ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Լույսի Գիտելիքի Բլոգ

4 խորհուրդ TOEFL քննության բանավոր խոսքի բաժինը լավ հանձնելու համար


Դեկտեմբեր 29, 2016 2775 դիտում

TOEFL-ի բանավոր խոսքի բաժինը շատ միջազգային ուսանողների համար ամենադժվարն է, քանի որ պահանջում է ոչ միայն լեզուն լավ ընկալելու, այլև մտքերը սահուն ձևակերպելու, արտահայտելու ունակություն։ Ուստի անհրաժեշտ է բավականին վաղ սկսել պատրաստվել քննության այս բաժնի համար և ուսուցումն առավելագույնս արդյունավետ դարձնելու համար օգտագործել տարբեր մեթոդներ։ Հուսով ենք, որ ստորև թվարկված կետերն օգտակար կլինեն և քննությանը պատրաստվելու գործընթացն ավելի թեթև ու հաճելի կդարձնեն:


ԽՈՍԵՔ, ԽՈՍԵՔ ՈՒ ԴԱՐՁՅԱԼ ԽՈՍԵՔ

Փորձեք անգլերեն խոսել հնարավոր բոլոր իրավիճակներում. խոսեք տանը՝ ընտանիքի անդամների հետ, խոսեք ընկերների և անգամ ինքներդ Ձեզ հետ։ Կարող եք նաև ընկերանալ լեզվակիրների հետ՝ անգլերեն հաղորդակցության հմտությունները բարելավելու նպատակով (եթե Ձեր շրջապատում չկան նման մարդիկ, փորձեք ընկերանալ նրանց հետ համացանցում՝ սոցիալական մեդիայի տարբեր հարթակներում)։ Ժամանակի ընթացքում լեզվակրի հետ շփումն ավելի ու ավելի անկաշկանդ, սահուն կդառնա, քանի որ կսկսեք անգլերեն մտածել ու մտքերն արագ ձևակերպել:


ՊԱՐԱՊԵՔ ԽՄԲՈՎ

Բանավոր խոսքի քննությանը պատրաստվելը հաճախ ավելի արդյունավետ է խմբային պարապմունքների ձևով. գտեք ընկերներ կամ ծանոթներ, ովքեր նույն քննությանն են պատրաստվում, և պարապեք նրանց հետ։ Քննության շատ հարցերի պատասխաններ կարող եք գտնել համացանցում։ Հերթով պատասխանեք այդ հարցերին և անպայման քննարկեք պատասխանելու ձևը, դիտարկումներ արեք իրար խոսքի վերաբերյալ։


ՁԱՅՆԱԳՐԵՔ ՁԵՐ ԽՈՍՔԸ

Եթե կաշկանդվում եք ուրիշների ներկայությամբ անգլերեն խոսելիս, ապա կարող եք նաև միայնակ պարապել։ Ձայնագրեք Ձեր խոսքը հարցերին պատասխանելիս, ապա լսեք ձայնագրությունը՝ վերլուծելով սխալները, վեր հանելով թույլ կողմերն ու դրանք հաղթահարելու մեթոդներ մշակելով: Համացանցում տեղադրված են նաև պատասխանների ձայնագրություններ. լսեք դրանք էլ՝ Ձեր պատասխաններն ամբողջական ու անթերի դարձնելու նպատակով:


ՊԱՏՐԱՍՏԵՔ ԲԱՆԱԼԻ ԲԱՌ-ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քննության ժամանակ շատ կարճ ժամանակ է տրվում բանավոր պատասխանները պատրաստելու համար, ինչը սրում է լարվածությունն ու շփոթություն առաջացնում: Ձեզ հատկացված ժամանակն արդյունավետ կերպով օգտագործելու համար նախապես պատրաստեք մի քանի ընդհանրական արտահայտություններ և բանալի բառեր. դրանք Ձեր խոսքին սահունություն կհաղորդեն, բացի այդ, ժամանակ կունենաք ի մի բերելու մտքերը և հստակ պատասխան ձևակերպելու:




«Լույսի» համայնքը ողջունում է ձեր դիտարկումներն ու առաջարկները՝ բլոգի բովանդակությունը շարունակաբար հարստացնելու նպատակով։



* Պարտադիր է լրացնել բոլոր դաշտերը:

Back to top