառնալու և Հայաստանում կամ Արցախում 3 տարի աշխատելու պայմանով։

Հայկական ծագում ունեցող մյուս դիմորդները կստանան ուսման ընդհանուր ծախսերի մինչև 25 տոկոսի չափով կրթաթոշակ՝ «Լույսի» «Զարգացնենք Հայաստանը միասին» ամենամյա ծրագրին մասնակցելու պայմանով։ Իսկ եթե սփյուռքից դիմող՝ հայկական ծագում ունեցող երիտասարդներն ուսման ավարտից հետո Հայաստանում կամ Արցախում հաստատվելու և առնվազն երեք տարով աշխատանքի անցնելու պարտավորություն ստանձնեն, կստանան հավելյալ ֆինանսավորում ուսման ընդհանուր ծախսերի մինչև 25 տոկոսի չափով։ «Մենք հասկանում ենք, որ չենք կարող պահանջել, որ սփյուռքահայ երիտասարդը գա և ապրի Հայաստանում այն պարագայում, երբ նրա ողջ ընտանիքն ապրում է այլ երկրում, սակայն մենք բոլորին թույլ ենք տալիս ընտրել - օգտվել հավասար հնարավորություններից՝ կրելով հավասար պատասխանատվություն»։

Նշված պայմաններից բացի, կա ևս մեկ նոր հնարավորություն․ ՀՀ քաղաքացի և մշտական բնակիչ հանդիսացող այն դիմորդները, ովքեր ուսման ավարտից հետո Հայաստան կամ Արցախ վերադառնալու և երեք տարով պետական ոլորտում աշխատանքի անցնելու պարտավորություն կստանձնեն, կարող են ստանալ հավելյալ ֆինանսավորում ուսման ընդհանուր ծախսերի մինչև 25 տոկոսի չափով։ «Նախկինում հիմնադրամը չէր պարտադրում կրթաթոշակառուներին վերադառնալ ու աշխատել Հայաստանում, քանի որ հայաստանյան աշխատաշուկան և գործարար միջավայրը դեռ այսչափ զարգացած չէին, և աշխարհի լավագույն գիտական կենտրոններում կրթություն ստացած երիտասարդները մասնագիտորեն կայանալու մեծ հնարավորություններ չունեին հայրենիքում․ այսօր իրավիճակն այլ է, և մասնագիտական հեռանկարները՝ շատ ավելի լայն»,- նշում է տիկին Կարաասլանյանը։

Կրթաթոշակի ծրագրի փոփոխություններից մեկն էլ այն է, որ այսուհետ յուրաքանչյուր համալսարանի համար առավելագույնը 7 տեղ կհատկացվի ՀՀ քաղաքացի և մշտական բնակիչ հանդիսացող դիմորդներին, առավելագույնը 3 տեղ՝ հայազգի այլ դիմորդներին։ «Բոլոր այս փոփոխությունների հիմքում մեր դիտարկումներն են և նպատակը՝ հնարավորինս մեծ թվով բարձրակարգ մասնագետների ներգրավել հայաստանյան աշխատաշուկայում՝ նպաստելով երկրի զարգացմանը»։

Տիկին Կարաասլանյանը ցանկանում է, որ այս նոր փոփոխությունները որպես ռազմավարական մոտեցում դիտարկվեն: «Մենք «Լույսում» մեծ հարգանքով ենք վերաբերվում բազմամշակութայնությանը: «Լույսի» համայնքն ու բոլոր շրջանավարտներին միավորողը հայ լինելն է, նույն արժեքներն ու լավ ապագայի մասին ընդհանուր երազանքը: Իսկ լավագույն ապագան զարգացած Հայաստանն է՝ աշխարհին համահունչ առաջ ընթացող: Հույս ունեմ, որ կարդալով կրթաթոշակի ծրագրի նոր կանոնակարգը, որը կազմվել է՝ երկրի զարգացմանը հնարավորինս աջակցելու նպատակով, ապագա դիմորդները կհասկանան, որ բոլորը կարող են հավասարապես օգտվել այս հրաշալի հնարավորությունից՝ հավասարաչափ կիսելով երկրի զարգացմանը նպաստելու պատասխանատվությունը»:

Հայաստանը՝ հետազոտական առաջատար կենտրոն ողջ աշխարհի համար

«Լույսը» հպարտությամբ հայտնում է, որ Հայաստանի բոլոր նորարար, ազդեցիկ կազմակերպություններում («Այբ» հիմնադրամ, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, «Fast» հիմնադրամ, One Armenia և բազմաթիվ այլ) «Լույսի» շրջանավարտներ են ներգրավված: Սա ևս մեկ անգամ փաստում է, որ «Լույսը» կատարում է իր առաքելությունը՝ ստեղծարար ու բարձրակարգ մասնագետներով զինելով հայաստանյան աշխատաշուկան։

««Լույսը» սիրելու բազմաթիվ պատճառներից մեկն էլ այն է, որ մենք հայ ազգը դիտարկում ենք որպես մեկ ամբողջություն՝ անկախ մարդկանց բնակության երկրից ու քաղաքացիությունից: Եվ սա, թերևս, առաջին նախաձեռնությունն է, որ ստեղծվել է Հայաստանում, սակայն ծառայում է ամբողջ հայկական աշխարհին. սովորաբար հակառակն է լինում,- հավելում է տիկին Կարաասլանյանը: Հենց այս կերպ էլ «Լույսն» ընդարձակ Հայկական աշխարհը կապում է Հայաստանի Հանրապետության հետ:

“Ավելին, տիկին Կարաասլանյանը Հայաստանը տեսնում է որպես առաջատար հետազոտությունների յուրատեսակ կենտրոն։ «Հաճախ ենք լսում ու տեսնում՝ «արտադրված է Չինաստանում» կամ «պատրաստված է Հնդկաստանում», կարծում եմ՝ բավարար ներուժ ունենք, որպեսզի մի օր էլ սկսենք ասել՝ «հետազոտված և նախագծված է Հայաստանում»: Կենսատեխնոլոգիայի ոլորտի որոշ ընկերություններ արդեն կատարել են այս քայլը: Մենք կարող ենք ամեն ինչ հետազոտել ու նախագծել Հայաստանում, իսկ այնուհետ այդ նախագծածը կարտադրվի մեկ ուրիշ երկրում: Այս գաղափարն իրականանալի է, անհրաժեշտ է միայն կենտրոնացնել ռեսուրսներն ու ջանքերը։ Հայաստանը՝ որպես հետազոտական ու նախագծման համաշխարհային կենտրոն․ սա է մեր երկրի զարգացման իմ տեսլականը»:




Հեղինակ - Լիլիթ Պետրոսյան
ԱՄՆ-ում «Լույս» հիմնադրամի թղթակից

Լիլիթ Պետրոսյանն ԱՄՆ-ում «Լույս» հիմնադրամի թղթակիցն է։
Նա աշխատում է որպես վեբ բովանդակության պատասխանատու Hyundai Motor America ընկերությունում։
Լիլիթը ծնվել և մեծացել է Հայաստանում, ներկայումս բնակվում է Կալիֆոռնիայում (ԱՄՆ)։
Նա ավարտել է Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի միջմշակութային հաղորդակցության բաժինը։

Back to top