Ծնվել եմ 1989 թ-ին Երևանում: Շնորհիվ մեր ընտանիքում տիրող գիտական մթնոլորտի` մանկուց երազել եմ իմ ներդրումն ունենալ ֆիզիկայի բնագավառում: Հայրս ֆիզ-մաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է: Մայրս աշխատել է որպես ֆիզիկա, մաթեմատիկա և աստղագիտություն առարկաների ուսուցչուհի:
2002-ին ընդունվել եմ Երևանի “Քվանտ” վարժարանը և ավարտել այն 2006-ին: Դպրոցական տարիներին մասնակցել եմ ինչպես գիտական, այնպես էլ արվեստի հետ կապված մի շարք մրցումների: 2001 թ-ին կազմակերպված միջդպրոցական ասմունքի մրցույթում արժանացել եմ 2-րդ պատվավոր մրցանակին: 2004-ին “Քվանտ” վարժարանում կազմակերպված քիմիա առարկայի մրցույթում արժանացել եմ “Քվանտ վարժարանի քիմիայի մագիստրոս” կոչմանը: Մասնակցել եմ մի շարք օլիմպիադաների` մաթեմատիկա, ֆիզիկա և աստղագիտություն առարկաներից: 2006-ին գերազանցության կարմիր ատեստատով ավարտել եմ “Քվանտ” վարժարանը, ինչպես նաև պարգևատրվել գերազանցության ոսկե մեդալով:
Նույն թվականին ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետ: Այստեղ սովորելու ընթացքում կազմակերպել և մասնակցել եմ մի շարք ուսանողական միջոցառումների: 2008-ի ապրիլ-մայիս ամիսներին մասնակցել եմ CQG IT ընկերության կազմակերպած դասընթացներին C++ և OOP ծրագրավորման լեզուներից:
2008-ից SPIE (The International Society for Optics and Photonics) գիտական կազմակերպության անդամ եմ: SPIE-ի հիմնական դերը միջազգային կոնֆերանսների և սեմինարների կազմակերպումն է: 2009-ին իմ ղեկավարությամբ լույս է տեսել գիրք - ուղեցույց ֆիզիկայի ֆակուլտետի ամբիոնների և դասախոսական կազմի մասին: Նույն թվականին մասնակցել եմ MPOP (Modern Problems in Optics and Photonics) միջազգային կոնֆերանսի կազմակերպչական աշխատանքներին:
2009-ին մասնակցել եմ նաև գիտական սեմինարի Բյուրականի աստղադիտարանում: Դրա հիմնական նպատակն էր ուսանողներին ծանոթացնել աստղադիտակների աշխատանքի սկզբունքներին, ինչպես նաև մինչ այժմ այդ բնագավառում կատարված փորձերին և հայտնագործություններին: Մասնակցել եմ նաև աստղերի և լուսնի դիտումների: 2009-ին ներկայացվել եմ ԵՊՀ-ի անվանական կրթաթոշակի: 2008-ից ֆիզիկայի ֆակուլտետի օպտիկայի ամբիոնի ուսանող եմ:
Կատարել եմ երկու կուրսային աշխատանք` նվիրված հեղուկ բյուրեղական բևեռացումային ցանցերի ուսումնասիրությանը: Դիպլոմային աշխատանքս հիմնված էր չիպավորված անիզոտրոպ դիֆրակցիոն ցանցերի հատկությունների ուսումնասիրության վրա:
2010 թ-ին ստացել եմ բակալավրի աստիճան և ընդունվել Ցյուրիխի տեխնոլոգիայի ինստիտուտ` խորացնելով գիտելիքներս իմ ընտրած բնագավառում: Հիմնական նպատակս է նպաստել Հայաստանի Հանրապետությունում գիտության զարգացմանը, հետագայում կապեր հաստատել մեր և արտասահմանյան մեծ ճանաչում վայելող համալսարանների և գիտական ինստիտուտների միջև:
Կարծում եմ գիտության տարբեր ճյուղերի և հատկապես ֆիզիկայի առաջընթացը մեծապես կնպաստի մեր երկրի արագ զարգացմանը: Վերջինս պետք է լինի հայ երիտասարդության գլխավոր նպատակներից մեկը:
English
Հայերեն


