ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Լույսի Գիտելիքի Բլոգ

6 սխալ, որ թույլ եմ տվել որպես սկսնակ պրոդուկտ մենեջեր


Փետրվար 28, 2018 1623 դիտում

Սխալներ թույլ են տալիս բոլորը, ու ես էլ մասնագիտական բազմաթիվ սխալներ եմ թույլ տվել, երբ նոր էի հմտանում իմ ոլորտում։ Դրանք հիմա՞ր սխալներն էին․ ստիպված եմ խոստովանել՝ երբեմն այո: Դրանք ինձ որևէ բան սովորեցրի՞ն - անշուշտ։ Կարծում եմ՝ եթե երկրորդ անգամ նույն սխալն ենք անում, ապա դա սխալ չէ, այլ ընտրություն: Այդ պատճառով էլ փորձում եմ արված սխալներից դասեր քաղել ու չկրկնել դրանք:

Երբ վերանայում եմ անցածս մասնագիտական ուղին, տեսնում եմ, որ թույլ եմ տվել հետևյալ 6 սխալները, որոնցից դու՝ որպես պրոդուկտ մենեջեր, կարող ես խուսափել։

Շուկայի ուսումնասիրությանը բավարար ժամանակ չեմ հատկացրել

Այո՛, պատահել է։ Վերջերս երկրորդական շուկայի հետազոտության մասին հոդված եմ գրել։ Սակայն կար մի ժամանակ, երբ շատ քիչ գիտելիք ունեի դրա մասին, որպեսզի կարողանայի կիրառել իմ աշխատանքում։ Եթե զարմանում ես, թե ինչու պետք է շուկայի ուսումնասիրությունը հուզի քեզ, հավանաբար դու էլ ես սկսնակ։ Մի քանի հակիրճ նախադասությամբ փորձեմ բացատրել սրա կարևորությունը։
Շուկայի ուսումնասիրությունը կարևոր է արտադրանքի գաղափարը փորձարկելու առումով։ Իհարկե, բացառություններ կարող են լինել, բայց հիմնականում հենց հետազոտությունն է օգնում սահմանել պոտենցիալ հաճախորդներին, հասկանալ նրանց դեմոգրաֆիական բնութագիրը, հստակեցնել` ինչն է հուզում նրանց, որոնք են նրանց խնդիրները։ Հետազոտություն անցկացնելով՝ դու կկարողանաս նախագծել արտադրանք, որը խնդիր է լուծում, այլ ոչ թե ստեղծում այն։ Գիտե՞ս՝ իրականում շատ արտադրանքներ կան, որոնք խնդիրներ են առաջացնում, ոչ թե լուծում առաջարկում դրանց համար։

Արտադրանքի նոր հնարավորությունները գնահատելու սխալ չափորոշիչներ եմ ընտրել

Կարծում եմ՝ այս սխալը հաճախ թույլ են տալիս անգամ ավելի փորձառու պրոդուկտ մենեջերներ, քանի որ երբեմն չափից շատ ուշադրություն ենք դարձնում նախնական ուսումնասիրություններին և մոռանում բավականաչափ խոր հաշվարկել հնարավոր արդյունքները, հետևանքները։ Պրոդուկտ մենեջերի աշխատանքը միայն արտադրանքի ներկայացումը չէ շուկային․ պետք է պատրաստ լինել հետևել զարգացումներին, փոխել, բարելավել այն։ Իսկ ինչպե՞ս ես պատրաստվում բարելավել ինչ-որ բան, եթե չես հարցրել դրա մասին սպառողներին։ Սպառողների պահանջները հաշվի առնելը և դրանք ուսումնասիրելը պրոդուկտ մենեջերի համար պետք է պարտադիր լինեն: Սկսնակ լինելով՝ ես բաց եմ թողել կոհորտային և Net Promoter Score (NPS) վերլուծությունները: Կոհորտային հետազոտությունը որոշակի գործոնի ազդեցության ներքո գտնվող անձանց խմբի (կոհորտի) ուսումնասիրության արդյունքների վրա հիմնված հետազոտությունն է: NPS-ը գնորդի/հաճախորդի հավատարմությունը չափելու մաթեմատիկական մոդել է․ այն անվանում են նաև «սպառողական հավատարմության ինդեքս», «հետևորդ հաճախորդների ինդեքս» կամ «խորհուրդ տալու պատրաստակամության ինդեքս»:

Կարծել եմ՝ բազմապիսի գործառույթները երաշխավորում են ավելի լավ արտադրանք

Միամտություն է կարծել, թե նոր ու շատ հնարավորությունները թույլ են տալիս արտադրանքն ավելի ուժեղ ու գրավիչ դարձնել։ Արտադրանքը բուրգ չէ, որն ավելի հզոր ու ամուր է դառնում ավելացված քարերի շնորհիվ։ Արտադրանքի համար կարևոր են հստակ ու գործուն կառուցվածքը, հիմքում եղած գաղափարը, ինչպես նաև խնդիրը, որ այն լուծում է։ Արտադրանքը, ի վերջո, պետք է ծառայի հիմնական նպատակին․ չէ՞ որ անգամ բուգերը ժամանակին որպես տաճար ու դամբարան են ծառայել՝ ժամանակի ընթացքում միայն ձեռք բերելով տեսարժան վայրի, «հրաշալիքի» և պաշտամունքի առարկա լինելու արժեք։ Արտադրանքն էլ պետք է լինի լավագույնս նախագծած և իրագործած, որպեսզի օգտագործողները արժեքավոր համարեն այն․ սա շատ պարզ է:

Մտածել եմ՝ արտադրանքը պատրաստ չէ հասարակությանը ներկայացնելու համար

Մարդկանց շրջանում սա տարածված մոլորություն է, և նոր արտարդանք նախագծող շատ ընկերությունների, թիմերի մոտ եմ դիտարկել այս սխալը։ Բոլոր այդ մասնագետները ձգտում են կատարելության և հետաձգում արտադրանքի թողարկումը։ Դիմում եմ բոլոր այդ մարդկանց՝ նկատի ունենալով փորձս - կատարյալ արտադրանք չի՛ լինում: Պատրաստի արտադրանքը հանձնեք սպառողի դատին, հետևեք՝ ինչ պահանջներ կան, ինչ թերություններ, աշխատեք դրանց բարելավման ուղղությամբ: Արտադրանքը շտկվում ու փոփոխության է ենթարկվում պարբերաբար․ սա շատ բնական է, և անհանգստանալու պատճառ չկա: Պարզապես ուշադիր հետևեք զարգացումներին և կատարելագործեք այն:
Ես էլ պերֆեկցիոնիստ եմ։ Ինձ համար շատ դժվար էր ընդունել, որ արտադրանքը կենդանի օրգանիզմ է ու չի կարող լինել ավարտուն ու կատարյալ։ Վերանայիր հայացքներդ ու կատարելագործիր նախագծածդ․ սա է ճիշտ ճանապարհը։

Կարծիք չեմ հարցրել բավականաչափ թվով մասնագետներից և սպառողներից

Որպես սկսնակ պրոդուկտ մենեջեր բավականին ամաչկոտ էի․ անհարմար էի զգում արտադրանքի վերաբերյալ հարցեր տալ դրա սպառողներին կամ պարզապես գործընկերներիս։ Սակայն արտադրանքը կատարելագործելու միակ ուղին կարծիքներ հավաքելն է՝ շատ հարցեր տալու պայմանով և քննադատվելու ռիսկն ընդունելով։ Ու սա պետք է անել տարբեր իրավիճակներում։ Օրինակ՝ ընկերոջ հետ տրանսպորտում ես, խնդրիր նրան 5 րոպե հատկացնել՝ նոր արտադրանքը փորձարկելու համար։ Կամ ուսումնասիրիր սոցիալական ցանցերում քո արտադրանքի մասին հնչող կարծիքները, տրվող գնահատականները: Մի ըկնճվիր անգամ ամենաբացասական արձագանքից․ դա թույլ է տալիս ամբողջովին հասկանալ թույլ կողմերն ու աշխատել դրանք վերացնելու կամ բարելավելու ուղղությամբ։

Կենտրոնանալով առանձին մասերի վրա՝ կորցրել եմ ընդհանուր պատկերը

Սա, կարծում եմ, իմ և մյուս պրոդուկտ մենեջերների ամենադրամատիկ սխալն է: Հաճախ ես էլ կենտրոնացել եմ կարճաժամկետ նպատակների վրա՝ կորցնելով ընդհանուր պատկերը, մոռանալով երկարաժամկետ հեռանկարի մասին․ սա, անշուշտ, սխալ է: Մանրուքները կարևոր են, բայց մի կենտրոնացիր մեկ գործառույթի կամ բաղադրիչի վրա, հակառակ դեպքում մյուս բոլոր հատկանիշները կարող են տուժել։ Դիտարկիր մանրուքները՝ ուշադրությունից չկորցնելով ընդհանուր պատկերն ու հիմնական նպատակը:

Եզրահանգում

Այո՛, աշխատանքում շատ սխալներ եմ թույլ տվել, որոնցից փորձել եմ ճիշտ դասեր քաղել ու զարգանալ: Ուրեմն մի խուսափիր ու, կարևորը, մի վախեցիր սխալներ թույլ տալ․ պարզապես ուշադիր եղիր, որպեսզի սխալներից արժեքավոր դասեր քաղես: Հաջողություն!



Հեղինակ`
Ռաֆայել Մկրտչյան
«Լույսի» կրթաթոշակառու (Կալիֆոռնիայի համալսարան, Բերկլի)
CodeTrace-ի համահիմնադիր


«Լույսի» համայնքը ողջունում է ձեր դիտարկումներն ու առաջարկները՝ բլոգի բովանդակությունը շարունակաբար հարստացնելու նպատակով։



* Պարտադիր է լրացնել բոլոր դաշտերը:

Back to top