ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Լույսի Գիտելիքի Բլոգ

5 խորհուրդ դասախոսական կազմի հետ լավ հարաբերություններ կառուցելու համար


Հոկտեմբեր 04, 2016 4429 դիտում դասախոսներ, հարաբերություններ, առաջարկներ

5 Suggestions on Building Strong Relationships with the Faculty


Համալսարանի դասախոսական կազմի հետ լավ հարաբերություններ կառուցելը շատ կարևոր է, քանի որ դասախոսներն արժեքավոր գիտելիքի աղբյուր են։ Այդ հարաբերությունները կարող են վերաճել երկարատև ընկերության, որը կուղեկցի քեզ ակադեմիական ու մասնագիտական ողջ կարիերայիդ ընթացքում:Ներկայացնում ենք «Լույսի» կրթաթոշակառուների կողմից առաջարկվող 5 խորհուրդ, որոնք կօգնեն քեզ ճիշտ հարաբերություններ կառուցել դասախոսներիդ հետ։


1.Մասնակցիր խորհրդատվական ժամերին

Գրեթե բոլոր դասախոսներն ամեն շաբաթ խորհրդատվական ժամեր են ունենում իրենց գրասենյակում. սա հրաշալի հնարավորություն է առարկայի հանդեպ ունեցածդ հետաքրքրությունն ընդգծելու և քեզ որպես ուշադիր ու աշխատասեր ուսանող ներկայացնելու համար։ Ուսմանդ մասին անմիջապես դասախոսից կարծիք ստանալու հնարավորությունից բացի, սա նաև հարաբերություններն ամրապնդելու հրաշալի առիթ է` միմյանց անձամբ ճանաչելով։


2.Դասերի ընթացքում բովանդակալից հարցեր տուր

Համալսարանական տարիները շատ արագ են անցնում, և չարժե կաշկանդվածության պատճառով ստվերում մնալ։ Ուստի դասախոսությունների ընթացքում բովանդակալից հարցեր ուղղիր դասախոսներիդ՝ հետաքրքրասիրությունից դրդված, ոչ թե միայն ուշադրություն գրավելու համար: Դասախոսները սովորաբար նկատում են առարկայով լրջորեն հետաքրքրված և ձգտում ունեցող ուսանողներին։


3.Ներգրավվիր հետազոտական նախագծերում

Եթե դասախոսի առաջարկած հետազոտության թեման հետաքրքրում է քեզ, սկսիր ակտիվ աշխատել նախագծի վրա` առանց ֆինանսական փոխհատուցում ակնկալելու։ Շատ դեպքերում հետազոտական աշխատանքի ֆինանսավորումը սահմանափակ է լինում, ինչը դասախոսին հնարավորություն չի տալիս վճարելու իր ուսանողին հետազոտական աշխատանքի համար։ Սակայն փորձը և ձեռք բերած գիտելիքները շատ ավելի կարևոր են, քան ֆինանսական փոխհատուցումը: Ի վերջո, հետազոտական ծրագրին հաջող մասնակցությունը կարող է քեզ համար հիմնավոր ու ներկայանալի երաշխավորագրի հիմք հանդիսանալ, քանի որ գիտական ղեկավարդ արդեն հրաշալի ծանոթ կլինի գիտելիքիդ և ուժեղ կողմերիդ։


4.Մասնակցիր միջոցառումների

Սովորաբար դասախոսների հետ հանդիպելու բազմաթիվ առիթներ են ստեղծվում տարբեր միջոցառումների ժամանակ` սեմինարներ, գիտաժողովներ, դասախոսություններ և այլն: Օգտագործիր այդ հնարավորությունները դասախոսներիդ հետ շփվելու համար: Դու կարող ես նրանց հետ հրաշալի հարաբերությունների սկիզբ դնել, ինչպես նաև ծանոթանալ միջոցառմանը ներկա այլ հետաքրքիր անձանց հետ։


5.Միշտ անկեղծ եղիր և հարգալից

Դասախոսների հետ շփման ժամանակ չափազանց կարևոր է անկեղծ լինել: Նրանց դասավանդած առարկայի կամ անցկացրած հետազոտության հանդեպ հետաքրքրություն ցուցաբերելիս փոխարենը ոչինչ մի ակնկալիր։ Դասախոսներն այդ դեպքում բարձր կգնահատեն ոչ միայն մտավոր կարողություններդ, այլև հարգալից ու ազնիվ վերաբերմունքդ: Լավ պահվածքը և փոխադարձ հարգանքը դրական արդյունք կտան առանց ավելորդ ճիգերի։


«Լույսի» համայնքը ողջունում է ձեր դիտարկումներն ու առաջարկները՝ բլոգի բովանդակությունը շարունակաբար հարստացնելու նպատակով։



* Պարտադիր է լրացնել բոլոր դաշտերը:

Back to top