Ծնվել և մեծացել եմ Երևան քաղաքում: 2004 թ.-ին ստացել եմ բակալավրի կոչում` գերազանցությամբ ավարտելով Երևանի պետական համալսարանի անգլերեն լեզու և գրականություն բաժինը: 2006 թ.-ին ավարտել եմ Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության բաժինը: Այստեղ սովորելու ընթացքում ստացել եմ գերազանցության կրթաթոշակ: Ամերիկյան համալսարանում նաև ստացել եմ վկայական մեկ տարի տևողությամբ Բնապահպանական գիտություն և պահպանություն ընտրովի առարկայից, որը որոշիչ դարձավ իմ ապագայի համար: Այս ծրագրում սովորելու ընթացքում 2 ամիս աշխատել եմ նաև ԱՄՆ-ի Ռայս hամալսարանում` որպես կամավոր գիտաշխատող:
Ավարտելուց հետո աշխատել եմ տարբեր հասարակական կազմակերպություններում, իրականացրել եմ Հայաստանի անտառներին և բնապահպանության տարբեր ոլորտներին առնչվող հետազոտական աշխատանքներ, ինչպես նաև ստեղծել եմ փոքրիկ էկո-գրադարան մի մարզային անտառտնտեսությունում: Մասնակցել եմ բազմաթիվ միջազգային ամառային դպրոցների, դասընթացների և համագումարների:
Մինչ վերջերս աշխատում էի որպես բնապահպանական կրթություն ծրագրի ղեկավար “Էյ-Թի-Փի” բարեգործական հիմնադրամում, որը գործում է Հայաստանում և ԱՄՆ-ում: Իմ ընթացիկ աշխատանքը և էկո-կրթության ծրագրերը ներառում են ինչպես Հայաստանի քաղաքային և գյուղական համայնքները և բազմաթիվ դպրոցները, այնպես էլ ԱՄՆ-ի ու Եվրոպայի հայ համայնքները:
Ներկայումս ուսանում եմ Լոնդոնի համալսարանական քոլեջի Բնապահպանություն և կայուն զարգացում մագիստրոսական ծրագրում: Ապագայում կուզենայի ձեռք բերած գիտելիքներս օգտագործել բնապահպանական մշակույթի տարածման բնագավառում և մասնակցել իմ երկրի կայուն զարգացման գործընթացում, որ տնտեսական աճը զուգակցվի բնության պահպանության հետ: