ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Լույսի Գիտելիքի Բլոգ

5 մարտահրավեր, որոնց առերեսվում են միջազգային շատ ուսանողներ


Նոյեմբեր 15, 2016 2672 դիտում մարտահրավերներ, միջազգային, ուսանողներ

5 Challenges Many International Students Face at School


Միջազգային շատ ուսանողներ համալսարանում սովորելու առաջին տարվա ընթացքում դժվարությունների են հանդիպում, որ մինչ այդ երբեք չէին ունեցել: Նոր միջավայրը, նոր հնարավորությունները, անսովոր անկախությունն ու գերծանրաբեռնված գրաֆիկը կարող են լուրջ անհանգստություն պատճառել նոր ընդունված ուսանողներին: Նման մարտահրավերներին նախապատրաստված լինելը կարող է նորեկներին օգնել դրանք ապագայում ավելի հեշտ հաղթահարել։

Ցանկանում ենք ներկայացնել ամենատարածված 5 մարտահրավեր, որոնց առերեսվում են մեր կրթաթոշակառուները, և նրանց իսկ կողմից առաջարկվող մի քանի խորհուրդ, որ թույլ կտան հաղթահարել դրանք։


1. Բաց մի թող նախընտրած դասընթացներին մասնակցելու հնարավորությունը

Նորեկների` առաջին–երկրորդ կուրսեցիների համար ամեն ինչ նոր է, այդ պատճառով էլ նրանք զգացողություն են ունենում, թե ժամանակը գերարագ է ընթանում։ Հաճախ եթե ի սկզբանե չես հարմարվում արագ ռիթմին, հետո ստիպված ես լինում վազել ընթացող գնացքի ետևից։ Նման իրավիճակում չհայտնվելու համար պետք է նախապես հարցուփորձ անել ընկերներին, ծանոթներին, այլ ուսանողների և ուսման առաջին երկու տարիների ընթացքում մասնակցել այն բոլոր դասընթացներին, որ ավելի շատ են հետաքրքրում քեզ։ Բացի այդ, շատ ավելի հեշտ է բաց թողնել որևէ դասընթաց, քան այն ուշ սկսել:


2. Ներգրավվիր համալսարանական ակումբներում և այլ ուսանողական նախաձեռնություններում

Կիսամյակի սկզբում` համալսարանական ավան ժամանելուց առաջ, շատ ուսանողներ ցանկանում են ներգրավվել ուսանողական տարբեր նախաձեռնություններում։ Սակայն երբ խոսքը վերաբերում է ընտրությանը, որոշ ուսանողներ չեն կողմնորոշվում բազմաթիվ հնարավորություններից որն ընտրել: Հետևաբար անհրաժեշտ է նախապես ուսումնասիրել արտալսարանային բոլոր հետաքրքիր նախաձեռնությունները, որպեսզի կամպուս ժամանելուն պես կարողանաս օգտվել բոլոր հնարավորություններից:


3. Հետևիր ժամանակացույցիդ

Արտերկրյա համալսարան ընդունված ուսանողների համար մեկ այլ դժվարություն է հանկարծակի ձեռք բերված բացարձակ անկախության զգացումը։ Թեև այս ազատությունը բազմաթիվ դրական կողմեր ունի, սակայն կա կարևոր մի կետ ևս` պարտավորությունները ժամանակին և առանց վերահսկողության կատարելու, սեփական ժամանակացույցին խստորեն հետևելու պատասխանատվությունը։ Հետևաբար ուսանողները պետք է որոշակի ինքնուրույն կարգապահական միջոցներ ձեռնարկեն, որպեսզի չշեղվեն ժամանակացույցից և ժամանակին կատարեն ստանձնած պարտավորությունները:

Տե՛ս: 7 խորհուրդ՝ ուսման արդյունավետությունը բարձրացնելու մասին


4. Հարմարվիր ուսումնական ծանրաբեռնվածությանը

Շատ դասերով և վերջնաժամկետներով ծանրաբեռնված լինելը կարող է ճնշող ու սթրեսային լինել: Ավելին, չնայած նախկինում ունեցածդ ուսումնական հաջողություններին` հնարավոր է` ոչ միշտ ստանաս ամենաբարձր գնահատականները կամ լինես համալսարանի լավագույն ուսանողների շարքում: Կարևոր է, սակայն, մշտապես սթափ գնահատել իրավիճակը և սթրեսը հաղթահարելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել: Ժամանակավոր անհաջողությունների պատճառով ոչ մի դեպքում կասկածի տակ չառնես կարողություններդ: Ճիշտ հակառակը, հետևողական եղիր, հավաքիր ողջ կամքդ ու աշխատիր քեզ վրա, և արդյունքը գոհացնող կլինի:


5. Ճանաչիր նոր մշակույթն ու փորձիր հարմարվել

Միջազգային ուսանողների շրջանում առավել տարածված դժվարությունը կապված է մշակութային տարբերության հետ: Նոր մշակույթին հարմարվելը հատկապես դժվար է, երբ հեռու ես ընկերներից և ընտանիքից: Հետևաբար շատ կարևոր է նոր ու լավ ընկերներ ձեռք բերել համալսարանում: «Բաղեղի լիգա» (Ivy League) կոչվող համալսարանական ասոցիացիայի շատ համալսարաններում լայնորեն տարածված է ուսանողների միջև մրցակցությունը: Ու թեև խրախուսվում է մշտապես առողջ մրցակցություն ապահովել դասերի ժամանակ, այնպես արա, որ դա ոչ մի դեպքում չազդի ձեր ընկերության վրա:



«Լույսի» համայնքը ողջունում է ձեր դիտարկումներն ու առաջարկները՝ բլոգի բովանդակությունը շարունակաբար հարստացնելու նպատակով։



* Պարտադիր է լրացնել բոլոր դաշտերը:

Back to top