ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ա–ից Ա. Հարմոնիայի աշխարհ


ԱՄՆ-ից Հայաստան` երեխաները երաժշտական կամուրջ են կապում


Թոդ Մաքովերը վարում է Հայփերսքորի գործարկման մասին քննարկումը
Հայաստանի «Լույս» կրթական հիմնադրամը հրավիրել է աշխարհահռչակ կոմպոզիտոր Թոդ «Մաքովերին, որպեսզի վերջինս ղեկավարի Բոստոնի և Հայաստանի մի խումբ երեխաների կողմից երաժշտական կոմպոզիցիաների համաժամանակյա ստեղծումը` շնորհիվ Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտի (MIT) Մեդիա լաբորատորիայի նորարարական տեխնոլոգիայի: «Պատանիների ստեղծած այս հիանալի կոմպոզիցիաներն ունկնդրելը ,- ասում է Մաքովերը ,- վերահաստատում է համոզմունքս այն մասին, որ յուրաքանչյուրը կարող է ստեղծել անօրինակ ու արժեքավոր երաժշտություն»:

«Ա-ից Ա. Հարմոնիայի աշխարհ» խորագիրը կրող համերգը տեղի կունենա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Դոգմա» ճանաչված հայկական ռոք խմբի մասնակցությամբ: Միջոցառումն իրականացվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան և «Լույս» հիմնադրամի համագործակցությամբ: Այն նվիրված է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան 20-ամյա հոբելյանին:

Համերգը հնարավոր կլինի դիտել առցանց ուղիղ կապով` վեբ սթրիմով (հղումը` http://www.luys.am/livestream), 2012 թ. փետրվարի 25-ին` ժամը 10:30-ին (Բոստոնի ժամանակով): Այն ուղիղ կհեռարձակվի նաև Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ, ինչը ևս թույլ կտա ամբողջ աշխարհին հետևելու համերգային ծրագրին:

Չնայած կոմպոզիտորների երիտասարդ տարիքին` 8-ից 14 տարեկան, նրանց ստեղծագործությունը հոգեպարար ազդեցություն ունի: Ու այս ամենը` շնորհիվ «Հայփերսքոր» ծրագրի կողմից նրանց երաժշտական երևակայության զարգացման: «Հայփերսքորը» Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտի Մեդիա լաբորատորիայի թիմի մշակած երաժշտաստեղծ մի ծրագիր է, որի նախագծման և ներդրման աշխատանքները ղեկավարել է անվանի կոմպոզիտոր Թոդ Մաքովերը: «Հայփերսքորը» երաժշտական կոմպոզիցիաներ ստեղծելու աննախադեպ կարողությամբ է օժտում մարդկանց, ովքեր ցանկանում են երաժշատական արտահայտում տալ իրենց ասելիքին` ստացած կրթությունից անկախ: Ավելին, պարզվում է` «Հայփերսքորը» նաև խմբային ստեղծարար աշխատանքի հրաշալի գործիք է: Երաժշտական կոմպոզիցիաներից մեկը, որի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա երևանյան համերգի շրջանակում, ստեղծվել է բոստոնաբնակ և հայաստանցի երեխաների համատեղ ստեղծագործական աշխատանքի արդյունքում:

Երաժշտական հորինվածքը պատկերանում է որպես կատարյալ մեկուսացման մեջ ստեղծարար հանճարի հոգու հեղեղում: Սակայն ամսվա սկզբին Մեդիա լաբորատորիա այցելած երիտասարդներին ստեղծագործական այդ գործընթացն ավելի շատ «Փեյնթբոլ» կիբեր-խաղը հիշեցրեց: Գունային կոդավորմամբ մեղեդային ճառագումներ ու ռիթմիկա արտացոլվեցին հարթէկրան մոնիտորին, երբ Լեքսինգտոնի /Մասաչուսեթս/ հայ քույրերի ակադեմիայի տասնյակից ավելի սաներ Skype-ի միջոցով սկսեցին ստեղծարար գափափարներ փոխանակել Երևանում` 8 700 կիլոմետր հեռավորությամբ գտնվող լսարանում հավաքված իրենց հայրենակիցների հետ:

Մաքովերի հմուտ ղեկավարության ներքո ուսանողներն սկսեցին ստեղծել երաժշտական իրենց նոր կոմպոզիցիան` քթի տակ մեղեդիներ մզմզացնելով ու ռիթմեր կտկտացնելով, ինչն էլ նախատեսված է «Հայփորսքոփի» գործարկման ժամանակ: Էկրանն արագ լցվեց մեղեդային տարբեր մտահղացումներով կամ «մոտիվներով» ու ռիթմիկ բազմազանությամբ: «Ցանկանում եք, որ ստեղծագործությունն սկսվի պայթյունային դինամիկայո՞վ, թե՞ հանգիստ որևէ բանով»,- հարցրեց Մաքովերը: Երեխաները մեղմ մոտիվ նախընտրեցին, որը «գծանկարվեց» թվային կտավի վրա: Այնուհետ ընտրվեց երկրորդ համրընթաց մոտիվը, ու ժամանակն էր` մեղեդային շարքը կենդանացնելու համար ավելի աշխույժ մոտիվներ ընտրելու:

«Ինչպե՞ս եք ձեր ասելիքը փոխանցում երաժշտության միջոցով: Ինչպե՞ս կարող ենք երաժշտական ստեղծագործությունը կենդանի պահել, պահել մշտանորոգ»,- հարցրեց Մաքովերը: Երեխաներն սկսեցին համադրել մեղեդային շերտերը, արագ ու դանդաղ ռիթմեր փորձեցին, տարբեր հարմոնիաներ… Նրանք ժամանակից վեր էին ու դուրս: Մի ժամվա ընթացքում նրանք միասին ստեղծեցին իրենց կոմպոզիցիայի առաջին րոպեն: Հաջորդ մի քանի առցանց հանդիպումների ընթացքում երեխաներն ստեղծեցին բարեկամությանը նվիրված կարճ, բայց բարդ և ունկնհաճ մի կոմպոզիցիա` «Ընկերության հրավառություն» վերտառությամբ, պատրաստ գործիքավորվելու և ուղարկվելու Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբին` համաշխարհային պրեմիերային նախապատրաստելու համար:

«Ընդունված է կարծել, թե երաժշտությունը պատկանում է հատուկ վերնախավի, ով օժտված է երաժշտության ստեղծման և ներկայացման մենաշնորհային իրավունքով ,- ասում է Մաքովերը:- Պատանիների ստեղծած այս հիանալի կոմպոզիցաներն ունկնդրելիս ,- շարունակում է նա ,- կրկին համոզվում եմ, որ ամենքս կարող ենք ստեղծել անօրինակ ու արժեքավոր երաժշտություն` շնորհիվ ճիշտ մշակված գործիքների, միջավայրի ու խրախուսանքի, և որ երաժշտության միջոցով մենք կարող ենք բարեկամություն հաստատել, փոխանակել սեփական պատկերացումներն ու նորովի իմասնավորել կյանքը»:

Ըստ «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի տնօրեն Ժաքլին Կարաասլանյանի` սա փայլուն օրինակ է այն բանի, թե ինչպես է տեխնոլոգիաների կիրառումը խթանում, զարգացնում ստեղծարարությունն ու համագործակցությունը: Հիմնադրամն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից և կոչված է փոխակերպելու ազգային մտավոր դիմագիծը` կրթության որակի բարելավման և երկրի երիտասարդներին «ես կարող եմ» մոտեցմամբ օժտելու միջոցով:

«Հայփերսքորը երեխաների մեջ հանճար է արթնացնում ու ցանկություն սերմանում` ավելի լավ հասկանալու այն աշխարհների համախումբը, որոնց գոյությունը նրանք առաջ անգամ չէին կարող երևակայել ,- բացատրում է Կարաասլանյանը:- Երբ երեխաները գիտակցում են, որ մեծահասակներն ու պրոֆեսիոնալները պիտի նվագեն իրենց ստեղծած երաժշտությունը, նրանք նոր լիցքեր են ստանում: Այս գործընթացն ավելին է, քան ոգեշնչող ցանկացած խոսք. այն վավերացնում է երեխաների մտածական ու ստեղծարար կարողությունը: Ինչն էլ,- ավելացնում է նա,- կենսական կարևորություն ունի ամեն ազգի համար, որը մտադիր է զարգանալ արագ փոփոխվող ու փոխշաղկապված մեր աշխարհում»:

Back to top