ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հաջողության պատմություն

Հաջողության պատմություն. երազանքի թևերին

Արթուր Մակարյանի հաջողության ուղին
«Լույսի» կրթաթոշակառու, Կոլումբիայի համալսարան

«Այս աշխարհում օգուտ է բերում յուրաքանչյուրը, ով թեթևացնում է ուրիշի բեռը»:
Չ. Դիքենս


Սրտով՝ երազկոտ, մտքով՝ վճռական

Երազկոտ ու տաղանդավոր Արթուր Մակարյանը վստահ է, որ վճռականությունն ու ամուր կամքն ամեն գործի կարևորագույն մասն են և հաջողության հասնելու երաշխիքը. «Երազանքիդ իրագործումը ժամանակ ու քրտնաջան աշխատանք է պահանջում, առանց դրանց երբեք չես հասնի ավելիին»:

Քսանվեցամյա բեմադրող ռեժիսոր, ազգային և միջազգային փառատոների դափնեկիր այս երիտասարդի ակադեմիական ու մասնագիտական նվաճումները շատ ոգեշնչող են։ Արթուրը բակալավրի ու մագիստրոսի աստիճան է ստացել Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում, այնուհետ սովորել Փարիզի թատերական արվեստի միջազգային դպրոցում (Acting International)։ 2015-ի սեպտեմբերից նա սովորում է Կոլումբիայի համալսարանում՝ որպես թատերական ռեժիսուրայի մագիստրոսի կոչման 6 հավակնորդներից մեկը։

Արթուրը նաև ներգրավված է եղել Փարիզի Սորբոնի համալսարանի մագիստրոսական ծրագրում, որտեղ հետազոտություն է իրականացրել թատերական և այլ արվեստների բաժնում։ «Դասական երաժշտության, բեմական խաղի և ռեժիսուրայի հանդեպ տածած սերս ոգեշնչեցին ինձ հետազոտելու, թե ինչ դեր ու ազդեցություն ունեն կին կատարողները բեմական արվեստում ու մասնավորապես երաժշտական ներկայացումներում»։ Սորբոնում կատարած հետազոտական աշխատանքն Արթուրը վերնագրել է «Թատրոնը և ֆեմինիզմը», որտեղ նա ուսումնասիրում է կնոջ դերն ու ազդեցությունը թատերական միջավայրի վրա։

Արթուրը կարծում է, որ թատրոնը պետք է հասարակական մտքի վրա նույնքան ուժեղ ազդեցություն ունենա, որքան համացանցը կամ հեռուստատեսությունը: Թատրոնի խաղացանկը պետք է անդրադառնա ընթացիկ կարևոր հարցերին և լուծումներ առաջարկի դրանց համար: «Մենք՝ որպես արվեստագետներ, պետք է անվերջ դիտարկենք ու մեր շուրջն ամեն մանրուք նկատենք: Շատ ազգեր ու փոքրամասնություններ հնարավորություն չունեն բացահայտ խոսելու իրենց հուզող խնդիրների մասին. արվեստագետը պարտավոր է լսելի դարձնել նրանց ձայնը»։

Փարիզից Նյու Յորք, Ստոկեից (Նորվեգիա) Տոգա (Ճապոնիա) - Արթուրի հարուստ միջազգային փորձը ձևավորել է նրա անհատականությունն ու թատերական նախասիրությունները: Ֆրանսերենը, գերմաներենը, իսկ այժմ նաև ինստիտուտիալերենը լրացրել են երիտասարդի լեզվական պաշարը։ Ամեն նոր քաղաքի և լեզվի հետ Արթուրը նորովի է ընկալել ու գնահատել բազմամշակութային և բազմատարր աշխարհը։


ԵՐԱԶԱՆՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԺԱՄԱՆԱԿ ՈՒ ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ: ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆՎԵՐՋ ԲՈՂՈՔԵԼ ԵՎ ՄԵՂԱԴՐԵԼ ՈՒՐԻՇՆԵՐԻՆ, ՍԱԿԱՅՆ ԿԱՐՈՂ ԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՐՁԱԿ ԸՆԴՈՒՆԵԼ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐՆ ՈՒ ԺՊԻՏՈՎ ԱՌԱՋ ՇԱՐԺՎԵԼ: ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՈՆՆ Է:

Կոլումբիայում ուսանելու տարիներին Արթուրը մի շարք ներկայացումներ է բեմադրել, այդ թվում` հատվածներ «Կարմեն» ու «Տրավիատա» օպերաներից: Կենդանի լեգենդ, թատերական ու օպերային ականավոր ռեժիսոր Աննա Բոգարտն Արթուրին մեծապես քաջալերել է՝ ասելով, որ նրա եռանդն ու հնարամտությունն ընդգծված արտահայտում են ստանում օպերային ներկայացում բեմադրելիս: Ի դեպ, դասական երաժշտության ու թատրոնի հանդեպ Արթուրի նախասիրությունները միշտ պայքարի մեջ են եղել իրար հետ։ Անցյալ տարի, սակայն, նա իմացավ Նյու Յորքի Ջուլիարդի դպրոցի հայտարարած՝ օպերային ռեժիսուրայի կրթաթոշակային ծրագրի մասին. սա հրաշալի հնարավորություն էր երկու տաղանդների միջև ընտրություն կատարելու փոխարեն համատեղել դրանք: Արթուրը ծրագրի շուրջ 1000 դիմորդներից մեկն էր, բարձր մրցակցության պայմաններում հենց նա էլ արժանացավ կրթաթոշակին՝ հնարավորություն ստանալով սովորելու աշխարհահռչակ ու ազդեցիկ կոնսերվատորիայում՝ Ջուլիարդում - օպերային ռեժիսուրայի ծրագրով։

«Ոչ երաժշտական ընտանիքից եմ ու մեծացել եմ Էջմիածնի մերձակա փոքր գյուղերից մեկում, և երբեք չէի կարող պատկերացնել անգամ ինձ Ջուլիարդում, կենտրոն, որտեղ արվեստագետներ են պատրաստվում Մետրոպոլիտեն օպերայի և Նյու Յորքի բալետի թատրոնի համար: 2017-ի սեպտեմբերից որպես ասիստենտ սկսելու եմ աշխատել Սթիվեն Վորդսվորթի հետ, ով բեմադրում է Մետրոպոլիտենի, Լա Սկալայի, Լոս Անջելեսի, Վիեննայի պետական և այլ օպերաների համար: Իսկապես, պետք է մեծ ու համարձակ երազանքներ ունենալ»:

Թեև Արթուրն աշխարհի առաջատար գիտակրթական կենտրոններում է սովորել, նա մինչև օրս էլ գնահատում ու նշանավորում է այն գիտելիքը, որ ձեռք է բերել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում. հենց այնտեղ Արթուրը հիմնարար գիտելիքներ ստացավ, ու այնտեղ էլ ձևավորվեցին արվեստագետի նախասիրություններն ու արտերկրում հարուստ փորձ ձեռք բերելու նրա ձգտումները։ «Հրաշալի դասախոսների շնորհիվ ես գերազանց կրթություն եմ ստացել Հայաստանում ու ի սրտե շնորհակալ եմ դրա համար: Մինչև օրս էլ Հրաչյա Գասպարյանը՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախկին ռեկտորը, իմ խորհրդատուն ու աջակիցն է»:


Միֆ անհնարի մասին

Արթուրը դեռ մանկուց սիրահարված էր թատրոնին ու բեմին. «Դպրոցում բեմ բարձրանալու ոչ մի հնարավորություն բաց չէի թողնում։ Բեմական փոխակերպումն օգնում էր հեռանալ իրականությունից, ինձ ավելի ուժեղ էր դարձնում: Բեմում ես կարող էի խաղալ ցանկացած դեր ու դառնալ ցանկացած մեկը»:

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում սովորելու հենց առաջին տարվանից Արթուրը մասնակցում էր Երևանում ընթացող տարբեր միջազգային փառատոների: Արտերկրից եկած դերակատարների, ռեժիսորների և սցենարիստների հետ առաջին շփումը ոգևորեց նրան, թույլ տվեց հասկանալ, որ աշխարհն ու հաջողության հասնելու հնարավորությունները շատ մեծ են, անսահմանափակ։

«Ամեն անգամ, երբ դրսից ժամանած հյուրերը մեկնում էին, ես մենակության, լքվածության տարօրինակ զգացողություն էի ունենում: Ես զգում էի, ավելի ճիշտ՝ ուզում էի ինձ զգալ այդ բոհեմական միջավայրի մի մասը։ Այնքան ոգևորված էի արտերկրում փորձ ձեռք բերելու հեռանկարով, որ մի օր ուղղակի որոշեցի նամակ գրել՝ խնդրելով ընդունել ինձ որպես ռեժիսորի օգնական: Նամակն ուղարկեցի աշխարհահռչակ 36 թատրոնների ղեկավարների,- հիշում է Արթուրը ծիծաղելով:

- Ընդամենը 3 օր անց ես պատասխան նամակ ստացա Ֆրանսիայի լավագույն թատրոններից մեկից՝ Théâtre de l'Opprimé-ից. ինձ առաջարկում էին միանալ իրենց թիմին որպես ռեժիսորի օգնական: Առաջին քայլը, որ արեցի նամակն ստանալուց հետո, ֆրանսերենի դասերի գրանցվելն էր»:

Արթուրը կարողանում է միավորել մարդկանց ընդհանուր գաղափարի շուրջ: Նա դիտարկում է մարդկանց, գտնում նրանց առանձնահատկություններն ու լավագույն միջավայր ստեղծում նրանց ինքնարտահայտման համար: «Ես թատրոնը նախընտրել եմ կինոյից, քանի որ թատրոնը զգայական, հուզական զարգացում է ապահովում, ինչը չեմ զգում ֆիլմերի ու ֆիլմարտադրության դեպքում»:

Արթուրն իրեն համարում է ստեղծագործական ազատություն ունեցող ռեժիսոր։ Դասախոսներն էլ նրան բնութագրում են որպես մեծ երազող ու հարուստ երևակայության տեր, ով անտեսում է նյութական ցանկացած սահմանափակում։ Երևանում սովորելու տարիներին նա բեմադրել է «Վոյցեկ» պիեսը նոր՝ երաժշտական մատուցմամբ։ Ներկայացման մեջ ընդգրկված էին շուրջ 40 դերասաններ, պարողներ ու երաժիշտներ, և այս ամենը՝ առանց նշանակալի ֆինանսական միջոցների։ «Վոյցեկ» ներկայացման մեծ հաջողությունից հետո Արթուրն ու նրա գործընկերները որոշեցին ստեղծել երաժշտական նոր թատերախումբ՝ «Էպսիդոնը», որը Հայաստանում մյուզիքլներ բեմադրող առաջին թատրոնն էր:



Հայաստանից հեռու, բայց միշտ Հայաստանի հետ

Հայաստանն Արթուրի ներշնչանքի հիմնական աղբյուրն է, Հայաստանն ու իր մանկությունը, ուր նա վերադառնում է՝ հուզող հարցերի կամ ապրումների պատասխանները գտնելու: Նա կարծում է, որ հայրենիքից ու հիշողություններից կտրվելով՝ անարմատ ծառի ես նմանվում։ Արթուրը խոստովանում է, որ ինքն էլ ունեցել է այդ անբնական, տհաճ գգացողությունը, երբ կորցնում ես կապը քո իսկական եսի հետ:

«Երբ Հայաստանում ես, ստիպված չես անընդհատ զգոն մնալ և քեզ լավագույն լույսի ներքո ներկայացնել։ Սակայն երբ Հայաստանից դուրս ես գտնվում, ցանկանում ես մյուս ազգերին ներկայացնել երկրիդ, ազգությանդ լավագույն գծերը, մշակույթը, արմատներդ։ Աշխարհին մեր երկրի մասին պատմելու համար մենք և´ տաղանդ ունենք, և´ հաստատակամություն, պարզապես պետք է ավելի լավ ուսումնասիրենք միջազգային փորձը և դառնանք դրա մասնակիցը։ Մենք չափազանց երկար ենք ապրել մեր պատյանում, մեր փոքրիկ աշխարհում»:

2016 թվականի ամռանը՝ «Լույս» հիմնադրամի «Զարգացնենք Հայաստանը միասին» («Develop Armenia Together», DAT) ծրագրի շրջանակներում Արթուրն Արցախում էր` Ստեփանակերտում, որտեղ բեմադրեց Էսքիլեսի «Պարսիկներ» պիեսը: Տեղացի դերասանների և թատրոնի այլ աշխատակիցների, համակարգող մենթիների (http://www.luys.am/am/mentorship) օգնությամբ Արթուրը փորձեց հանդիսատեսին փոխանցել այն պարզ միտքը, որ կյանքի յուրաքանչյուր բնագավառում դիվանագիտությունը, բանակցությունները խաղաղության և զարգացման են բերում, այնինչ ագրեսիան հանգեցնում է կործանման: Ներկայացումը մեծ հաջողություն ունեցավ: Որպես բեմադրության ղեկավար՝ Արթուրը հիացած էր Արցախի հանդիսատեսի ընդունելությամբ, ներգրավվածության ու հետաքրքրվածության չափով: ««Պարսիկները» պիեսում մի տեսարան կա, երբ դերասաններից մեկը բացարձակ մթության մեջ հանկարծ սկսում է ողջ ուժգնությամբ թմբուկ զարկել․ միայն տեսնեիք, թե ինչպես հանդիսատեսն արձագանքեց թմբուկի ձայնին: Ես ապշած էի, թե որքան էին մարդիկ զգայուն պատերազմի, պատերազմական զարկի հանդեպ։ Որոշ ժամանակ պահանջվեց հադիսատեսին հանգստացնելու համար։ Արցախի ժողովուրդը մեծ պատրաստակամություն ունի՝ մեծ գաղափարի շուրջ միավորվելու և իրագործելու այն։ Նրանք պարզապես սպասում են իրենց տրվելիք հնարավորությանը․․․ նրանք ուղղակի համապատասխան առիթի են սպասում»:



Հայաստանն Արթուրի ներշնչանքի հիմնական աղբյուրն է, Հայաստանն ու իր մանկությունը, ուր նա վերադառնում է՝ հուզող հարցերի կամ ապրումների պատասխանները գտնելու:




Արթուրի՝ Արցախ կատարած այցով հետաքրքրված ու ոգեշնչված՝ նրա ընկեր, ամերիկացի դրամատուրգ Գորդոն Փենն ուսումնասիրեց Հայաստանի պատմությունը և պիես գրեց, որը նրանք որոշեցին անվանել «Սև պարտեզ» (Ղարաբաղ բառի բառացի թարգմանությունը): Պիեսը սիրո գեղեցիկ պատմություն է ներկայացնում ղարաբաղյան հիմնախնդրի համատեքստում: Արթուրը ծրագրում է ամռանը պիեսի ամբողջական տարբերակը ներկայացնել հայ հանդիսատեսին, այնուհետ վերադառնալ Միացյալ Նահանգներ հայ դերասանների հետ, որպեսզի նույն դերասանակազմով ներկայացնի պիեսը նաև Կոլումբիայի բեմերում:

Ուսումն ավարտելուց հետո Արթուրը ծրագրում է համատեղել կյանքն ու աշխատանքը Հայաստանում և Նյու Յորքում: Նա ցանակնում է այնքան վարպետանալ իր գործում ու այնպես տնօրինել իր ժամանակը, որ կարողանա բեմադրել թե՛ թատերական, թե՛ օպերային՝ երաժշտական ներկայացումներ։ Արթուրի մեծագույն երազանքներից է բեմադրել հայակական օպերայի գործերը միջազգային բեմերում, ինչպես նաև թատերական ուսուցման մեջ մտցնել հայկական պարարվեստի տարրեր: Նրա ձգտումներից մեկն է դառնալ Ա. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և բալետի գեղարվեստական ղեկավար:

Արթուրն իր անհատականության ձևավորման և հաջողությունների համար շնորհակալ է իր պահանջկոտ ծնողներին: Արթուրը շնորհակալ է նաև «Լույս» հիմնադրամին, որի շնորհիվ կարողացավ ակադեմիական ու մասնագիտական հաջողությունների նոր փուլի անցնել․ ««Լույսի» առաքելությունը նաև իմն է՝ ձգտել կրթության գերազանցության և կիրառել գիտելիքս հանուն աշխարհի բարօրության: «Լույսի» շնորհիվ ինձ հասանելի դարձավ իմ ոլորտի լավագույն կրթական ծրագրերից մեկը, ինչպես նաև արժանացա երկիրս ներկայացնելու մեծագույն պատվին»:

«Անցյալ ամռանը՝ «Լույսի» թիմի հետ համագործակցելուց հետո, նկատեցի, որ բառապաշարիցս անհետացավ խնդիր բառը՝ փոխարինվելով գործուն, լուծում նախատեսող ու ակտիվ բառով՝ մարտահրավեր»: Արթուրի համար «Լույսի» համայնքի անդամ լինելը նշանակում է լինել նորարարության ու առաջընթացի ակտիվ մասնակիցներից մեկը, ովքեր բարօրություն են ստեղծում ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի համար: «Անցյալ ամռանը՝ «Լույսի» թիմի հետ համագործակցելուց հետո, նկատեցի, որ բառապաշարիցս անհետացավ խնդիր բառը՝ փոխարինվելով գործուն, լուծում նախատեսող ու ակտիվ բառով՝ մարտահրավեր»:

«Լույսի» առաքելությունը նաեվ իմն է՝ ձգտել կրթության գերազանցության եվ կիրառել գիտելիքս հանուն աշխարհի բարօրության:

Արթուրի տիեզերքը մշակութային և գեղարվեստական տարբեր ազդեցությունների հետաքրքիր համադրություն է: Վճռական կամք ունեցող այս երիտասարդը նաև մեծագույն երազող է, ով կարող է իր շուրջ միավորել գաղափարակիցմներին՝ պայքարելու կարծրատիպերի և անհնարինության միֆի դեմ: Նա խորհուրդ է տալիս համառորեն ու անվախ առաջ շարժվել դեպի ապագա:




Հեղինակ՝ Լիլիթ Պետրոսյան
ԱՄՆ-ում «Լույս» հիմնադրամի թղթակից

Լիլիթ Պետրոսյանն ԱՄՆ-ում «Լույս» հիմնադրամի թղթակիցն է։
Նա աշխատում է որպես վեբ բովանդակության պատասխանատու Hyundai Motor America ընկերությունում։
Լիլիթը ծնվել և մեծացել է Հայաստանում, ներկայումս բնակվում է Կալիֆոռնիայում (ԱՄՆ)։
Նա ավարտել է Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի միջմշակութային հաղորդակցության բաժինը։

Մենք ենք Հայկական աշխարհը:

Միացեք մեզ՝ աջակցելով մտքի ու գործի մարդկանց նոր սերնդին:


Back to top