Մինչ 2011 թվականին Դարհեմ (Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ) տեղափոխվելը՝ միջազգային զարգացման քաղաքականության երկամյա մագիստրոսական ծրագրով սովորելու, Դիանա Խաչատուրյանը Հայաստանում աշխատել է տարբեր կազմակերպություններում՝ ղեկավարելով միջազգային նախագծեր: Ներկայումս նա աշխատում է «Լույս» հիմնադրամում՝ որպես զարգացման և դրամահավաքի ծրագրի համակարգող: Նա մշակում է դրամագլխային ֆոնդի, ինչպես նաև մոտ ապագայում մեկնարկելիք դրամահավաքի արշավի ծրագրերը: Դիանան իր ներկա աշխատանքը դիտարկում է որպես հավերժության մեջ կատարվող ներդրում, ինքն իրեն՝ որպես ցիրկուլյար միգրանտ, և իր որդուն՝ որպես իր կյանքի մեծագույն ձեռքբերում:
«Դյուկում ուսանելու տարիներին սովորածս ամենակարևոր գաղափարն այն էր, որ մարդկային ուղեղն ու կարողությունները սահման չունեն,- խոստովանում է Դիանան:- Ուսմանս տարիներն ասես երկամյա մարաթոն լինեին՝ գիտելիք ստանալու և սեփական կարողություններիս սահմանները փորձարկելու»:
Սկզբնական շրջանում Դիանան կառավարման կարճաժամկետ ծրագիր էր փնտրում Սենֆորդի հանրային քաղաքականության դպրոցում և տեղեկատվություն ստանալու համար կապ հաստատեց դպրոցի միջազգային զարգացման մագիստրոսական ծրագրի տնօրենի օգնականի հետ: Վերջինիս հետ էլեկտրոնային հաղորդակցությունը մեծ դեր խաղաց Դիանայի վերջնական ընտրության հարցում. նա հաստատապես որոշեց դիմել մագիստրոսական ծրագրին: Հետագայում Դիանան Երևանում հանդիպեց նաև Սենֆորդի հանրային քաղաքականության դպրոցի դեկանին ու Դյուկ համալսարանի միջազգային զարգացման կենտրոնի գործադիր տնօրենին, ինչից հետո նա սկսեց հավաքել անհրաժեշտ փաստաթղթերը:
Շուտով Դիանան ընդունելության հրավեր ստացավ և Մագդալենա Յեսիլի կրթաթոշակ, որը նախատեսված է Սենֆորդի հանրային քաղաքականության դպրոցում մագիստրոսական կամ ասպիրանտական ծրագրով սովորող հայ ուսանողների համար: Սրան զուգահեռ Դիանան դարձավ նաև «Լույսի» կրթաթոշակառու: Այսպես սկսվեց նրա երկամյա ճանապաչհորդությունը՝ լի մարտահրավերներով ու ձեռքբերումներով:
«Երբ ժամանեցի Դյուկ, համալսարանական կամպուսում ծանոթացման շրջայց կատարելիս ուսանողական համայնքի համակարգողը, ի մեծ զարմանս ինձ, ասաց՝ սա քո դպրոցն է, դու այստեղ օրեր ու գիշերներ ես անցկացնելու»,- հիշում է Դիանան:
Եվ, իսկապես, շատ շուտով նա լիովին համոզվեց ասվածի ճշմարտացիության մեջ. Դյուկում սովորելը տքնաջան աշխատանք է պահանջում ու մեծ ջանքեր, և զբաղեցնում է ժամանակի զգալի մասը:
«Այն փաստը, որ ամուսինս նույնպես Դյուկում էր սովորում և ինձ հետ էր, օգնեց ինձ շատ բան հաղթահարել ու հեշտությամբ հարմարվել նոր միջավայրին: Դյուկը շուտով դարձավ իմ նոր ընտանիքը, և Դարհեմը՝ երկրորդ հայրենի քաղաքս»:
Ուսման ընթացքում Դիանան մեծ ոգևորությամբ ծանոթացավ նոր ու տարբեր մշակույթների հետ. ավելի քան 30 երկրների ուսանողներ էին սովորում նույն կուրսում: Ինչպես հենց ինքը՝ Դիանան է նշում, դա մասնագիտական ու մշակութային առումով հիանալի ուսումնական գործընթաց էր:
«Ի դեպ, ամուսինս ու ես սիրում էինք հայկական ճաշատեսակներ պատրաստել և ճաշկերույթի հրավիրել ընկերներին. նրանց ամենից շատ դուր էին գալիս հայկական խորովածի շուրջ ավանդական խնջույքները: Մեր ընկերներին ոչ միայն ավանդական ուտեստներն էին դուր գալիս, այլև հայկական հյուրասիրության մշակույթը»:
Դյուկում էլ Դիանայի ազգային ինքնությունն աննկատ չմնաց. նա դասախոսներից հաճախ էր գովասանքի խոսքեր լսում ոչ միայն իր, այլև մյուս տաղանդավոր հայ շրջանավարտների մասին: Նման պահերին հատկապես Դիանան մեծ հպարտություն էր զգում սեփական ազգային պատկանելության համար:
Դյուկի համալսարանում մագիստրոսի աստիճան ստանալով՝ Դիանան աշխատանքի առաջարկ ստացավ «Freedom House»-ի «Արտակարգ իրավիճակներում աջակցման ֆոնդից» և երկու տարով բնակություն հաստատեց Վաշինգթոն քաղաքում (ԱՄՆ):
2015 թվականին Հայաստան վերադառնալով՝ Դիանան նկատեց, թե ինչ առաջընթաց է ապրել երկիրը նորարարության ու զարգացման առումով: Չնայած կառավարության, ինստիտուցիոնալ, մասնավոր, հասարակական ու քաղաքացիական ոլորտներում առկա մարտահրավերներին՝ Դիանան, որպես միջազգային զարգացման մասնագետ, բացահայտեց ստեղծագործելու և զարգացման նոր հեռանկարներ:
«Ուսմանս ընթացքում ես հասկացա, որ հայկական սփյուռքը չօգտագործվող ահռելի ներուժ ունի: Մարդկային կապիտալը և սփյուռքը Հայաստանի ուժն ու հարստությունն են: Խնդիրն այդ ներուժը ճիշտ ուղղորդելն է, որպեսզի արդյունքում զարգացում ապրի առաջին հերթին հայրենիքի տնտեսությունը»:
Հայրենիքում Դիանան հաճելի մեկ այլ բացահայտում էլ արեց. այն, որ շատ սփյուռքահայեր տեղափոխվում են Հայաստան ու հաջողությամբ շարունակում իրենց կարիերան հենց այստեղ: Ինչ խոսք, մտահոգիչ միտում կա բարձր որակավորում ունեցող մասնագետների շրջանում, ովքեր լքում են երկիրը և մասնագիտորեն կայանալու համար ավելի լավ վայր փնտրում աշխարհում: Ինչևէ, ընդհանուր պատկերը փոխվում է, և Դիանան ուրախությամբ նշում է «Լույսի» շրջանավարտներից շատերին, ովքեր բարձր վարձատրվող ու մեծ հեղինակություն վայելող աշխատատեղեր են զբաղեցնում Հայաստանում կամ հիմնել ես սեփական ստարտ-ափները՝ սկսնակ ձեռնարկությունները:
Բացահայտելով հնարավորությունները և առաջընթացի մեծ ներուժը գնահատելով՝ Դիանայի մեջ ցանկություն առաջացավ աշխատելու հանուն Հայաստանի զարգացման՝ այդ գործում ներդնելով իր գիտելիքն ու հմտությունները:
«Ի՞նչը կարող է ավելի լավ լինել, քան աշխատելը՝ հանուն հայրենիքիդ զարգացման»:
Այսպիսով, «Լույս» հիմնադրամը դարձավ Դիանայի համար այն լավագույն վայրը, որտեղ նա կարող է իրագործել իր նպատակներն ու մասնագիտական ձգտումները: Ինչու լավագո՞ւյնը: Քանի որ «Լույսը» վառ անհատների և տաղանդավոր մասնագետների զարգացող ցանց է, որն այդ հարուստ մտավոր ներուժը ներդնում է Հայաստանի զարգացման գործում:
Հաջողված կարիերան, Դիանայի պատկերացմամբ, հմտությունները, փորձառությունը և նախասիրությունները համատեղ կիրառելու հնարավորությունն է: Դյուկում ստացած կրթությունը և արտերկրում ունեցած մասնագիտական փորձն այդ կարիերան շարունակելու լավագույն նախադրյալները կարող են լինել:
««Լույս» հիմնադրամը ձգտում է զարգացնել Հայաստանը կրթության միջոցով, և ես կարող եմ վստահաբար ասել՝ նրանց առաքելությունն իմ առաքելությունն է»:
Դիանան վերջերս միացել է «Լույսի» թիմին և աշխատում է դրամահավաքի ծրագրի նախագծման ու զարգացման ուղղությամբ: Դիանայի հետ ծրագրի շուրջ աշխատող թիմը ներառում է նաև «Լույսի» շրջանավարտների և կրթաթոշակառուների, ովքեր կամավոր սկզբունքով իրենց ժամանակն ու փորձառությունն են տրամադրում ծրագրի կայացման գործին: Դիանան պատասխանատու է դրամագլխային ֆոնդի մշակման և զարգացման համար: Դրամահավաքի արշավ իրականացնելով՝ «Լույսը» ծրագրում է 3 տարվա ընթացքում հավաքել 300 ԱՄՆ միլիոն դոլար, ինչը հիմնադրամին թույլ կտա շարունակել աշխարհի լավագույն համալսարաններում սովորող հայ ուսանողներին կրթաթոշակ տրամադրել: «Դրամագլխային ֆոնդը թույլ կտա «Լույսի» առաքելությունը կայուն ու շարունակական դարձնել, իսկ նվիրատուները հնարավորություն կունենան հավերժացնելու իրենց արժեքներն ու առաքելությունը»:
Հեղինակ՝ Անրի Գրիգորյան, «Լույսի» շրջանավարտ
Թարգմանությունը՝ Կարինե Էվոյանի
Միացեք մեզ՝ աջակցելով մտքի ու գործի մարդկանց նոր սերնդին: