ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Լույսի Գիտելիքի Բլոգ

4 խորհուրդ MBA ծրագրի դիմորդներին՝ ընդունելության տպավորիչ դիմում-նամակ կազմելու


Մայ 12, 2017 2834 դիտում

Համալսարանի ընդունող հանձնաժողովի վրա լավ տպավորություն գործելու լավագույն միջոցը նպատակների սահմանման նամակն է (Statement of Purpose)․ սա շատ լավ հնարավորություն է փայլելու և միանգամից առանձնանալու հազարավոր այլ դիմորդներից, ովքեր նույնքան խելացի են, հմտավարժ ու մոտիվացված։ Օգտագործեք այս հնարավորությունը՝ ներկայացնելով Ձեր հատուկ հմտությունների ու նպատակների ամբողջական, անկեղծ պատկերը։

1. Ճշգրիտ ձևակերպեք Ձեր նպատակները

Դուք՝ որպես դիմորդ, պետք է կարողանաք հստակ ու համոզիչ հիմնավորել, որ տվյալ ծրագրով սովորելն ուղղակիորեն կօգնի Ձեզ իրագործել Ձեր նպատակները։ Նպատակները սահմանելիս փորձեք երկարաժամկետ մտածել։ Անպայման գրեք՝ ինչպես եք պատրաստվում իրագործել դրանք՝ հստակ քայլերով ու անելիքներով։ Անհրաժեշտ է նաև ընդգծել՝ ինչքանով է MBA (բիզնեսի կառավարման մագիստրոսական ծրագիր) ծրագիրը համապատասխանում Ձեր մասնագիտական/անձնական նպատակների իրագործմանը, և ինչքանով եք Դուք համապատասխանում այդ ծրագրի նպատակներին։ Կարևոր է նաև գրել՝ որն է Ձեր առանձնահատկությունը, այն տաղանդը, որը Ձեզ եզակի է դարձնում օժտված այլ երիտասարդների շարքում։ Հավակնոտ և իրագործելի նպատակների սահմանումը փաստում է նաև, որ Դուք բավականին հասուն եք, իրատեսորեն գնահատում եք թե՛ Ձեր ուժեղ, թե՛ զարգացման ենթակա կողմերը։

2. Անկեղծ եղեք Ձեր մասին պատմելիս

Ի տարբերություն այլ ծրագրերի, որոնց դեպքում ավելի ընդհանուր գրված մոտիվացիոն նամակ է պահանջվում, MBA ծրագրի ընդունելության նամակում անհրաժեշտ է հստակ տվյալներ ու կոնկրետ քայլեր ներառել։ Ուրեմն ամենակարևորն այս դեպքում անկեղծ լինելն ու իրականությունը ներկայացնելն է։ Մի փորձեք գունավորել իրականությունը․ դա անպայման կզգացվի։ Փոխարենը կենտրոնացեք Ձեր ուժեղ կողմերի վրա․ ընտրեք մի քանի առանձնահատկություն և պատմեք դրանց մասին հստակ, հակիրճ ու անկեղծորեն: Սահմանեք՝ ինչու է Ձեզ պետք MBA ծրագրով սովորելը, և ինչ խնդիրներ եք կարողանալու լուծել ձեռք բերած գիտելիքի ու հմտությունների շնորհիվ: Նշեք հատկապես Ձեր այն հատկանիշները, որոնք կարող են հետաքրքրել ընդունելության հանձնաժողովին (օրինակ` ձեռներեցային մտածողություն, սովորելու ձգտում, եռանդունություն, յուրահատկություն, տեսլական և այլն):

3. Ստեղծեք Ձեր անձնական բրենդը

Ընդունելության այս նամակը նաև լավ հնարավորություն է սեփական բրենդը ներկայացնելու համար։ Պետք է կարողանաք շատ լավ ցույց տալ առաջնորդին բնորոշ Ձեր հատկանիշները, որոշումներ կայացնելու վճռականությունը, այն նպատակները, որ պատրաստվում եք իրագործել MBA ծրագրի ավարտից հետո։ Փորձեք ոսկե միջին գտնել ինքնավստահության ու համեստության մեջ՝ անպայման առանձնանալով հիշվող ու ոչ ստանդարտ ասելիքով, ձևակերպումներով։ Հստակ ներկայացրեք Ձեր ունեցած հմտությունները, ինչպես նաև այն հմտությունները, որ ծրագրում եք ձեռք բերել ուսման շնորհիվ։

4. Վառ ու հիշվող պատմություն պատմեք

Միշտ կարելի է պատմել այնպիսի պատմություն, որը կտպավորի ընդունող հանձնաժողովին ու կհիշվի։ Մի օգտագործեք բարդ բառեր և կազմություններ․ հակիրճ ու պարզ շարադրեք մտքերը՝ փոխանցելով նույն գաղափարը կամ գաղափարները, որոնք նաև էսսեներում եք ներկայացնում։ Ձեր պատմությունը պետք է նաև համապատասխանի համալսարանի առաջադրած պահանջներին։ Համոզվեք, որ Ձեր ուսումնասիրության նեղ ոլորտը հատուկ է հենց այդ համալսարանին, այլապես Ձեր դիմումը կդիտարվի որպես ընդհանուր․ գրեք՝ ինչն է Ձեզ գրավում հենց այդ համալսարանում (դասընթացներ, դասախոսներ, ակումբներ, շրջանավարտներ և այլն)։


«Լույսի» համայնքը ողջունում է ձեր դիտարկումներն ու առաջարկները՝ բլոգի բովանդակությունը շարունակաբար հարստացնելու նպատակով։



* Պարտադիր է լրացնել բոլոր դաշտերը:

Back to top